Home / Մարզեր / Ղարաբաղում ոչինչ չի փոխվել․ Բակո Սահակյանը պետք է հեռանա

Ղարաբաղում ոչինչ չի փոխվել․ Բակո Սահակյանը պետք է հեռանա

Ղարաբաղի իշխանությունները փորձել են կանխել «Ազգային վերածնունդ» կուսակցության հանրահավաքը Ստեփանակերտի կենտրոնում։ Հունիսի 13-ի հավաքի նպատակն էր՝ տեղեկացնել հանրությանը տեղի քաղաքական իրավիճակի շուրջ կուսակցության անցկացրած հանրային խորհրդակցությունների արդյունքների մասին։

Կուսակցության անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այսօր ֆեսբուքյան իր էջով հայտնել է, որ երեկ առավոտյանն ինքն ու պատգամավոր Հայկ Խանումյանը հրավիրվել են Ստեփանակերտի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ հավաքը թույլատրված չէր։

Տիգրան Գրիգորյանն քաղաքի ավագանուն բացատրել է՝ ինչու քաղաքապետարանին չէին իրազեկել․ նախկինում 4 անգամ դիմել են քաղաքապետարան հավաք անցկացնելու մասին թույլտվություն ստանալու և բոլոր այդ դեպքերում մերժում են ստացել։ Հավաքի մասին քաղաքպետին չեն իրազեկել նաև, քանի որ վերջինս նախկինում ասել է՝ «մի խաբնվեք այդ օրենքին»՝ նկատի ունենալով Սահմանադրության հոդվածը հավաքների ազատության իրավունքի մասին։

Գրիգորյանը պատմում է, որ Ստեփանակերտի ավագանու անդամները ավելի ծիծաղելի հիմնավորումներ են բերել․ նրանցից մեկն ասել է, որ քաղաքի Վերածննդի հրապարակը սուրբ հրապարակ է, սուրբ վայր է նաև Ազատամարտների փողոցը։

Ժամը 17.00-ին Վերածննդի հրապարակը շրջափակվել է ոստիկանական ուժերի կողմից, որոնք նույնիսկ լրագրողներին թույլ չեն տվել մտնել հրապարակ։ «Սա ուղղակի խայտառակություն է։ Սա ցույց է տալիս, որ ոչ մի բան չի փոխվել։ Բակո Սահակյանը շարունակելու է աշխատել նույն մեթոդներով։ Ոստիկանության ղեկավարությունը շարունեկելու է լինել նրա հլու ծառան», – ասել է Տիգրան Գրիգորյանը։

Նա հայտարարել է, որ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա և պաշտոնակատար պետք է նշանակվի ժամանակավոր նախագահ, ով կհայտարարի, որ 2020 թվականի ընտրություններին չի մասնակցի։ Պահանջներից երկրորդը՝ Ազգային ժողովի նախագահի հրաժարականն է։

Գրիգորյանն ասել է, որ հավաքից առաջ իրենց շատ աջակիցներին ահաբեկել են, շատերին մոտեցել են հանրահավաքի ընթացքում և պահանջել հեռանալ։

Պատգամավոր Հայկ Խանումյանը ևս գրել է հանրահավաքը խափանել փորձող իշխանության մասին․ «Տարբեր պաշտոնյաների հետ մեր շփումներում նշել էինք, որ սպասում ենք 120-300 հոգու մասնակցություն: Այս ամենը սարսափեցրել էր Բակո Սահակյանին, սկսեցին լուրեր տարածվել առաջնագծի վերաբերյալ, տարբեր գործիչներ սկսեցին գնալ բնկավայրեր՝ բնակչությանը ահաբեկելու ադրբեջանական հարձակմամբ՝ խնդրելով զերծ մնալ հավաքների մասնակցությունից:

Տարբեր իշխանական քարոզիչներ, սկսած ՄԻՊ Ռուբեն Մելիքյանից մինչև լատինատառ գրող ֆեյքեր, սկսեցին տիրաժավորել սահմանում առկա վտանգավոր վիճակի մասին լուրերը: Ստեփանակերտի քաղաքապետարանը հանկարծ հիշեց, որ քաղաքում տեղի են ունենում չարտոնված հավաքներ, իսկ Ազգային ժողովում հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, շատ նման 2016թ. հունիսի 6-ի խորհրդակցությանը, որտեղ տեղի էր ունեցել իմ անձի դեմոնիզացումը և ինչն էլ ավարտվել էր ԱԺ շենքի մոտից իմ առևանգումով և դաժան ծեծով»։

լուսանկարը՝ Հայկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից