Home / Մարզեր / Սովետական հիմնարկի պահապանը

Սովետական հիմնարկի պահապանը

Հայկ Իսախանյանին հանդիպեցի «Լրագրողական մեդիատուր դեպի Վայոց ձոր» ծրագրի շրջանակներում։ Նա «Տարոն» ԲԲԸ տնօրենն է, ով տարիներ շարունակ հսկում է Եղեգնաձորի երբեմնի հսկա կարի ֆաբրիկան։ Իսախանյանը երազանք ունի վերագործարկել հիմնարկը, չի դադարում խնամել հաստոցները։

Այստեղ աշխատել է 1200 մարդ, որից 95 տոկոսը՝ կանայք։ Տարածքը թանգարան է հիշեցնում՝ սովետական մթնոլորտով, պաստառներով, Լենինի նկարով սենյակներից մեկում, «Գետին»՝ 1920 թվականի գերմանական կարի մեքենայով։ Ֆաբրիկան, ըստ Իսախանյանի, գրավում է Սովետական Հայաստանով հետաքրքրվող զբոսաշրջիկներին։

Գործարանը սեփականաշնորհվել է 90-ականների վերջում, այդ օրվանից հետո ՊԵԿ-ը դատի է տվել կազմակերպությանը։ Միայն 2 ամիս առաջ է դատավարությունն ավարտվել ի օգուտ «Տարոն» ԲԲԸ տնօրենի։ Հայցապահանջի մեջ հսկայական թիվ էր գրված, որը կազմակերպությունը պետք է վճարի պետությանը, սակայն դատավարության ընթացքում տնօրենին հաջողվել է ապացուցել, որ ինքը սնանկ է։

22 տարվա դադարից հետո Իսախանյանը պլանավորում է նոր հաստոցներ ձեռք բերել, գորգերի արտադրությունը թարմացնել, նոր աշխատատեղեր բացել, գյուղացուց ոչխարի բուրդ գնել, հայրենի Եղեգնաձորին նոր շունչ տալ։

Պահարաններում մինչև հիմա պահպանվել են սովետական օճառը, բանվորուհիների կոշիկները, պատերին փակցված են առաջադեմ աշխատավորների լուսանկարները։ Հայկ Իսախանյանն ասում է՝ իրենք հիմա տատիկներ են, և չի մոռանում շեշտել, որ բաց բաժնետիրական ընկերության համասեփականատեր են նաև իրենց լավագույն աշխատողները, ովքեր հիմնադրել են և շահագործել են ֆաբրիկան։