Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը ապրիլի 18-ին դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ ուղարկելով նամակի օրինակները վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Բնապահպանության նախարարության ներգրավվումից ի վեր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի կերպ չի մասնակցում գործի քննությանը, գործի ընթացքում քննվող որևէ հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում դատարանը չի ստացել։ Ի դեպ այդ ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր։ Բնապահպանության նախարարության ներկայությունը դատական պրոցեսին զուտ ֆիզիկական է, ներկայացուցիչները զուտ մասնակցում են դատական նիստերին, մինչ օրս դատարանը չի ստացել Բնապահպանության նախարարության որևէ դիրքորոշում հայցի և դրա քննության ընթացքում առաջացող իրավական բազմաթիվ խնդիրների վերաբերյալ։ Իհարկե, դատավարության մասնակցի ներկայացվածության ռազմավարությունը վերջինիս իր հայեցողության տիրույթում է, սակայն դատարանի Վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով լիազորված է հեռացնելու ներկայացուցչին, եթե տվյալ անձը ունակ չէ դատարանում ներկայացնել կողմին, այս լիազորության իրացման համար դատարանին անհրաժեշտ է իմանալ՝ ՀՀ շահերի ներկայացվածության պասիվությունը ձեր գերատեսչությունների պաշտոնական մոտեցու՞մն է, թե ներկայացուցիչների պատրաստվածության խնդիրը։ Խնդրում եմ հնարավորինս կարճ ժամկետում քննարկել այս խնդիրը և արդյունքների մասին տեղեկացնել դատարանին»։
Պատասխան նամակով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը գրել է․
«Ձեր գրությամբ հիշատակված վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածը չի կարող Բնապահպանության նախարարությանը վերաբերել, քանի որ այն վերաբերում է բացառապես կողմերին՝ հայցվորին կամ պատասխանողին, մինչդեռ Բնապահպանության նախարարությունը սույն գործով հանդես է գալիս որպես 3-րդ անձ։
Եկրորդ՝ 2015 թ ապրիլի 2-ին հայցվորները հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան, ինչը դատարանի կողմից ընդունվել է վարույթ։ Վարչական դատարանը հանգել է այն եզրակացության, որ Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ եզրակացությունը վարչական ակտ չի, և եզրակացությունը հայցադիմումի ընդունումը մերժել է։ Բնապահպանության նախարարությունը 2015-2018 թթ․ այս գործով մասնակից չի եղել, իսկ 2018-ի դեկտեմբերի 13-ից նշանակվել է գործով պատասխանող։
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից հարուցված գործի շրջանակներում քրեական գործով քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թ․ նշանակվել է Էկոլոգիական երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, երկրաշինարարատեխնիկական, տնտեսագիտական և մի շարք այլ ոլորտներին վերաբերվող փորձաքննություն, որով մի շարք հարցեր են առաջադրվել Լիդիան Արմենիա կազմակերպության կողմից թույլտվությունների ձեռքբերման և շինարարական աշխատանքների կազմակերպմանը և իրականացման թույլտվությունների ստացման ընթացքում սահմանված նորմատիվային պահանջներին և միջազգային չափորոշիչներին պահպանված լինելուն»։
Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը ներառում էր նաև վարչական դատարանում քննվող մեկ այլ գործ՝ Ջերմուկ համայնքի 19 քաղաքացիներն ընդդեմ նախարար Էրիկ Գրիգորյանի գործով արված միջնորդությանը, որտեղ Խաչատուր Խաչատրյանը, ով նախարարի փաստաբանն է, միջնորդել էր կասեցնել այդ գործի քննությունը, մինչև վերը նշված քննչական կոմիտեի վարույթում գտնվող գործի ավարտը։ Այդ գործով մյուս դատավորը մերժեց միջնորդությունը, որը ենթակա չէ բողոքարկման։
Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանն ասաց, որ 23-րդ հոդվածը կիրառելի է նաև 3-րդ անձի վրա այնքանով, որքանով օգտվում է բոլոր կողմերի իրավունքից և կրում է համահավասար պարտականություններ։ «Ինձ որպես դատավորի անհրաժեշտ էր տեղեկանալ՝ նախարարության պատշաճ ներկայացվածությունը և պասիվությունը դատավարության ընթացքում դա նախարարության դիրքորոշո՞ւմն է, թե՞ մասնակիցների թերացումը։ Ես նախարարի պատասխանից առնվազն տեղեկացա, որ այդ քաղաքականությունը հենց կառույցի և նախարարի դիրքորոշումն է։ Ինքը քաջատեղյակ է գործի ընթացքից և առնվազն իր տեղեկացվածությամբ է այդ ամենը տեղի ունենում»։
Դատավորը իր զարմանքն արտահայտեց նախարարության ներկայացուցիչների վարքագծի վերաբերյալ, ասելով, որ 2018 թ․ օգոստոսից Շրջակա միջավայրի նախարարությունը ներգրավվել է որպես 3-րդ անձ պատասխանողի կարգավիճակում, սակայն ոչ մի անգամ տեղյակ չի պահել դատարանին Քննչական կոմիտեում քննվող գործի մանրամասներից։
«Հետաքրքիր է, ինչու՞ մենք տեղյակ չենք, արդյոք այս գործի քննության հետ կապ չունեցող փորձաքննություն է նշանակված, եթե նշանակություն ունի, ինչու նախարարությունը քաջատեղյակ լինելով այդ փորձաքննությունից, դատավարությանը դա չի ներկայացրել, մենք էլ ենք փորձաքննություն իրականացնում։ Ստացվում է, որ պետությունը տարբեր ընթացակարգերով իր պետական ռեսուրները օգտագործելով իրարից անտեղյակ գործողություն է իրականացնում։ Այսինքն, ստացվում է մի ձեռքը չգիտի, թե մյուս ձեռքը ինչով է զբաղված»։
Լիդիան Արմենիայի փաստաբան Սայաթ Բադալյանն էլ հավելեց, որ փորձագետ Ռայկինի կողմից ներկայացվելիք կարծիքը ուշանում է Մաքսային ծառայության և ԱԱԾ-ի հետ քաշքշուկների պատճառով։