Լրագրողական արշավի շրջանակներում այցելեցինք Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ գյուղ, որտեղ հանդիպեցինք համայնքապետ Արթուր Ստեփանյանին։ Շատինում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գյուղապետն ասաց, որ շուտով համայնքը կունենա մանկապարտեզ։
Հիշեցնենք, որ մեկ տարուց ավել է Եղեգիս խոշորացված համայնքում բողոքի ակցիաներ էին անցկացվում գյուղապետի հրաժարականի պահանջով։
«Այս տարի մենք պետք է հասցնենք շենքը ներսով, դրսով ռեմոնտ անենք։ 82 մլն դրամի նախահաշիվ ա կազմվել, 16 մլն մեր միջոցով է, մնացածը՝ սուբսիդավորմամբ»։
Եղեգիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանը համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի՝ մանկապարտեզի շուտով բացման վերաբերյալ խոսքերին չի հավատում․ «Այս պահի դրությամբ մանկապարտեզում ոչ մի գործ չի արվել, դժվարանում եմ հավատալ, որ տարվա վերջ մանկապարտեզ կունենանք։ Մենք գնացել ենք մարզպետարան, գյուղապետի ներկայությամբ հունվարին պայմանավորվեցինք մարզպետի ու փոխմարզպետի ներկայությամբ, որ սեպտեմբերին Շատինում մանկապարտեզի բացումը լինի, բայց հունիս ամիսը վերջանում է, մանկապարտեզի տարածքում գործ չի արվել, խիստ կասկածում եմ, որ մանկապարտեզը ավարտուն տեսք ունենա։ Ես գյուղապետին չեմ հավատում»։
Ավագանու խոսքով, մարզպետարանն ամեն ինչ արել է, որ Շատինում մանկապարտեզ լինի, համաֆինանսավորում՝ 40/60 տոկոսով ծրագիրը պետք է իրականացվի, սակայն դեռ քայլեր չեն արվել։
Համայնքապետ Արթուր Ստեփանյանի խոսքով, Շատինում 40 երեխա հազիվ լինի, իսկ ավագանու անդամը պնդեց հակառակը․ 50 և ավել երեխա կա միայն Շատինում, իսկ կողքի Արտաբույնք գյուղի հետ 74 մանկապարտեզային տարիքի երեխաներ կան։
«Տարվա վերջի մասին խոսակցություն չի եղել, ես ասել եմ՝ սեպտեմբերի 1-ին մանկապարտեզ լինի։ Այս պահի դրությամբ 20 երեխա գնում է մեր գյուղից 13 կմ հեռավորության վրա գտնվող Գետափ համայնքի մանկապարտեզ, ծնողներն են տանում իրենց միջոցներով՝ ով ունի հնարավորություն, աշխատում է ժամը 8։30-17։00»։
Ստորև ներկայացված 2017 թվականի փաստաթղթերը, Արթուր Ստեփանյանի պնդմամբ, չկային, սակայն մարզպետ Տրդատ Սարգսյանն ու փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը գտել են դրանք։ Փաստաթղթերով սահմանված է մանկապարտեզի տարածքը և շենքը։ Սակայն ցուցակում Շատինի գյուղի բալանսի վրա այդ շենքը չկար։
Թեհմինե Ենոքյան