Լրագրողական արշավի շրջանակներում այցելեցինք 500-հոգանոց Հառիճ գյուղ, որը հայտնի է մոտավորապես 7-րդ դարի Հառիճավանք եկեղեցիով։ Տեղացիները ապրում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Հանդիպեցինք երկու դասարանցիների, ովքեր քաղաքական բանավեճի բռնվեցին։
Տիգրան Մանվելյանը, ով շաքարային դիաբետ ունի, ասում է, որ դեղորայքը թանկացել է 40 տոկոսով, շուկան անվերահսկելի է, միայն Երևանն է ուշադրության կենտրոնում, մարզերը չեն վերահսկվում։ «Հեղափոխության օրերին երիտասարդներին օգնել եմ, կըսեյի էրեխեք ջան, գնացեք, մենք 90-ական թվականներին արեցինք մի հատ հեղափոխություն, մեզ խայտառակեցինք․․․ Ես որպես քաղաքացի իմ կյանքի վրա ոչ մի բան չեմ զգում որպես փոփոխություն»։
Դասարանցին՝ Վարդան Հարությունյանն էլ հակադարձեց, թե ինչու է այդքան տխուր ներկայացնում պատկերը․ ժամանակ է պետք փոփոխությունների համար, պետք է դրսի համար շուկա դառնանք, կփոխվի ամեն ինչ, ժամանակ տանք նոր կառավարությանը։
Տիգրան Մանվելյանի առաջարկած լուծումը՝ հստակեցնել, թե ինչ հարց է լուծվում, ով է լուծում ինչ ժամկետներում և ինչպես է լուծվում, թե չէ զեկույցներով բան չի փոխվի։ Ասում է՝ ինքն էլ կարող է ճոխ ներկայացնի, լրագրողները զարմանան, թե ինչ հրաշալի երկրում ենք ապրում, բայց դրանից վիճակը չի փոխվի․ մեկը պետք է, որ հստակ ճշմարտությունն ասի։