Հոնկոնգի ղեկավար Քերրի Լեմը հայտարարել է, որ հետ է կանչում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ ադմինիստրատիվ շրջանից հանցագործներին մայրցամաքային Չինաստան արտահանձնման մեծ ռեզոնանս առաջացրած օրենքի նախագիծը։
Օգոստոսի 2-ին համացանցում ձայնագրություն էր հայտնվել, որում Լեմն իր վրա էր վերցնում Հոնկոնգում ստեղծված քաղաքական ճգնաժամի ողջ պատասխանատվությունը։ Այդ ձայնագրության մեջ նա նշում էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հրաժարական տալ։ Նույն օրն ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեմը հերքել է պաշտոնը թողնելու մասին տեղեկությունը։
Արտահանձնման մասին օրենքի նախագիծը ներկայացվել էր 2019-ի ապրիլին։ Դրանից հետո Հոնկոնգում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել՝ նախագիծը չեղարկելու պահանջով։ Արտահանձնմանը դեմ ցուցարարները պնդում էին, որ այդ նախագծով ոտնահարվում են Հոնկոնգի բնակիչների իրավունքները և որ այն կարող է օգտագործվել չինական կառավարության մասին քննադատաբար արտահայտվողներին վախեցնելու և լռեցնելու համար։
Հոնկոնգում հանրահավաքները շարունակվում են արդեն 13 շաբաթ։ Սկզբում ցուցարարները պահանջում էին օրենքի նախագծի չեղարկումը։ Ավելի ուշ պահանջների ցանկն ընդլայնվեց․ ցուցարարները պահանջում էին Քերրի Լեմի հրաժարականը։