Home / Եկեղեցի / Եկեղեցական մաֆիան հիասթափեցնում է ռուսահայերին

Եկեղեցական մաֆիան հիասթափեցնում է ռուսահայերին

Սիբիրի, Պովոլժիեյի և Ուրալի հայկական հասարակական կազմակերպությունների առաջնորդները Ռուսաստանի Հայկական Առաքելական եկեղեցու թեմին մեղադրում են զավթումների, ագահության, կառավարման ավտորիտար ձևի և համայնքի մեջ կռիվ գցելու փորձերի մեջ։ Եկեղեցին ասում է, որ այս մեղադրանքները տգիտության ու սնափառության հետևանք են, հայտնում է Բի-բի֊սի֊ի ռուսական ծառայությունը։

Իժևսկի բնակիչ Արսեն Մոսոյանը հինգ տարի փորձել է կնքել դստերը․ «Տասնյոթ անգամ թեմ ենք զանգել, խնդրել ենք քահանա ուղարկել։ Ոչ ոք չեկավ»։ Մոսկվայից հեգևորականի գալուն սպասելուց հուսահատված, Իժևսկի հայերը Հայաստանից վանական հրավիրեցին։ Այդպես նրանք հայտնվեցին Հայկական եկեղեցու ներսում տարիներով հասունացած հակամարտության կենտրոնում, որն ի հայտ եկավ միայն հիմա։

Արսեն Մոսոյանն Իժևսկում է արդեն 26 տարի։ Պսկովի Օդային զորքերի դիվիզիայում ծառայելուց հետո վերադարձել է Ուդմուրտիա և շինարարական բիզնես սկսել։ Երբ հայկական համայնքը որոշել է Իժևսկում տաճար կառուցել, օգնել է։  Աշխատանքից հետո ընկերների հետ եկել է ապագա եկեղեցու տարածք, հիմքերն են գցել, պատերն են շարել, անձամբ է բետոն արել։

Տաճարը կառուցվում էր Ուդմուրտիայի հայկական հասարակական կազմակերպության, տնօրեն Մնացական Առաքելյանի ու մի բաշկիրիացի ձեռնարկատիրոջ միջոցներով։ Մոսոյանի խոսքով, Առաքելական եկեղեցու ռուսական թեմը շինարարությանը չի մասնակցել։

2012 թվականին տաճարի շինարարությունն ավարտվել է։ Համայնքը դիմել է Եզրաս արքեպիսկոպոսին (կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբայրը)՝ եկեղեցին օծելու և Մոսկվայից քահանա ուղարկելու խնդրանքով։ Ի պատասխան, արքեպիսկոպոսը խնդրել է թեմի անունով ձևակերպել եկեղեցու և հարակից տարածքների սեփականության իրավունքն ու կանոնադրություն ընդունել, որով կառավարումը փոխանցվում է Մոսկվայից նշանակված վանահորը։

Համայնքն այս պայմանները բավարարել է, բայց եղեկեցին այդպես էլ չի օծվել։ Ինչպես Բի֊բի֊սի֊ին փոխանցել է համայնքային կազմակերպության նախագահ Առաքելյանը, թեմը ևս երկու պայման է ավելացրել․ համայնքից պահանջվում էր վճարել Մոսկվայից ուղարկված քահանայի աշխատավարձը (բացի կատարվող ծեսերից ստացված շահույթից) և թեմի «կայունացման հիմնադրամին» 1.2 մլն ռուբլի փոխանցել։ Այս պայմանների մասին Բի֊բի֊սի֊ի հարցին թեմից չեն պատասխանել։

Մոսկվայից նշանակված քահանան իրավապես դարձել է ծխական համայնքի առաջնորդը, բայց Իժևսկ այդպես էլ չի եկել։ Արդյունքում, համայնքն արդեն յոթ տարի է եկեղեցու տարածքում ազգային տոներ է նշում, երեխաների հետ պարապմունքներ են կազմակերպվում, բայց հենց տաճարն ու դրան հարակից շինությունը՝ քահանայի տունը, մնացել են դատարկ։

Այսպիսի կոնֆլիկտներ այժմ կարելի գտնել նաև Ալթայում, Կեմերովոյի, Կիրովի, Նովոսիբիրսկի և Սվերդլովսկի մարզերում։ Ավելի վաղ նման խնդիր եղել էր նաև նույն թեմի կազմում գտնվող Ռիգայի ծխական համայնքում։ Աշխարհիկ համայքնի կուտակված դժգոհությունների մասին են խոսում նաև Մոսկվայի նախաձեռնող խմբերը։

Բի֊բի֊սի֊ի պաշտոնական հարցմանն ի պատասխան, թեմի մամուլի քարտուղարը հետևյալ նամակն է ուղարկել (ներկայացնում ենք ամբողջությամբ)․ «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ծխական կյանքում որևէ տեսակի խնդիրներ չկան։ Եթե որոշ անհատներ, սեփական առևտրական շահով առաջնորդվելով, շահարկում են ծխական կառույցի անունը, դա եկեղեցու խնդիրը չէ։ Հետևաբար, ձեր բարձրացրած խնդիրները որևէ կապ չունեն թեմի և եկեղեցիների միջև իրականցվող ազգային֊հոգևոր գործունեության հետ»։

Այդպես փակվեց Կեմերովի մարզի Նովոկուզնեցկի հայկական եկեղեցին։ Տաճարը տեղի համայքն էր կառուցել, իրենք էլ վճարում էին Մոսկվայից ուղարկված քահանայի աշխատավարձը։ Բայց թեմը բարձրացրեց իրականցվող ծիսակատարությունների գները։ Ծխականները սկսեցին դժգոհություններ հայտնել, ինչից հետո քահանան պարզապես հեռացավ, իբր՝ տեղի խիստ կլիմայի պատճառով։

Նովոսիբիրսկում գործը դատարան հասավ։ Ինչպես և մյուս բնակավայրերում, համայնքն իր միջոցներով  եկեղեցի էր կառուցել, գրանցել թեմի անունով, Մոսկվայից ուղարկված ծխական կանոնադրությունն ընդունելով կառավարումը փոխանցել էր թեմի մոտակա մասնաճյուղին։ Հետո կոնֆլիկտներ են սկսվում Մոսկվայից ուղարկված քահանայի հետ։ Տեղական բարերարների և քահանայի միջը հերթական վիճաբանությունից հետո, հովանավորներն անջատում են եկեղեցու ջեռուցումն ու էլեկտրաէներգիան ու գնում։ Արդյունքում, թեմի որոշմամբ ծխական խորհուրդը լուծարվում է, ավագները փոխարինվում են Մոսկվային լոյալ նոր մարդկանցով։

Լրիվ համանման ձևով, սեփական միջոցներով կառուցված եկեղեցու վերահսկողությունից զրկվեց նաև Կիրովի մարզի հայկական համայնքը։ Տաճարի կառուցման հովանավոր Ֆուրման Աբրահամյանը Բի֊բի֊սի֊ի հետ հարցազրույցում ասաց, որ խզել է կապերը արքեպիսկոպոսի հետ և նրա արարքները խիստ անվայել է համարում։

Սեպտեմբերի 1-ին Լեռնային Ալթայում հայկական խաչքարը ռուս քահանա է օրհնել։ Միմյանցից անկախ, Ալթայի Հանրապետության և Կեմերովոյի մարզի հայկական համայնքները հրաժարվել են դիմել Առաքելական եկեղեցու քահանաներին։ Ռուս քահանաներին հրավիրելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հայկական թեմից ասել են, որ խաչքարը կօծեն միայն եթե դրա տակ գտնվող հողը թեմի անունով գրանցվի։

«Հայ եկեղեցու հովիվները չեն, մաֆիա է ինչ որ», – ասում է Գեորգի Անտոնով-Միրզախանյանը Կեմերովոյից։ Դրանից հետո իրենք որոշեցին, որ «միջոցառման ժամանակ հայ քահանաներ չեն լինելու, միայն ռուս» և դիմեցին Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներին։  Հայկական խաչքարներ օծելու համար ռուս քահանաներ են հրավիրվել նաև Թաթարստանում և Վոլոգորոդի շրջանում։

Միասնություն չկա նաև Մոսկվայի հայ համայնքի ներսում։ «Հայկական եկեղեցին «գրավել են» մարդիկ, ովքեր զբաղված են ուրիշների սեփականության յուրացմամբ», – Բի֊բի֊բի֊ի հետ հարցազրույցում պատմեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի կառուցման հովանավոր Ռուբեն Գրիգորյանը։

2015 թվականին մոսկովյան եկեղեցու տարածքում հայկական թանգարան էր բացվել, բայց շուտով նրանց զրկեցին տարածքից։

Տաճարի շինարարական աշխատանքներում իր ավանդի համար Գրիգորյանը պարգևատրվել էր Առաքելական եկեղեցու բարձրագույն մրցանակով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան մրցանակ, սակայն Եզրաս արքեպիսկոպոսի հետ կոնֆլիկտից հետո նա դադարել է եկեղեցի գնալ և պահանջում է թեմի ղեկավարության փոփոխություն։

2015 թվականին Գրիգորյանը հովանավորել է «Մոսկվայի հայկական թանգարանի» ստեղծումը, ոգևորվելով Հրեական թանգարանով ու հանդուրժողականության կենտրոնով։ Սակայն բացումից կարճ ժամանակ անց արքեպիսկոպոսը որոշել է իր թանգարանը բացել և բարերարին ու նրա թանգարանը զրկել է հարթակից։ Թեմը դա բացատրել է նրանով, որ Գրիգորյանը սկսել էր միջոցառումները չհամաձայնեցնել հոգևորականների հետ և մուտքավճար էր պահանջում այցելուներից։ Գրիգորյանն այս փաստերը հերքում է։

«Ռուսաստանի մայրաքաղաքի հայ երիտասարդությունը Առաքելական եկեղեցու հիերարխիաների նկատմամբ միանգամայն բացասական վերաբերմունք ունի», – նշում է Ռուսաստանի հայերի միավորման ղեկավար և Գրիգորյանի հիմնած թանգարանի տնօրեն Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքերով «հոգևորականությունը երիտասարդության հետ շփման եզրեր չունի»։

Թեմի հետ տարաձայնություններիև բարդ հարաբերությունների օրինակների շարքում Տոնոյանն առանձնացնում է 2018 թվականին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցու միջադեպը։ Այդ ժամանակ մի քանի հարյուր մոսկվացի հայեր հավաքվել էին տաճարի տարածքում՝ ի աջակցություն Երևանում ընթացող քաղաքական ցույցերի մասնակիցների։ Շուտով եկեղեցու տարածք են ներխուժեցեւմ ոստիկանության ջոկատները, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվում է։

Տոնոյանն ինքը այդ օրը ձերբակալվել է հոգևորականի հետ խոսակցության ժամանակ։ Նա մինչ օրս վստահ է, որ ոստիկանությանն այդտեղ ուղարկել էր արքեպիսկոպոս Եզրասը։ Հայկական ԶԼՄ֊ների այս թեմային առձագանքից հետո, թեմի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ դա սուտ է և որ ոստիկանություն կարող էին զանգահարել մոտակա շենքերի բնակիչները։

Համայնքների մեղադրանքներն ու դժգոհությունները մեծամասամբ վերաբերվում են թեմի երկու գործիչներին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին (Ներսիսյան) և նրա ավագ եղբորը, կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով էլ հենց պատասխանատու է Եզրասին նշանակման համար։

Գարեգին Երկրորդն առաջնորդում է Հայ Առաքելական եկեղեցին 1999 թվականից։ Վերջին քսան տարիների ընթացքում ժողովուրդը, հոգևորականները և նույնիսկ երկու հայկական հովվապետեր՝ Երուսաղեմի և Կոնստանդնուպոլսի, քննադատել են նրա կառավարման ավտորիտար ոճն ուխիստ նվիրվածությունը եկեղեցական կյանքի նյութական կողմին։

հոդվածն ամբողջությամբ՝ Բի֊բի֊սի֊ի ռուսական ծառայության կայքում