Մարդիկ ամբողջ օրը, ամեն վայրկյան անհանգստանում են ամեն ինչի համար։ Անհանգստանում են օդի համար, ջրի համար, հողի համար։ Անհանգստանում են ինսեկտիցիդների, պեստիցիդների, սննդային հավելումների, քաղցկեղածին նյութերի, ռադոն գազի, ասբեստի, անհանգստանում են անհետացող տեսակների համար։
Թույլ տվեք պատմել ձեզ անհետացող տեսակների մասին, լա՞վ։ Անհետացող տեսակների պահպանությունը մարդկանց՝ բնությունը վերահսկելու հերթական մեծամիտ փորձն է, գոռոզ միջամտություն։ Հենց դա է մեզ դժվարությունների մեջ գցում առաջին հերթին։ Այս մոլորակի վրա երբևէ ապրած տեսակների ավելի քան, շա՜տ ավելի քան 90 տոկոսը վերացել է։ Հու՜հ։
Նրանք բնաջնջվել են։ Բոլորին մենք չենք սպանել։ Նրանք ուղղակի անհետանում են։ Հենց այդպես է վարվում բնությունը։ Մեր օրերում օրական 25 տեսակ անհետանում է, անկախ մեր պահվածքից։ Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք մեզ պահում այս մոլորակի վրա, 25 տեսակներ, որոնք այսօր կան, վաղը չեն լինի։ Թողեք պատվով հեռանան։ Հանգիստ թողեք բնությանը։ Մի՞թե արածներս քիչ է։
Այնքան ինքնահավան ենք։ Այսօր բոլորն ուզում են ինչ-որ բան փրկել։ Փրկե՛նք ծառերը, փրկե՛նք մեղուներին, փրկե՛նք կետերին, փրկե՛նք խխունջներին․․․
Ու մեծագույն գոռոզությունը՝ փրկե՛նք մոլորակը։ Ի՞նչ։ Ձեռ ե՞ք առնում։ Մոլորա՞կը փրկել։ Մենք նույնիսկ մեր մասին հոգ տանել չգիտենք։ Միմյանց մասին հոգ տանել չսովորեցինք՝ պատրաստվում ենք փրկել գրողի տարած մոլորա՞կը։
Հոգնել եմ Երկրի օրվանից, հոգնել եմ ինքնահավան բնապահպաններից, այդ սպիտակ բուրժուա լիբերալներից, ովքեր կարծում են, որ միակ սխալ բանն այս երկրում հեծանվային արահետների ոչ բավարար քանակն է։ Մարդիկ փորձում են աշխարհն անվտանգ դարձնել իրենց Վոլվոների համար։
Բնապահպանների տնգլին չի մոլորակը։ Գիտե՞ք ինչն է նրանց հետաքրքրում։ Մաքուր տարածք ապրելու համար՝ իրենց սեփական բնակավայրը։ Նրանք անհանգստանում են, որ մի օր ապագայում անհարմարություն կզգան հենց իրենք։ Նեղ, խավարամիտ ինքնակենտրոնացվածությունն ինձ չի տպավորում։ Մոլորակը լավ ա։ Մարդիկ են քաքի մեջ։ Մարդկանց համեմատ մոլորակը լավ դզված ա։ Մոլորակը գոյություն ունի 4.5 մլրդ տարի։ Մե՞նք։ Հարյու՞ր հազար։ Գուցե երկու հարյուր հազար, իսկ ծանր արդյունաբերության մեջ ենք մոտ երկու հարյուր տարի։ 200 տարին ընդդեմ 4.5 մլրդի։ Եվ մենք համարձակվում ենք մտածել, որ ինչ-որ իմաստով վտա՞նգ ենք, որ ինչ-որ ռիսկերի ենք ենթարկում այս կապտականաչ գունդը, որն ուղղակի լողում է արևի շուրջը։ Մոլորակը շատ ավելի վատ բաների միջով է անցել քան մենք ենք․ երկրաշարժեր, հրաբուխներ, սալերի տեկտոնիկա, մայրցամաքային դրեյֆ, արևային հրդեհներ, արևաբծեր, մագնիսական փոթորիկներ, բևեռների մագնիսական հակադարձում, աստղաքարերի, գիսաստղերի և աստերոիդների հարյուր հազարավոր տարիների ռմբակոծություններ, համաշխարհային ջրհեղեղներ, մակընթացության ալիքներ, համաշխարհային հրդեհներ, էրոզիա, տիեզերական ճառագայթներ, կրկնվող սառցե դարեր, և մենք կարծում ենք, որ պլաստիկ տոպրակներն ու ալյումինե բանկաները ինչ-որ բանի վրա ազդելո՞ւ են։
Մոլորակը մնում է, մենք ենք հեռանում։ Փասափուսեքը հավաքեք, ժողովուրդ, գնում ենք։ Շատ հետք չենք թողնելու, փառք աստծո։ Գուցե մի քիչ պենոպլաստ։ Մոլորակը դեռ կլինի, իսկ մենք վաղուց գնացած կլինենք։ Պարզապես ևս մի ձախողված մուտացիա։ Ընդամենը հերթական փակ կենսաբանական վրիպակ, էվոլյուցիոն փակուղի։ Մոլորակը մակերեսային զզվանքներիս ոջիլների պես թափ կտա։ Ուզում եք իմանալ, ի՞նչ բանի է մոլորակը։ Հարցրեք Պոմպեյի մարդկանց, որոնք քարեցել են հրաբխային մոխրի մեջ։ Ուզում եք իմանալ արդյոք մոլորակի հետ ամեն ինչ կարգին է, հարցրեք Մեխիկոյի, Հայաստանի կամ հարյուրավոր այլ տեղերի մարդկանց, որոնք թաղված են երկրաշարժերի փլատակների տակ, արդյո՞ք իրենք այս շաբաթ վտանգում են մոլորակը։ Ի՞նչ կասեք Կիլաուելայի կամ Հավայիի մարդկանց մասին, ովքեր իրենց տները կառուցում են ակտիվ հրաբուխների կողքին հետո զարմանում, որ հյուրասենյակ լավա է լցվել։
Մեր ոչնչանալուց դեռ երկար, երկար, երկար ժամանակ հետո մոլորակն այստեղ է լինելու և ինքնաբուժվելու է, ինքնամաքրվելու, քանի որ դա հենց այն է, ինչ նա անում է։ Դա ինքնաճշտվող համակարգ է։ Օդն ու ջուրը կվերականգնվեն, հողը կնորացվի, և եթե ճիշտ է, որ պլսատիկը քայքայվող չէ, ապա մոլորակը այն պարզապես կընդունի այն նոր պարադիգմայի մեջ․ երկիր գումարած պլաստիկ։
Մոլորակը չի կիսում պլաստիկի նկատմամբ մեր նախապաշարմունքները։ Պլաստիկն էլ է երկրի միջից։ Մոլորակը հավանաբար պլաստիկն ընդունում է, որպես իր զավակներից ևս մեկին։ Միգուցե երկիրը մեզ թույլ է տվել բազմանալ միայն մեկ պատճառով․ իրեն պլաստիկ էր հարկավոր։ Չգիտեր ոնց ստանալ, մեր կարիքն ուներ։ Սա կարող է լինել դարավոր փիլիսոփայական հարցի պատասխանը․
– Ինչո՞ւ ենք մենք այստեղ։
– Պլաստիկ, քաքլաններ։
Այսպիսով, պլաստիկն այստեղ է, մեր գործն արված է, կարող ենք ռադ լինել։ Սկսել ա, չէ՞ք կարծում։ Նկատի ունեմ, եթե ազնիվ լինենք, մոլորակը մեզ մեղմ վտանգ է համարում՝ մի բան, որով զբաղվել է պետք, բայց ես վստահ եմ, որ մոլորակը մեծ օրգանիզմին հարիր կպաշտպանի իրեն, ինչպես մեղուների փեթակը կամ մրջյունների գաղութը կկազմակերպեր իր պաշտպանությունը։ Վստահ եմ, մոլորակը մի բան կմտածի։ Ի՞նչ կանեիք, եթե լինեիք մոլորակը, որը փորձում է պաշտպանել զահլեն տանող, անհանգիստ տեսակներից։ «Վիրուսներ, վիրուսները լավ կլինեն, սրանք կարծես խոցելի են վիրուսների նկատմամբ։ Վիրուսները համ էլ ճարպիկ են․ պատվաստանյութ ստեղծվելուն պես միշտ մուտացիայի են ենթարկվում, նոր շտամեր ձևավորում։ Գուցե առաջինը այս արարածների իմունային համակարգն ախտահարող վիրուսը լինի։ Գուցե՝ մարդու իմունային անբավարարության վիրուսը, որը մարդուն ավելի խոցելի է դարձնում բոլոր հիվանդությունների ու ինֆեկցիաների նկատմամբ ու գուցե այն սեռական ճանապարհով փոխանցվի՝ հետ պահելով վերարտադրման պրոցեսում ներգրավվելուց։
Լավ, սա պոետիկ նոտա է։ Եվ սա սկիզբն է։ Կարող եմ երազել, չէ՞։ Ես չեմ անհանգստանում փոքր բաների համար՝ մեղուներ, ծառեր, կետեր, խխունջներ։ Կարծում եմ, մենք ավելի մեծ իմաստության մաս ենք, քան երբևէ կհասկանանք, ավելի բարձր կարգ․․․ ինչպես ուզում եք անվանեք։ Գիտե՞ք ես ինչպես եմ անվանում։ Մեծ Էլեկտրոն։ Մե՜ծ Էլեկտրոն։ Հուուուհ, հուուուհ, հուուուհ։ Այն չի պատժում, չի պարգևատրում, ընդհանրապես չի դատում։ Այն պարզապես կա, ինչպես և մենք․․․ մի որոշ ժամանակով։
Ջորջ Քարլին