հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել

Նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել

Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով նախկին ոստիկանապետ, պաշտպանության նախկին փոխնախարար, ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, հայտնում են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից։

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ

ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009 թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ», – ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:

«Արդյունքում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս», – հայտնում է Քննչական կոմիտեն:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով` «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել»: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար: Նախաքննությունը շարունակվում է», – ասված է հաղորդագրությունում։

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց, ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին ոստիկանապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո», — գրել է Աթանեսյանը։