Ռուսաստանի Քննչական կոմիտեի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Միխայիլ Խաչատուրյանի բռնի գործողությունները ծանր վնաս են հասցրել նրա դուստրերի՝ Կրիստինայի, Անգելինայի և Մարիայի առողջությանը։ Այս մասին մամլո հաղորդագրությամբ հայտնում են քույրերի փաստաբաններ Մարի Դավթյանը, Ալեքսեյ Լիպցերը, Յարոսլավ Պակուլինն ու Ալեքսեյ Պարշինը։
Մոսկվայի բժիշկ֊փորձագետները հաստատել են ավելի վաղ կայացված եզրակացությունը․ Խաչատուրյան քույրերի հոգեբանական խանգարումներն ուղիղ կապ ունեն Միխայիլ Խաչատուրյանի գործողությունների հետ։ Նյութերի քննության համաձայն քույրերի առողջությանը հասցված վնասը գնահատվում է որպես ծանր։
Փաստաբանների կարծիքով, նոր փորձաքննության արդյունքները ևս մեկ անգամ հասատտում են այն, որ քույրերի գտործողությունները անհրաժեշտ ինքնապաշտպանություն են եղել և նրանց քրեական հետապնդումը պետք է դադարեցնել։
Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին մեղադրում են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ: Նրա մարմինը գտնվել էր 2018 թվականի հուլիսի 27-ին, իրենց տան շքամուտքում, բազմակի կտրած-ծակած վնասվածքներով: