«Անկախ դիտորդ» դաշինքն, ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, համագործակցելով Անկախ լրագրողների ցանցի Epress.am լրատվամիջոցի հետ, կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել 2019 թ. սեպտեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ դիտարկելով համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները բոլոր 19 համայնքներում։ 17 համայնքում գործել է մեկական տեղամաս, որոնք բոլորը դիտարկվել են Դաշինքի դիտորդների կողմից։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում դիտարկվել է 4 տեղամասերից 1-ը։ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ևս դիտարկվել է 12 տեղամասերից 1-ը։ Արարատի և Արմավիրի մարզերում ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև Փարաքար և Արտաշատ համայնքների մյուս բոլոր տեղամասերը դիտարկելու նպատակով գործել է 3 դիտորդական շրջիկ խումբ: Առաքելության մեջ ներգրավված է եղել 38 դիտորդ, 6 ԶԼՄ ներկայացուցիչ, 1 իրավաբան, 3 մուտքագրող և 2 համակարգող:
2019 թվականի սեպտեմբերի 29-ի ընտրություններին մասնակցելու նպատակով 19 համայնքներում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 41 և համայքի ավագանու 106 թեկնածու։ Մինչև քվեարկության օրն ինքնաբացարկ է հայտնել համայնքի ղեկավարի 5 և ավագանու անդամների գրանցված 7 թեկնածու:
Դիտարկված տեղամասերից ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ արձանագրվել է հետևյալ իրավիճակը:
Տեղամասային կենտրոնների մատչելիությունը, կահավորանքը և հանձնաժողովի նիստը
– Դիտարկված տեղամասերից 5-ը գնահատվել է որպես բացարձակ անմատչելի, 1 տեղամաս ունեցել է թեքահարթակ, մյուսում աստիճանների վրա տեղադրվել է փայտե տախտակ, որը, սակայն, կոտրվել է առաջին իսկ փորձարկումից։ Եւս 4-ում տեղամասային կենտրոնի մուտքը հարթ է եղել։ Գետափ համայնքի քվեասենյակը տեղակայված է եղել 2-րդ հարկում, իսկ մատչելիությունը որևէ կերպ ապահովված չի եղել։
– Դիտարկված տեղամասերից 8-ում նախատեսված չի եղել, որևէ հատուկ միջոց տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության կազմակերպման համար:
– 1 քվեասենյակում քվեախցիկները տեղադրված են եղել այնպես, որ կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը:
– 1 քվեասենյակում քվեախցիկներում լուսավորության մակարդակը դիտորդները գնահատել են անբավարար:
– 1 քվեասենյակում փակցված չի եղել քվեարկության մասին իրազեկող որևէ տեղեկատվություն։
– Հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանության կարգը խախտվել է դիտարկված տեղամասերից 1-ում, ինչը նույնպես վերացվել է դիտորդի միջամտության արդյունքում։
– 2 տեղամասում դիտորդների գնահատմամբ հանձնաժողովի նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա են վերցրել հանձնաժողովի այլ անդամներ։
– 2 տեղամասում հանձնաժողովի նիստին փորձել են ներկա գտնվել երկու թեկնածու և թեկնածուների մեկից ավել վստահված անձ, սակայն հանձնաժողովների նախագահները արգելել են։
Քվեարկության ընթացքը տեղամասերի ներսում
– Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է 9 տեղամասում, որոնցից երեքում կրել է զանգվածային բնույթ։ Արձանագրված դեպքերը հիմնականում կապված են եղել ամուսինների հետ և գնահատվել են որպես չիմացության հետևանք։ Այնուամենայնիվ նկատվել է, որ հիմնականում այլ անձի միջամտությունը եղել է կանանց քվեարկության ժամանակ:
– Ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձանց օգնելու դեպքեր դիտարկվել են 12 տեղամասում, որոնցից 5-ում օգնող անձինք ոչ միշտ, իսկ 3-ում ընդհանրապես չէին հարցնում ընտրողների կարծիքը, դիտորդների գնահատմամբ օգնությունը ավելի շատ տրամադրվում էր կին ընտրողներին։ Թեև ընդամենը մի դեպքում է օգնողը եղել օգնելու իրավունք չունեցող անձ, սակայն 6 տեղամասում ընտրողներին օգնելը, դիտորդների գնահատմամբ, կրել է վերահսկողական բնույթ։
– Մինչդեռ դիտորդները չեն արձանագրել նույն անձի կողմից մեկից ավել ընտրելու օգնելու դեպքեր, մտահոգիչ է, որ առկա կարգավորումները դեռևս թույլ չեն տալիս այդ պրոցեսի վերահսկողությունը, ինչպես նաև չեն ապահովում ընտրողի կամքի ինքնուրույն արտահայտման հնարավորությունները։
– Վկայականը տեսանելի չեն կրել 5 տեղամասում, որոնցից 3 դեպքում վկայականը տեսանելի չեն կրել վստահված անձինք, երկուսում՝ լրագրողներ։
– Տեղամասերից 6-ում փորձ են արել միաժամանակ գտնվելու միևնույն թեկնածուի մեկից ավել վստահված անձինք, մեկ տեղամասում մուտք էր փորձել գործել թեկնածուն ևս մեկում միևնույն կազմակերպության երկրորդ դիտորդը։ Փարաքար համայնքում արձանագրվել է չհավատարմագրված լրագրողների ներկայությունը տեղամասում։ Բոլոր դեպքերում հանձնաժողովի նախագահները վերացնում էին խախտումը դիտորդների բարձրաձայնելուց հետո։
– Խախտումները և գնահատականները գրանցամատյանում չեն գրանցվել կամ ոչ միշտ են գրանցվել դիտարկված տեղամասերից 8-ում:
– Քվեարկության կարգը ընտրողին չեն ներկայացրել կամ ոչ միշտ են ներկայացրել 7 տեղամասում:
– Խախտումների առնչությամբ իրավասու անձինք գործողությունները չեն ձեռնարկվել 2 տեղամասում:
– 3 տեղամասում ընտրողը ներկայացել է այլ անձի փաստաթղթով, բոլոր դեպքերում դա եղել է պատահական սխալմունք։
– Քվեարկության մասին բարձրաձայնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից 6-ում, երկու դեպքում դիտորդների կողմից դա գնահատվել է որպես վերահսկվող քվեարկության արդյունք: Քվեախցիկից դուրս քվեաթերթիկի լրացման դեպք արձանագրվել է 12 տեղամասում, երբեմն շատ հաճախ կրկնվող, սակայն դիտորդների գնահատմամբ՝ այդ դեպքերը կապված չեն եղել ընտրողների վերահսկման հետ, այլ չիմացության ու գաղտնիության չկարևորման արդյունք էին, ինչպես նաև ոչ պատշաճ լուսավորության։
– Ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու դեպք արձանագրվել է միայն մեկ տեղամասում, տեխնիկական սարքի մասնագետի պնդմամբ՝ ցուցակներն ուսումնասիրելը ԿԸՀ֊ի պահանջ էր։ Միաժամանակ կարելի է պնդել, որ բոլոր համայնքներում վստահված անձինք ծանոթ էին ընտրողների ցուցակներին և պարզապես չունեին հավելյան ինֆորմացիայի կարիք։
– Վիճաբանություն գրանցվել է 6 տեղամասում՝ բոլոր դեպքերում վստահված անձանց մասնակցությամբ, հանձնաժողովների անդամների, մյուս վստահված անձանց, իսկ մեկ դեպքում լրագրողի և դիտորդի մասնակցությամբ։
– Գործառույթների հերթափոխը չի պահպանվել դիտարկված տեղամասերից ընդամենը 1-ում:
Քվեարկության ընթացքում տեղամասերի շրջակայքում
– Խախտումների առնչությամբ գործողությունները չեն ձեռնարկվել կամ մասամբ են ձեռնարկվել դիտարկված տեղամասերից 4-ի շրջակայքում:
– Դիտարկված տեղամասային կենտրոններից 4-ի շուրջ կամ անմիջապես մուտքի մոտ նկատվել են տարբեր անձանց կողմից ընտրողների հորդորներ և բանավոր քարոզչություն։ Իսկ մեկ դեպքում տեղամասից դուրս նկատվել է, որ բոլոր վստահված անձինք խոսում են ընտրողների հետ, և դադարեցնում զրույցը դիտորդներին տեսնելուն պես։
– Ընտրողների կազմակերպված տեղափոխում նկատվել է 4 տեղամասի շրջակայքում:
– Տեղամասային կենտրոնի հարակից տարածքում մարդկանց կուտակումներ նկատվել են դիտարկված տեղամասերից 14-ում, որոնցից 2-ում ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկել կուտակումը վերացնելու համար։ Այս տեղամասերից 3-ի մոտ արձանագրվել է վիճաբանություն:
Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում
Քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը դիտարկվել է 23 տեղամասում։ Քվեարկությունից հետո սկսվել է անհապաղ դիտարկված բոլոր տեղամասերում, սակայն 4 տեղամասում ընդհատվել է միջադեպի պատճառով։
Դիտարկված բոլոր տեղամասերում դիտորդները նշել են, որ հանձնաժողովի նախագահը տիրապետում է ամփոփման կարգին, սակայն 3 տեղամասում հաշվարկը չի իրականացվել ըստ սահմանված կարգի։ Դիտարկված տեղամասերից 2-ում եղել են ծրարներ, որոնցում, քվեաթերթիկից բացի, այլ իր է եղել, դրանցից դուրս բերված քվեաթերթիկները համարվել են վավեր։ Դիտարկված որևէ տեղամասում հաշվարկի գործընթացին, հանձնաժողովի անդամներից բացի, այլ անձի անմիջական մասնակցություն չի արձանագրվել։ Դիտարկված 4 տեղամասում եղել են վկայականը տեսանելի չկրող անձինք։ Դիտարկված 2 տեղամասում խախտվել են դիտորդների իրավունքները՝ հանձնաժողոը փորձել է սահմանփակել տեղաշարժը։ Մեկ տեղամասում հանձնաժողովը պնդել է, որ քաղվածքի որևէ օրինակ չունեն և դիտորդին տրամադրվող արձանագրության քաղվածքը կազմել է ձեռքով, մեկ այլ տեղամասում քաղվածքը թերի է կազմվել։
Դիտորդական առաքելությունը արդյունավետ համագործակցել է Տարածքային ընտրական հանձնաժողովների հետ։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ընտրողների վերահսկման փորձերը չեն կրել համակարգված բնույթ, իսկ հանձնաժողովների կողմից խախտումները կրել են ընթացակարգային բնույթ և ուղղորդված չէին։ Դիտարկման ընթացքում չի արձանագրվել ընտրությունների վերջնական արդյունքերը կեղծող որևէ խախտում։