Կոտրված կիսաժպիտի կարոտը
Այսօր, կարծես, մարդիկ, ովքեր չէին հասկանում, թե ինչպես կարելի է որևէ ուժեղ երկրի, բայց հատկապես ՌԴ-ի նախագահին չնայել հնազանդ հպատակի հայացքով (ինչպես կասես, ինչպես կուզես, տեր իմ, միայն ասա) և դեռ համարձակվել հետն էլ խոսել՝ մինչև ինքը չսկսի և չընտրի/չթելադրի խոսելու տոնայնությունը, չէին հասկանում, թե ինչպես կարելի է Հայաստանում նրանց/նրա մեկօրյա այցը չվերածել անվերապահ հոգեկան կոմֆորտի (ամեն ինչ արված է, դու տհաճ ոչինչ չես տեսնելու, չես լսելու, ամեն ինչ՝ քեզ համար), ովքեր նույնիսկ պահանջի չէին սպասում, այլ նախապես գուշակում էին պահանջները և նախապատրաստում դրանց կատարումերը (չէ՞ որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, ուրեմն այն, ինչ իմն է՝ քոնն է, այն, ինչ քոնն է՝ դարձյալ քոնն է), ովքեր մարող սրտով հույս էին փայափայում, որ ՆԱ գոնե լրագրողների ներկայությամբ կխնայի իր/իրենց ուղղված հեգնական ակնարկը, որին ստիպված կլինեն արձագանքել կոտրված կիսաժպիտով, անակնկալի են եկել, կարծես գիտակցելով, որ նույնիսկ ուժեղ երկրի տիրակալը ինքն իրեն իշխող մարդ է, միս ու արյունից, նյարդերով, լարած ռոբոտ չէ, ադեկվատ է, գնահատում է իրականությունը և վարվում/շարժվում դրան համապատասխան: Այո, – ասում էր այսօր Նիկոլ Փաշինյանի վարքը, – մենք խոցելի երկիր ենք, մեր սահմաններն 80 տոկոսով փակ են, մեր ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ լուծված չեն, բայց մենք դրանք լուծում ենք և լուծելու ենք, մենք մեր չափով ահռելի ծավալներով ճանապարհներ ենք սարքում, մենք պատժում և պատժելու ենք մեր երկրում կատարված և կատարվող հանցագործությունները, մենք հասնելու ենք մեր երկրի և ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների պատիժներին, մենք երախտապարտ ենք և երախտապարտ ենք լինելու մեր երկրին արված բոլոր օգնությունների համար, մենք վերադարձնում և վերադարձնելու ենք մեր պարտքերը, բայց դրանք մե՛նք ենք անելու: Իսկ հիմա, պարոնայք, եկեք քննարկենք մեր փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Թե երկկողմ, թե բազմակողմ: Թե ԵԱՏՄ շրջանակներում, թե դրանից դուրս: Մենք բաց ենք քննարկումների և փոխշահավետ լուծումների համար: Եվ եթե մեկը շարունակի պնդել, որ Փաշինյանը մսխում է նախորդ իշխանությունների ձեռք բերած արտաքին քաղաքական ռեսուրսը, արժի հիշեցնել, որ Փաշինյանը դեռ երկար պիտի ջանա, ռեսուրս ծախսի ետ վերադարձնելու մեր արտաքին քաղաքականության նախորդ իշխանությունների կորուստները: Որպեսզի Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները սիրտ մաշող տառապանքով չսպասեն խայթող հեգնական ակնարկներին և ստիպված չլինեն մարող կիսաժպիտով արձագանքել դրանց: Չնայած կոտրված կիսաժպիտի կարոտը դեռ թևածում է հայաստանյան որոշ նախկին ՛«արծիվների»՛ սպասումներում:
Հրանուշ Խառատյան
աղբյուր՝ ֆեսյբուքի էջ