Մարիամ Չախոյան
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մանուկ Մարգարյանի նախագահությամբ հրապարակել է Անի Սարոյանն ընդդեմ Ռիմա Մկրտչյանի գործով վճիռը, որով մերժվել է երկու անչափահաս երեխաներին մորը հանձնելու պահանջը։
5 տարեկան Անգելինան և 6 տարեկան Սիփանն այս պահին տատիկի՝ Ռիմա Մկրտչյանի մոտ են, որը հրաժարվում է նրանց վերադարձնել հարսին երեխաների հոր մահվանից հետո՝ պնդելով, որ մայրը լքել է նրանց ավելի քան 3 տարի առաջ, երբ դեռ երեխաների հայրը կենդանի էր։ Հարսն իր հերթին նշում է, որ տանից հեռացել է անհաշտ սկեսուրի կողմից առաջացրած ծանր մթնոլորտի պայմաններում ու ծանր հոգեվիճակում։ Նրանք սակայն ամուսնու հետ մտադրված են եղել տեղափոխվել Երևան՝ համատեղ կյանք վարելու նպատակով, բայց վերահաս ծանր հիվանդությունը մեկ տարի անց խլել է ամուսնու կյանքը։ Հիվանդության ընթացքում ամուսինը չի կարողացել մորը համոզել երեխաների խնամքը Անիին հանձնել, կինն իր հերթին ձգտել է չնյարդայնացնել հիվանդ ամուսնուն և ընտանեկան լարվածության պատճառով չբարդացնել նրա ծանր առողջական վիճակը։
Անիի պնդմամբ, ամուսինն ինքն ուզում էր, որ երեխաներն իր մոտ մնան, և Գերմանիա մեկնելուց առաջ խնդրել է մորը վերադարձնել երեխաներին Անիին։ Ամուսնու մահից հետո Անի Սարոյանը ներկայացել է Ավան գյուղի հոգարբարձության և խնամակալության մարմին՝ պահանջելով միջամտել երեխաներին վերադարձնելու հարցում, քանի որ սկեսուրը և նրա բարեկամները չափազանց կոպիտ են իրենց պահում, թույլ չեն տալիս մոտ գնալ երեխաներին, ինչն ազդում է երեխաների հոգեբանական վիճակի վրա։ Սակայն պարզվել է, որ հենց նույն մարմինն արդեն առանց մորը լսելու որոշում է կայացրել՝ երեխաների խնամակալությունը հանձնել տատիկին։ Ի թիվս այլոց, դատարանը անտեսել է նաև Սարոյանի փաստաբանի կողմից ներկայացված այն հանգամանքը, որ հոգաբարձության մարմինը գործել է շահերի բախման պայմաններում, քանի որ Ավան համայնքի ղեկավարը Ռիմա Մկրտչյանի խնամին է։
«Երեխաների հույզերն ու հոգեվիճակը հաշվի առնող, հավասարակշռված այսպիսի մայր ունենալու պարագայում, – ասում է Սարոյանի փաստաբան Սամվել Մելիքյանը, – դատարանը վճռում է սահմանափակել նրա իրավունքները՝ առանց բերելու դրա համար լուրջ հիմքեր։ Դատարանի տրամաբանությունն այսպիսին է՝ տատիկը սեր ու հոգատարություն է տալիս երեխաներին, իսկ մայրը՝ ոչ, ուրեմն երեխաները պետք է մնան տատիկի մոտ։ Իսկ ինչպե՞ս կարող է մայրը սեր ու հոգատարություն դրսևորել, երբ նրա այս իրավունքն ու պարտականությունն ի սկզբանե արհեստականորեն սահմանափակված են եղել ծանր բնավորությամբ սկեսրոջ կողմից, որը փաստացիորեն վերջինիս վտարել է տանից, իսկ հետո էլ մոտ չի թողել երեխաներին։ Այնուամենայնիվ, ասել, որ դատարանն իր վճիռը կայացնելիս չի քննել բոլոր փաստերը համակողմանիորեն, նշանակում է շատ քիչ բան ասել․ սա խայտառակ անարդարացի վճիռ է, արդարադատության իսկական ծաղր»։
«Հոգաբարձության ու խնամակալության մարմինն ինձ թույլ չէր տալիս մասնակցել նիստին, թեև ես ունեի Սարոյանի լիազորագիրը, – ասում է իրավաբան Ռոբերտ Պողոսյանը, – մենք մոր հետ էինք գնացել, Անին այդ ժամանակ չէր կարող մասնակցել։ Երբ պնդեցի, որ մնամ, այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ մենք Անիի մայրիկի հետ ֆիզիկական վախ զգալով նախընտրեցինք դուրս գալ այդ սենյակից։ Ի դեպ, այդտեղ էր նաև Ռիմայի խնամին՝ համայնքի ղեկավարը։ Դե պատկերացրեք, թե ինչ մթնոլորտում են անցնում մոր հանդիպումները եխաների հետ։ Հարսին տեսնելիս՝ Ռիման գոռում է․ «տղայիս սպանողը եկավ»։ Իսկ Անիի մորը մոտ չի թողնում տանը․ ո՞վ կդիմանա սրան»։
«Մերժելով մեր կողմից բերված բազմաթիվ փաստերն ու փաստարկները, – ասում է նա, – դատարանը հիմք է ընդունել Մկրտչյանի փաստաբանի կողմից բերված հանգամանքների կեղծ շարադրանքը, որոնք այս տրամաբանությամբ էին․ Անին քաղաք էր ուզում տեղափոխվել, դրա համար տանից հեռացել է, և ամուսնու հորդորները՝ վերադառնալ ընտանիք, չի լսել։ Մինչդեռ մենք ներկայացել էինք բազմաթիվ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ Անին չի բաժանվել ամուսնուց, և նրա ընտանիքից հեռանալու պատճառը սկեսրոջ անհաշտ բնավորությունն էր, ինչի արդյունքում աղջիկը ծանր հոգեվիճակի մեջ էր հայտնվել, և ստիպված է եղել իրեն վտարող սկեսրոջ տանից հեռանալ։ Այս հանգամանքը դատարանը որակել է որպես անկարևոր «կենցաղային վեճեր»։ Դատարանի համար առանցքային դեր խաղացած մյուս անհիմն փաստարկն այն է, որ վստահորդս երբևէ չի դիմել պատկան մարմիններին՝ պահանջելով վերադարձնել երեխաներին։ Բայց ինչո՞ւ պիտի դիմեր, եթե ամուսնու հետ ունեցել են մտադրություն՝ բնակարան վարձել և համատեղ բնակվել։ Իսկ ամուսու մահից հետո, իհարկե, դիմել է ու տարբեր ատյանների, ինչո՞ւ է ուրեմն դատարանն անտեսում սա։ Գործին կցված են բազմաթիվ ապացույցներ առ այն, որ ամուսիններն ունեցել են համատեղ կյանքի տեսլական, որ գժտված չեն եղել և չեն պատրաստվել բաժանվել և երեխաներին Անին ոչ թե լքել է, այլ թողել է հոր մոտ․ սրանք էականորեն տարբեր բաներ են, սակայն դատարանի համար այս հանգամանքները էական դեր չեն խաղացել»։
«Վճռում առկա է ուշագրավ ևս մեկ հանգամանք, – ասում է իրավաբան Սերգեյ Պողոսյանը, ով ներկա է գտնվել դատական բոլոր նիստերին, – նյութական և գույքային պայմաններն ուսումնասիրելիս աշխատող ծնողի առկայության պայմաններում դատարանը նշում է, որ երեխաների նպաստից բացի այլ եկամուտներ չունեցող, գործազուրկներ Ռիմա Մկրտչյանի ու նրա ամուսնու նյութական պայմաններն ավելի բարվոք են, քան մոր պայմանները։ Այսինքն՝ երեխաների խնամքի բեռը դատավորը թողնում է պետության վրա։ Դատավորը կարևոր է համարել անդրադառնալ նաև կենցաղային պայմաններին, բայց եզրակացրել է, որ տատիկի տան պայմանները ավելի բարվոք են երեխաների բնակության համար։ Փաստորեն, երեխաները ընդարձակ, լուսավոր տան մեջ ապրելու փոխարեն, պետք է բնակվեն մի տանը, որտեղ բացակայում են նույնիսկ տարրական սանիտարահիգենիկ պայմանները․ սանհանգույցը դուրսն է, լոգարան չկա, երեխաներին լողացնելու են տաշտի մեջ՝ ամռանը դրսում, ցուրտ եղանակին՝ տանը»։
«Ահա մեկ ուրիշ ուշագրավ փաստ, – ասում է փաստաբան Մելիքյանը, – երեխաներին ուսումնասիրած հոգեբանները նկատել են, որ նրանց նկատմամբ կիրառվում է բռնություն, իսկ Սիփանըմորը մեղադրում է հոր մահվան մեջ, և բայց դատարանի տրամաբանության համաձայն ստացվում է, որ տատիկը ավելի «սիրող» ու «հոգատար» կարող է լինել, քան մայրը։ Փաստորեն, իր այս վճռով դատարանը հաստատում է նաև տատիկի զրպարտչական պնդումները մոր կողմից հորը «սպանելու» վերաբերյալ, որով վերջինս թունավորում է երեխաներին դեպի մայրը։ Տատիկի ազդեցության ներքո երեխաները սկսել են մորը մոտ չթողնել և մեղադրել նրան՝ իրենց «թավլելու» կամ «թափելու» մեջ»։