«Չեմ գա քո մոտ», – իրեն այցելած մորը մերժում է վեցամյա Սիփանը, – դու ինձ թողել ես, գնացել»։
Հնգամյա դուստրը՝ Անգելինան, փաթաթվում է տատիկի թևին ու կրկնում նույնը, բայց տատիկի խոսքերով․«Դու ինձ թավլել ես»։
Մայրը՝ 31-ամյա Անին, նրանց է պարզում խաղալիքները, բայց երեխաները հրաժարվում են դրանք վերցնել։
Ավելի ուշ Անին նշեց, որ նախորդ անգամ տղան իր ձեռքից վերցրել է խաղալիքները, իսկ աղջիկը գնացել էր ու նստել իր գիրկը, պատասխանել է իր գուրգուրանքներին, միասին խաղացել էին, իսկ Սիփանը մոտեցել էր, ձեռքից վերցրել խաղալիքները, և հիմա զարմանում է, թե ինչ է կատարվում երեխաների հետ։
Անին չի բաժանվել ամուսնուց։ Ջիվանը մահացել է 2017թ․ հանկարծահաս ու արագ զարգացող լեյկեմիա հիվանդությունից։
Սկեսրոջ անհաշտ բնավության պատճառով երկրորդ հղիությունը ծանր տանող կինը անկողնային բուժման կարիք է ունեցել, և ծնողները Անիին ու որդուն տարել են իրենց տուն՝ ապաքինվելու։ Անին աղջկա ծնվելուց հետո վերադարձել է ամուսնու տուն, սակայն սկեսրոջ հոգեբանական հարձակումներն ավելի են սրացել։ Ծնողներն աղջկա հոգեվիճակը տեսնելով որոշում են նորից տանել նրան։ Այս անգամ Անին ստիպված է լինում թողնել երեխաներին՝ ամուսնուն սթափեցնելու նպատակով։ Անին ու Ջիվանը շատ չանցած հաշտվում են, որոշում են գումար տնտեսել ու Երևան տեղափոխվել, որտեղ Ջիվանի համար աշխատանք գտնելն ավելի հեշտ կլիներ, բայց նրանց այդպես էլ չի հաջողվում իրականացնել այս մտադրությունը։
Անին լքել է Արագածոտնի շրջանի Ավան գյուղում գտնվող ամուսնու տունը ծանր հոգեվիճակում՝ խուսափելով հոգեբանական ու ֆիզիակական բռնության ծանր մթնոլորտից և սկեսուրի մոտ թողնելով մանկահասակ երեխաներին՝ 3 տարեկան Սիփանին ու 7-ամսական Անգելինային։ Այս հանգամանքը ամուսնու ընտանիքը փորձում է դատարանում շահարկել՝ ներկայացնելով որպես մոր կողմից «լքելու փորձ»։
«Այդ ժամանակ ամուսինս ասես կախարդված լիներ, – պատմում է Անին՝ վերհիշելով ամուսնու հորական տանից իր հեռանալը, -Ինձ ասում էր՝ դու գնա, ես ուրիշ կնոջ եմ սիրում։ Մայրն էլ իր հերթին էր ասում՝ ես ինչ գնով էլ լինի ձեզ բաժանելու եմ։ Երբ ծնողներս ինձ տարան այդ տնից, նրանք մտահոգված էին իմ առողջությամբ, իսկ երեխաներիս չէին տալիս, ասում էին՝ ձեր աղջկան տարեք, մեր երեխեքի հետ գործ չունեք։ Ես էլ մտածեցի, որ տանը երեխաների ներկայությունը ամուսնուս կսթափեցնի, կհասկանա, որ մայրը երեխաներին պետք է, ամեն ինչ կհարթվի․ Ջիվանն ինձ սիրում էր, մայրն էր խառնում ամեն ինչ։ Շատ չանցավ, մենք իսկապես հաշտվեցինք, բայց թաքուն էինք պահում։ Ջիվանը պիտի տուն գտներ Երևանում, տեղափոխվեինք։ Իմ հին հեռախոսահամարը մայրը արգելափակել էր տվել, որ գյուղի բարեկամները չկարողանան զանգել ու ինձ երեխանեի մասին տեղեկություններ հայտնել։ Բայց երեխաներիս մասին լսում էի ամուսնուցս, տեսնում էի նրանց նկարներով, վիդեոներով։ Ամուսիններով հանդիպում էինք սկեսուրիցս թաքուն։ Այդ հանդիպումներին հաճախ բերում էր նաև որդուս՝ Սիփանին»։
Անիի «հեռավար երջանկությունն» ու նոր կյանքի հույսը երկար չի տևում։ Ամուսինը ծանր հիվանդանում է։ Սկսվում է երկարատև ու ծանր բուժումը։ Երեխաներին Անին այդպես էլ չի կարողանում իր մոտ բերել․ տղայի հիվանդությունը չի մեղմում սկեսրոջ սիրտը, չի սթափեցնում նրան, նա ոչ մի կերպ թույլ չի տալիս իր մոտ տանել կամ տեսակցել երեխաներին։ Տուն վերադառնալու մասին ավելորդ էր նույնիսկ խոսելը։ Ջիվանն իր հերթին խնդրում է Անիին երեխաներին թողնել իր մոտ, կան այդ մասին վկայող հաղորդագրություններ։ Անին փորձում է ամուսնու «խաթրով» գնալ․ հասկանում է, որ ցանկացած հուզում կարող է վնասել նրան։
«Հիմա զղջում եմ, որ չպնդեցի, որ գոնե Գերմանիա գնալուց առաջ երեխաներին ինձ մոտ բերի», – ասում է Անին ու ավելացնում, որ սոցիալական ցանցերում պահպանվել են այս մասին գրառումները։
Անին ամուսնու ընկերոջ միջոցով երեխաներին շոր ու կոշիկ, խաղալիքներ է ուղարկում։ Շարունակում են թաքուն շփվել։ Ջիվանի հարազատներից ու ընկերներից շատերը ականատես են եղել իրենց շփումներին։ Ամուսնու հորեղբորից փորձում է տեղեկանալ երեխաների մասին, բայց հետո տարեց մարդը սրտնեղում է, որ «իմացել են ու եկել վրան կռիվ»։
Բացի վկաներից Անին բազմաթիվ այլ ապացույցներ ունի, որ ամուսնու հետ բաժանվելու մտադրություն չեն ունեցել և դրանք ներկայացրել է դատարանին կոշտ սկավառակի վրա։ Դրանց թվում են երեխաների բազմաթիվ տեսաձայնագրություններն ու լուսանկարները, ամուսնու վերջին սելֆիները, որոնք ուղարկում էր, որ հասկացնի՝ դեմքն այտուցված է, չի կարողանում խոսել։ Անին նույնիսկ պատրաստվել է մեկնել Գերմանիա՝ ամուսնուն խնամելու նպատակով։ Ջիվանը մեկնելուց առաջ հոգ է տարել երեխաների անձնագրերի մասին, դրանք ևս պատրաստ էին․ Անին պետք է երեխաներին էլ վերցներ հետը, բայց ամուսնու վերահաս մահը կանխել է այդ այցելությունը։
Թաղմանը ամուսնու բարեկամները թույլ չեն տվել մոտենալ նրան հրաժեշտ տալու։
«Ինձ մոտ չթողեցին, ասացին՝ ավելի լավ է դու հեռանաս այստեղից», – դառնացած պատմում է Անին։
«Իսկ դու գիտե՞ս, որ ինքն ինձանից թաքուն ուզեցելա տղուս մոտ Գերմանիա գնա», – լրագրողին դիմելով Անիի «մեծ հանցանքի» մասին փորձում է բացահայտում անել Ջիվանի մայրը՝ Ռիմա Մկրտչյանը, – «Իրա երեսից տղուս արյունը ջուր դառավ»։
Խնդրում եմ բացատրել, թե ինչ են նշանակում այդ բառերը։ Տիկին Ռիման բացատրում է, որ երբ հարսը հեռացավ, տղան երեխաների հետ մնաց և ծանր ապրումներ ունեցավ, որի արդյունքում նրա մոտ առաջացավ այդ հիվանդությունը։ Այս ամենը նա ասում է երեխային ամուր բռնած և իմ հորդորները՝ չխոսել երեխաների ներկայությամբ, չի լսում։ Պնդում է, որ երեխան պետք է լսի, քանի որ դա նրան էլ է վերաբերում։
Անին հետո մեկնաբանում է․ «Երեխաների մոտ այնքան է այսպես խոսել, որ տղաս ինձ ուղղակի մեղադրում է հոր մահվան մեջ։ Այդ մասին կա նաև հոգեբանի եզրակացության մեջ»։
«Դու թավլել ես երեխեքին վրես, գնացել, – անընդհատ կրկնում է Ռիման՝ ձեռքի շարժումներով պատկերավոր ցույց տալով «թավլելու գործողությունը», – հիմա չեմ տալիս, էն ժամանակ տանեիր», – հետո կոպտորեն հրելով գիրկը նստած աղջնակին ասում է, – դե գնա մոտը, խի՞ չես գնում»։
Երեխան վախից կծկվելով կպնում է տատիկի ձեռքին։ Ես գրկում եմ Անիին, շոյում մազերն ու ասում․ «Տես ինչ քնքուշ, սիրուն մամա ունես, դու մամային ես նման, գիտե՞ս, արի մամայի գիրկը, տե՛ս ինչ փափուկ է»։
Երեխան աչքի պոչով վախվորած աչքերը վեր է բարձրացնում, ու գլուխը տմտմբացնելով կախում․ «Հը-ըն»։
Հարցնում եմ․
«Իսկ դուք ծեծո՞ւմ եք երեխաներին»։
«Բա խի՞ չեմ ծեծում, – զարմանում է Ռիման, – ծեծում եմ, բա ո՞նց դաստիարակես, որ չծեծես»։
Դատական գործում արդեն կա հոգեբանների եզրակացությունը, որից ակնհայտ երևում է, որ երեխաների հանդեպ բռնությունը սովորական երևույթ է, ընդ որում երեխաներից մեկի՝ աղջկա դեպքում խոսվում է տատիկի նկատմամբ ուղղակի վախի առկայության մասին, իսկ մյուսի դեպքում ասվում է, որ երեխայի մոտ կա ընդգծված ագրեսիվություն, թեև երեխան անմիջականորեն չի նշում ծեծի մասին։ Ուշագրավ է, որ ընտանիքի պատկերման վարժանքի ժամանակ նկարել է միայն պապիկին, հետո դադարեցրել՝ պատճառաբանելով, որ այլևս չի ցանկանում նկարել։
«Անցած անգամ էլ մորս հետ էի եկել, մորս հրում էիր, թույլ չէիր տալիս ներս մտնի», – ասում է Անին սկեսուրին ու իմ ներկայությունից քաջություն առած հարցնում, – «Ինչի՞ մորս ներս չէիր թողնում, ինչի՞ էիր ասում՝ գնա»։
«Բա ինչի՞ պիտի թողնեմ, – ափերից դուրս է գալիս Ռիման, – ինքն ո՞վ է, որ գա իմ տուն»։
«Իմ մայրն է, իմ երեխաների տատիկը, ինձ հետ եկել է, որ թոռներին տեսնի», – ասում է Անին ու ձայնը նվաղում է։
«Ինձ չի՛ հետաքրքրում, թող չգա՛», – կոպտորեն շպրտում է նախկին հարսի երեսին Ռիման, – «լավ ա քեզ թողնում ենք, հենա եկել ես»։
«Դե գրկիցդ թող երեխային, որ մոտս գա», – ասում է Անին։
«Թող գա, չի ուզում, չի գալիս, ես չեմ ստիպելու, չի կարելի ստիպել երեխուն», – ասում է Ռիման հաղթանակած ու իրեն սեղմում վախվորած թոռանը։
«Դու չես թողնում, – սրտեղում է Անին, – գալիս էր, հիմա չի գալիս, ի՞նչ ես ասել երեխուս, որ հիմա չի գալիս»։
Մեր այցելության մասին իմանալով՝ գալիս են Ռիմայի աղջիկն ու նրա սկեսուրը, Սիփանի ու Անգելինայի հորաքրոջ երեխաները։ Խնամու ներկայությունը մի փոքր մեղմում է Ռիմային, դադարում է մեղադրանքներով հարձակվել նախկին հարսի վրա, ձայնն իջեցնում է։ Անիին ապահովության մեջ թողնում եմ ու հեռանում անցուցարձին հեռվից հետևելու։
Բայց երեխաներն այդպես էլ չեն մոտենում մորը։
Անին մերժված մնում է այնքան ժամանակ, ինչքան կարող էր իրեն թույլ տալ այդ մեկ այցելության ընթացքում․ լուռ հետևում է երեխաների խաղին ու արցունքն աչքերին գալիս դեպի մեքենա։
Մեքենայում Անին ասում է, որ հորաքրոջ երեխաները փորձեցին իր երեխաներին ասել՝ գնա մամայի մոտ։ Երեխաները ցանկությամբ նայել են վրան, բայց այդպես էլ չեն մոտեցել, ասես ինչ-որ բանից վախենում էին։ Երեխաների հորաքույրը՝ Անիի տալը, նույն «հաղթանակած» դիրքով հայտարարել է․ «Էն ժամանակ թող տաներ, հիմա ուշ է» ու մերժել երեխաներին օգնելու մոտենալ մորը։
Անիի հուզմունքը մեծ էր, ասում է՝ իրեն երկար ժամանակ կպահանջվի այս ապրումներից վերականգնվելու համար, սովորաբար երկու շաբաթ խելքի չի գալիս։
Սկսում է վերհիշել․
«Այդ տանը ես հանգիստ չունեի։ Սկեսուրս ամբողջ օրը գլխիս վրա կախված անընդհատ խոսում էր, անընդհատ ուղեղս սղոցում, փախչել չէիր կարող, եթե հանկարծ փորձեի ձայն հանել, ինձ ինչ օրն էր գցում։ Ես ամեն ինչ ներս եմ գցել, լռել եմ»։
Նրա խոսքերով սկեսուրն անհաշտ էր ամուսնու 80-ամյա զառամյալ մոր հետ, անընդհատ փնովում, անիծում էր նրան։
«Այդ կինն այն օրն էր հասցնում սկեսրայրիս, որ սա հասնում, ծեծում էր մորը, իսկ երբ տարեց կինը համարձակվում էր դրա մասին որևէ հարազատի մոտ ծպտուն անել, դե պատկերացրեք, թե ինչ օրն էին նրան գցում։ Նա բոլորին է իշխում, բոլորը նրանից վախենում են։ Ես հանգիստ չունեի, նույնիսկ երբ մերոնց տուն էի գալիս։ Երբ աղջիկս դեռ չէր ծնվել, ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել, ես 7-ամսական հղի էի, ուժասպառ էի եղել, անկողնային բուժման կարիք ունեի, ինձ մերոնք իրենց տուն տարան, տղաս էլ հետս էր։ Զանգեց, ինձ հեռախոսով նենց «հաթաթա» տվեց՝ «դու հըլը քո հալը կտեսնես», ամբողջ մարմնովս դողում էի։ Մինչև հիմա չեմ մոռանում այդ ապրումները։ Երեխաներս հիմա այդ մթնոլորտում են ապրում»։
Խնդրի իրավական կողմը
Դեպքի մասին ահազանգեց Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնի նախագահ Ռուբեն Զուլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշեց, որ գյուղում հազվադեպ ու ծանր մի դեպք կա․ 31-ամյա կնոջ մահացած ամուսնու ընտանիքը երկու երեխաներին հրաժարվում է վերադարձնել մորը։ Գեղարքունիքի մարզի աղջիկը հարս է գնացել Արագածոտնի մարզի Ավան գյուղ։
«Ընտանիքը երեխաների աճի ու զարգացման համար տանն ապահովել է ամեն պայման, մայրը շատ լավն է, համեստ, խելոք աղջիկ է, – ասում է Զուլոյանը, – աշխատանքով ապահովված է։ Արդեն երկրորդ տարին է, ինչ գործը դատարանում է, մենք դրական եզրակացություն ենք տվել, երաշխավորել ենք, որ երեխաների զարգացման համար կա առողջ ու ապահով միջավայր։ Ցավոք, մենք գործի վրա ազդելու այլ լծակներ չունենք»։
Ամուսնու մահից հետո Անին սպասել է 3 շաբաթ, հետո դիմել Արագածոտնի մարզի Ավան համայնքի հոգաբարձության և խնամակալության մարմնին՝ պահանջելով երեխաներին վերադարձնել իրեն, սակայն նրան են պարզել արդեն կայացված որոշումը՝ ասելով, որ ուշացել է։ Որոշման մեջ նշված է, որ երեխաների մորը ծանուցել են նիստի վերաբերյալ, սակայն վերջինս չի ներկայացել։
«Ես ոչ մի ծանուցագիր էլ չեմ ստացել, – ասում է Անին, – երբ ես ներկայացա Ավանի ՀԽՄ, նրանք վրդովված հարցրեցին՝ քեզ ո՞վ ա տեղեկացրել, որ մենք արդեն որոշում ենք կայացրել, դու էլ մեզ դիմում ես ուղարկում։ Այսինքն, իրենք հույս ունեին, որ ես այդքանն էլ ինքնուրույն չեմ կարող անել։ Հարցրեցի՝ ի՞նչ որոշում։ Ասեցին՝ քեզ ծնողական իրավունքներից զրկել ենք»։
«Նախ, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ծանուցումը պատշաճ կերպով է ուղարկվել կողմին, թե ոչ», – ասում է Անիի փաստաբան Սամվել Մելքոնյանը, – «հոգաբարձության ու խնամակալության մարմինը չէր կարող առանց կողմին լսելու, առանց ուսումնասիրելու երեխաների լավագույն շահից բխող բոլոր հանգամանքները, կայացնել որոշում, առավել ևս իրավասու չէր զրկելու ծնողական իրավունքներից կամ սահմանափակելու դրանք։ Ի դեպ, այս տեսակի չարաշահումները այս մարմինների կողմից բազմաթիվ են․նույնիսկ եթե բարեկամական կապեր էլ չկան, այս մարմինը ներկայացնողները մասնագիտական կրթություն կամ գիտելիքներ հիմնականում չունեն, հիմնականում գյուղի տղամարդիկ են, դե բնականաբար պաշտպանում են ամուսնու կողմը, տնավարի նստում, որոշումներ են կայացնում։ Սա սխալ ինստիտուտ է և պետք է վերանայվի»։
Խնդրեցինք պարզաբանել՝ ինչ շահեր կարող էին Ավան համայնքի ՀԽՄ անդամները հետապնդել։ Եվ պարզվում է, որ համայնքի ղեկավարը՝ Սաշա Թորոսյանը, ով այս մարմնի վրա անմիջական ազդեցություն ունի, Անիի ամուսնու՝ Մկրտչյանների ընտանիքի խնամին է՝ Ռիմայի աղջկա սկեսրայրը։
«Ս․ Թորոսյանը նման որոշման համար ուներ ուղղակի շահ, – ասում է Մելքոնյանը, – սրանով նա ոչ միայն իր բարեկամին է օգնում պահել երեխաներին, այլև ինքն իրեն է օգնում, քանի որ վերջիններս երեխաների խնամքի համար գումար պետք է ստանան պետությունից, ինչը քիչ գումար չի չախշատող երկու տարեց մարդու համար, մանավանդ որ հակառակ դեպքում այդ բեռն ընկնելու էր Թորոսյանի տղայի ուսերին, ով այս ընտանիքի փեսան է։ Մինչդեռ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ․ Մարգարյանը ոչ միայն անտեսում է այս հանգամանքը, այլև ակնհայտորեն ամեն ինչ անում է, որ դատը հնարավորինս ձգձգվի»։
«Գործն արդեն երրորդ տարին է դատարանում է, – ասում է Անին, – դատական առաջին նիստը գումարվեց հայցադիմումը տալուց վեց ամիս անց, այնուհետև ևս յոթ ամիս հետաձգվեց դատահոգեբանական փորձաքննության ուղարկելու պատրվակով։ Եվ այսպես ամեն անգամ մի պատրվակ բերում են»։
«Սկզբում այս մարմինը և հակընդդեմ հայցվոր Ռիմա Մկրտչյանը դատարանից պահանջել էին զրկել Անիին ծնողական իրավունքներից, – ասում է փաստաբան Մելքոնյանը, – բայց հետո տեսան, որ դրա համար որևէ հիմք չունեն, հիմա այլ ճանապարհով են փորձում գնալ, ուզում են սահմանափակել իրավունքները, սակայն իրականում այդ հիմքներն էլ չունեն։ Դատարանում աղջկա վրա փորձում են հոգեբանական ճնշում գործադրել՝ ասելով, թե վատ մայր է, չի այցելում իր երեխաներին, բայց ես ինքս եմ գնացել Անիի հետ ու տեսել, թե ինչ մթնոլորտ է։ Մենք նույնիսկ ոստիկաններ կանչեցինք, բայց ոչինչ հնարավոր չեղավ անել։ Այդ ոստիկաններն էլ հետո հրաժարվեցին համապատասխան արձանագրություն կազմել։ Բոլորը մի շայկա են։ Այդ պայմաններում ուղղակի անհնար է երեխաներին տեսակցել»։
Փաստաբանը, ով բազմաթիվ նման գործեր է վարել, դատանի նման վերաբերմունքը գործին ու այս կարգի անհարկի ձգձգումը ծայրահեղ անընդունելի է համարում։ Նա նշում է, որ նման գործերի առանձնահատկությունից ելնելով դատարանը պետք է հաշվի առնի, որ երեխայի լավագույն շահից է բխում քննությունը հնարավորինս կարճ ժամկետում վարելը։
«Սովորաբար այս տարիքի երեխաների խնամքը հանձնվում է մորը, – ասում է Մելքոնյանը, – սա բխում է երեխայի լավագույն շահերից, և շատ հազվադեպ դեպքերում է դատարանը հրաժարվում այս սկզբունքից․ հիմնականում երբ կան ակնհայտ հիմքեր, որ մայրը ինքը կամ մոր շրջապատը կարող են երեխայի համար վտանգ ներկայացնել, ինչը տվյալ դեպքում չկա։ Երեխաներն ունեն կենդանի մայր և երեխաների լավագույն շահից է բխում նրանց՝ մոր հետ ապրելը։ Իսկ տատիկի հոգեբանական ճնշումները, նրա անկայուն հոգեվիճակը, վախի մթնոլորտը, կանոնավոր ծեծը առավել ևս պետք է ահազանգ լինեն դատարանի համար, որ երեխաներին օր առաջ է հարկավոր վերադարձնել մոր խնամքին։ Այսպես ձգձգելով ժամանակը, դատարանն ինքն է խաղում երեխաների ճակատագրի հետ»։
Մարիամ Չախոյան
Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։