Մարիամ Չախոյան
Կնոջ և մահացած ամուսնու մոր միջև՝ երեխաների խնամքի մասին դատական նիստի ժամանակ լրագրողի ներկայությունից կաշկանդված պատասխանող կողմը պահանջել էր դատարանից նիստն անցկացնել դռնփակ՝ դատարանի դահլիճից դուրս հրավիրելով լրագրողին։ Դատավոր Մ․ Մարգարյանը անցած նիստին մերժել է այդ միջնորդությունը։
Ինչպես արդեն նշել էինք, երկու անչափահասների տատիկ Ռիմա Մկրտչյանը հրաժարվում է հարսին վերադարձնել 6 և 5-ամյա երեխաներին՝ պնդելով, որ վերջինս լքել է նրանց ավելի քան 3 տարի առաջ, երբ դեռ երեխաների հայրը կենդանի էր։ Հարսն իր հերթին նշում է, որ տանից հեռացել է անհաշտ սկեսուրի կողմից առաջացրած ծանր բարոյա-հոգեբանական մթնոլորտի պայմաններում։ Նրանք ամուսնու հետ մտադրվել էին տեղափոխվել Երևան՝ համատեղ կյանք վարելու նպատակով, սակայն վերահաս ծանր հիվանդությունը խլել է ամուսնու կյանքը։ Հիվանդության ընթացքում կինը շարունակել է կապ պահպանել ամուսնու հետ մինչև նրա կյանքի վերջին պահերը, թաքուն տեսակցել են, սակայն վերջինս հրաժարվել է կնոջը փոխանցել երեխաներին, քանի որ մայրը դեմ է եղել դրան։ Կինը բոլոր ապացույցները ներկայացրել է դատարանին։ Ամուսնու մահվանից մի քանի օր անց Ավան համայնքի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի կողմից ընդունվել է երեխաների տատիկին՝ Ռիմա Մկրտչյանին որպես խնամակալ ճանաչելու որոշում՝ առանց երեխաների մորը նիստի վերաբերյալ պատշաճ տեղեկացնելու։ Կինը դիմել է դատարան՝ պահանջելով վերադարձնել երեխաներին։ Ավելի քան երկուսուկես տարի տևած դատավարությունը և տատիկի ու ամուսնու մյուս բարեկամների կողմից մոր հանդեպ ատելության վերաբերմունքի սերմանման փորձերի արդյունքում երեխաներն աստիճանաբար սկսել են մերժել մորը՝ նրան մեղադրելով հոր մահվան մեջ։
Նախորդ հրապարակումից հետո պատասխանող կողմի փաստաբան Մ․ Հեպոյանը պահանջեց դատարանից նիստներն անցկացնել դռնփակ՝ պնդելով, որ լրագրողն իր լուսաբանմամբ կատարել է «անհատական ծառայությունների մատուցում դատական կողմ հանդիսացող անձանց և խախտել է անչափահաս երեխաների իրավունքները»։ Փաստաբան Հեպոյանն իր խոսքը հիմնավորել է հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հրապարակված «Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը» ձեռնարկին։
Լրագրողի անկողմնակալության սկզբունքի պահպանումը
Լրագրողը գործի մասին տեղակացել է Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնի նախագահ Ռուբեն Զուլոյանից, ով նշել է դրա բացառիկ հանգամանքների մասին, օգնել է գտնել կնոջը ու նրա փաստաբանին։ Լրագրողն առաջին անգամ հանդիպել է տուժած կնոջը դատարանի դահլիճի դիմաց, իսկ նիստի ժամանակ հնարավորություն ունեցել է լսելու պատասխանող կողմին։ Բացի այդ նիստի ավարտից հետո դատարանի դահլիճում դիմել է պատասխանող կողմի փաստաբան Մ․Հեպոյանին ու խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Օվոյանին՝ նրանց լրացուցիչ հարցեր ուղղելու խնդրանքով, սակայն ստացել է մերժում, և սրան ականատես է եղել դատարանը։ Ավան համայնք իրականացրած այցելությունը նպատակ է հետապնդել լրագրողական նյութում երկու կողմերի տեսակետը ներկայացնելը, և պատասխանող կողմի այն պնդումը, որ նյութի հավասարակշռությունը չի պահպանվել, անհիմն է։
Ի՞նչ նպատակ կարող են հետապնդել ընտանեկան բռնության գործերով լրագրողական հրապարակումները
Դատական նիստերը դռնփակ անցկացնելու միջնորդության մեջ փաստաբան Հեպոյանը գրում է․
«Երեխաների մասին լուսաբանումները պետք է իրականացվեն հաշվի առնելով ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված սկզբունքները, ինչպես նաև երեխաների մասին նյութերի լուսաբանման էթիկայի կանոնները։ Մասնավորապես, անչափահաս անձանց մասին լուսաբանումը պետք է իրականացվի երաշխավորելով անչափահաս անձանց կյանքը լիովին հարգելու իրավունքը։ Այս սկզբունքի հիմնական նպատակն է խուսափել անչափահասին հասակակիցներից և ընդհանրապես հասարակությունից մեկուսացնելու կամ պիտակավորելու հետևանքով առաջացող վնասներից։ Լուսաբանումը չպետք է վնաս հասցնի երեխային կամ վնաս հասցնելու սպառնալիք հանդիսանա։ Չպետք է հրապարակվի որևէ տեղեկատվություն, որը կարող է բացահայտել անչափահասի ինքնությունը այնպիսի բացասական հանգամանքների համատեքստում, ինչը կարող է ունենալ պիտակավորման ազդեցություն, ինչպես նաև նշանակություն ունենալ կրթության մատչելիության, անչափահասի անվտանգության և այլ իրավունքների իրականացման համար։ Երեխայի լավագույն շահը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է դրվի լրագրողի կողմից երեխայի մասին լուսաբանման հիմքում»։
Փաստաբանի կողմից բերված որևէ հիմք հրապարակումը չէր պարունակում․ նախ, անմիջական հարցեր երեխաներին չեն ուղղվել, քանի որ հրապարակումն ամենևին երեխաների մասին չէր, այլ տարիներ շարունակ հալածված նրանց մոր, ում հրաժարվում են վերադարձնել երեխաներին, նրանց մեջ սերմանում են մոր նկատմամբ ատելություն, իսկ դատավարության անհիմն ձգձգումները չեն բխել երեխայի լավագույն շահերից։
Հրապարակումն իրականացնելուց առաջ լրագրողը խորհրդակցել է երեխաների միակ օրինական ներկայացուցչի՝ ծնողի, մասնագետների հետ և միայն դրանից հետո որոշում է կայացվել մասնակից անձանց ինքնությունը բացահայտելու վերաբերյալ։ Հրապարակումը հետապնդել է իրավաչափ նպատակ, որի համար հաշվի են առնվել գործի առանձնահատկություններն ու երեխաների լավագույն շահը։ Այն իրականացվել է միայն համոզվելուց հետո, որ դրա հրապարակումը չի կարող որևէ կերպ վնասել երեխաներին, չի վարկաբեկում նրանց, այլ ճիշտ հակառակը՝ նպաստելու է առանց այն էլ մոր վերաբերյալ հանրության մեջ տարածված հերյուրանքների ու ստի վերացմանը, ցրելու է ձևավորված բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, նպաստելու է Ավան գյուղի բնակինչերի շրջանում, այդ թվում նաև՝ դպրոց ու նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների ծնողների շրջանում այս երեխաների նկատմամբ ոչ թե կարեկից մոտեցում ձևավորելուն՝ որպես մոր կողմից լքված երեխաների, այլ նրանց նկատմամբ որպես արժանապատիվ ու հավասարակշռված մոր զավակների վերաբերմունքի ձևավորմանը, և սա դրական ազդեցություն է թողնելու հենց իրենց՝ երեխաների վրա։
Այս գործով պատասխանող կողմի և նրա հարազատների կողմից արդեն իսկ տարածվել էին զրպարտչական լուրեր հայցվոր կողմի՝ մոր մասին այն նույն «փոքր համայնքում», որի մասին նշում էր դատարանի դահլիճում փաստաբան Մ․Հեպոյանը, և այդ լուրերը տարածողները ամենևին հաշվի չեն առել այս երեխաներին «վարկաբեկելու վտանգը» և դրա հետևանքները։ Եթե փաստաբանն այդքան մտահոգված է, ինչո՞ւ ուրեմն նրան չի անհանգստացնում սա արդեն իսկ կարող էր վնասել երեխաներին, քանի որ նրանց մայրը ներկայացվում էր վատագույն լույսի ներքո, ինչն արդեն իսկ երեխաներին պետք է դներ հասարակության կողմից «մերժված լինելու» և «պիտակավորվելու» վտանգի մեջ։
Բացի այդ, այս գործով չկան անձնական կյանքին վերաբերող այնպիսի հանգամանքներ, որոնց հրապարակումը կարող է որևէ կերպ վարկաբեկող լինել այս ընտանիքի երեխաների համար, մինչդեռ ճիշտ հակառակը նիստը փակելը կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության ու թափանցիկության սահմանափակմանը, մանավանդ որ դատական նիստերի անհարկի ձգձգումները արդեն իսկ հարցականի տակ էին դնում դատարանի անկողմնակալ վերաբերմունքը։
Լրագրողական նյութերի միջոցով որևէ խնդրի հանրայնացումը թույլ է տալիս դրանց նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանել և կանխել հնարավոր չարաշահումները։ Դատելով դռնփակ նիստեր անցկանցելու կողմի պահանջից՝ սա ակնհայտորեն չէր բխում վերջինիս շահերից։
Սույն գործով դատաքննությունն ավարտված է, վճիռը հրապարակվելու է վաղը՝ հոկտեմբերի 16-ին։