Մարիամ Չախոյան
Մեկ տարի առաջ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի բնակիչները նամակով դիմել էին ԿԳՆ-ին՝ պահանջելով գյուղի միակ հիմնական դպրոցի տնօրենի հրաժարականը՝ պնդելով, որ ուսումնական գործընթացի անկման գլխավոր մեղավորը հենց նա է։ Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Սանամ Խուդոյանը, ում 3 թոռներն են սովորում այս դպրոցում, տեսախցիկների առջև պնդում էր, որ գյուղի դպրոցը երեխաներին որակյլա կրթություն չի տալիս, և դա է պատճառը, որ դպրոցն ավարտելով երեխաները չեն ձգտում շարունակել կրթությունը։ Դպրոցի հասցեին հնչած մեղադրանքների թվում էին նաև դպրոցը հաճախ պարապուրդի մատնելը, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքը։
Տնօրենին սատարողներն իրենց հերթին փորձում էին պաշտպանվել՝ ասելով, որ ծնողներին հրահրել է ուսուցչի օգնականի հաստիքում ժամանակավոր ներգրավված մասնագետը։ Նրանք էլ իրենց հերթին են գործադուլ հայտարարել՝ տնօրենի դեմ բողոք բերած ծնողներից պահանջելով ետ վերցնել բողոքը։
Միջադեպին արձագանքել էր ԿԳՆ-ն․ փոխնախարար Լուսինե Աառքելյանին ամենից շատ մտահոգել էր ազգային փոքրամասնության (Ֆերիկը եզդիական գյուղ է) նկատմամբ խտրականության հնարավոր առկայությունը, ինչը սակայն հերքվել էր տեղում։ Դպրոցի տնօրինությունն իրենց հերթին մեղադրում էր իրենց երեխաների կրթությանն ուշադրություն չդարձնող և դպրոցի վրա իրենց բաժին մեղքը բարդող ծնողներին։
Մեկ տարի անց փորձել ենք պարզել, թե ինչ իրական խնդիրներ կային մեծ աղմուկի ներքո, որոնք են լուծում ստացել նախարարության միջամտությամբ։
Նախ, դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչ իրական խնդիրներ էր ինքը նկատել և ինչպես է հասցեագրել դրանք։ Դպրոցի դեմ բողոք բարձրացրած ծնողների մատնանշած խնդիրների վերաբերյալ հնչեցրած հարցը վերջինս որակեց որպես «ծեծված հարց»՝ նշելով, որ ծնողներն իրենք չէին կարող գլխի ընկնել, իրենց «ուղղորդող է եղել», մի երիտասարդ ուսուցչուհի, ով նաև լրագրող է․ «Ծնողներից մեկն էր հիմնականում հարցեր բարձրացնում, լրագրող ընկեր ունեինք մեզ հետ, – ասում է Պողոսյանը, – հավանաբար նրա ցուցումով, որովհետև այդ ծնողը երևի թե ինքնուրույն ոչինչ չէր կարող ձեռնարկել, ինչ-որ խնդիրներ բարձրաձայնել։
Ըստ Պողոսյանի այդ ծնողը բողոքում էր, որ դպրոցի երեխաներից առաջատար մասնագետներ չեն դառնում․ «Ասում են՝ մեր երեխաները բժիշկներ, այլ կադրային մասնագետ չեն դառնում։ Ես էլ նրան բացատրում եմ՝ սիրելիս, մեզ մոտ հիմնական դպրոց է, ստանում են հիմնական կրթություն։ Մեզանից հետո կա միջնակարգ դպրոց, կա ավագ դպրոց, որն ավարտելուց հետո բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների դռները բաց են բոլորի առջև։ Ով ինչ կցանկանա, որտեղ կուզի, թող դիմի և ընդունվի, որևէ արգելք չկա։ Դե բնականաբար դա այդպես չի ընդունվում»։
Ինքը Պողոսյանը չի ժխտում, որ մեծ խնդիր է գյուղում նախակրթարանի բացակայությունը, որի պատճառով երեխաները առաջին դասարան են հաճախում հայերենին վարժ չտրապետելով, ինչը լուրջ խոչընդոտ է ուսուցման հետագա ընթացքի համար։ Նա ցույց է տալիս նախակրթարանի համար դպրոցի կողմից հատկացված 35 քմ տարածքն ու ասում, որ վերանորոգումը շինարարները կիսատ են թողել ու հեռացել․ «Հատակը պետք է խփեին, չեն խփել, – ասում է նա ու ցույց տալիս սենյակում դարսված մանրահատակի կտորները, – հավանաբար փչացել է»։
Սակայն ըստ Պողոսյանի՝ ԾԻԳ-ը նաև չի ընդունել այս տարածքը նախակրթարանի համար, նշել է, որ փոքր է, չկա խաղի և քնի համար առանձնացված տարածքների հնարավորություն։ Բացի այդ, դպրոցի շենքը չունի սանհանգույց։ Սակայն վերջինս դժվարանում է ասել, թե երբ կլուծվի նախակրթարանի խնդիրը՝ մատնանշել, որ այդ հարցով պետք է դիմել այլ կառույցների։
Ըստ Պողոսյանի, բացի նախակրթարանի, առայժմ հնարավորություն չունենալու հանգամանքից, այլ էական թերացումներ Ֆերիկում կրթական համակարգը չունի։
ուսուցիչ Զեմֆիրա Քալաշյանի մենկաբանությունը՝ տեսանյութում․
Հանդիպում Ֆերիկի դպրոցականների հետ
Դասերի ավարտից հետո գյուղի երեխաները տուն են շտապում։ Մոտենում եմ հենց առաջին խմբին, զրուցում հետները։ Հարցին՝ ի՞նչ հետաքրքիր բան կար այսօր դպրոցում, տղաներից մեկը պատասխանում է․ «Դե, էսօր էլի Դավիթի ականջը քաշեցին ոչ մի բանի համար»։
Զարմանում եմ՝ ինչպե՞ս թե ոչ մի բանի համար։ «Աղջիկներից մեկն էր մեղավոր, – Դավիթի փոխարեն պատասխանում է Աշոտը, – ինքը մեղավոր չէր։ Գրիչը գցել էր, պառկեց Դավիթի սեղանին, որ վերցնի, Դավիթն էլ նեղվեց, խոսեց վրան։ Դե խոսելու համար ուսուցիչը նրա վրա բարկացավ»։
Դավիթի ականջը կարմրած էր ու փոքր-ինչ կախ ընկած, ասում է՝ «մի քիչ է ցավում»։ Խնդրեցի ցույց տալ մոտիկից, պարզվեց, որ ականջի հետնամասում հին վերք կա։ Հարցնում եմ․ «Բայց սա սպիացած վերք է, այսօրվա բան չի․ հաճա՞խ են ականջդ քաշում»։
«Հա, – պատասխանում է ընկերը՝ Աշոտը, – մեզ մոտ դա սովորական բան է»։
Տղաներն իրար հերթ չտալով սկսում են պատմել տարբեր միջադեպեր, իրենց պատկերացմամբ տալիս են բոլոր ուսուցիչների բնութագրերը, չեն մոռանում նաև նշել իրենց սիրելի ուսուցիչների անունները։ Մեկն ասաց․ «Մենք միմյանց ու ուսուցիչներին ավելի շատ ենք հարգում, քան իրենք մեզ․ ուսուցիչները մեզ հեչ չեն էլ հարգում․ ինչ բառ ասես, որ չեն ասում»։
Իրար հերթ չտալով նշում են, թե ինչ վիրավորական բառեր են հնչել իրենց հասցեին, երբեմն նաև նշելով ուսուցիչների անունները։
Ֆերիկի «ապստամբության» հեղինակ ծնողները
Դավիթը մեզ ուղեկցեց իրենց տուն. ուզում էինք հասկանալ՝ արդյոք տեղյակ են տղայի ծնողները երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Մայրը ծանրությամբ ուսերը թոթվեց, երբ հարցրեցի, թե տեսել է արդյոք երեխայի ականջը։ Խորը հոգոց քաշեց ու ասաց․ «Պիտի գնայի այսօր դպրոց, գործերով ընկա, չհարմարացրի․․․ ախր ո՛ր մի բանից բողոքես․․․ Դե՛, մեր երեխաներն էլ կարգին չեն պահում իրենց, չի կարելի ասել, որ իրենց էլ անմեղ տեղը նեղացնում են։ Բայց դպրոցում խնդիրները շատ են։ Խտրականություն չկա, իհարկե, ուղղակի եթե ավելի լավ կրթեին մեր երեխաներին, լավ կլիներ։ Երեխաներն էլ առիթավորվում են, քանի որ ուսուցիչները չեն պահանջում, իրենք էլ գիտեն, որ կանցնեն մյուս դասարան, չեն սովորում»։
Սիլվան նշում է, որ ինքը հետևում է երեխաների դասերին, բայց ծնողներ էլ կան, որ չեն պահանջում իրենց երեխաներից։
«Ծնող կա, ինքը տառերը չգիտի, ո՞նց պիտի իր երեխուն սովորեցնի, եթե դպրոցն էլ հանձն չի առնում, ուրեմն այդ երեխան պիտի մնա այդպե՞ս։ Ես շատ խիստ եմ իմ երեխաների նկատմամբ․ ամեն ինչ անում եմ, որ իրենք սովորեն, գոնե մեր ճակատագիրը չշարունակեն։ Դասերը հաճախ չեն բացատրում։ Հիմա արդեն մահանա են բռնում, թե երկու դասարանը խառնվել են իրար, չենք հասցնում սովորեցնել։ Այս երկու տարի է, որ մենք արդեն այսպես խառնվել ենք»։
Զրույցին է միանում Սանամ Խուդոյանը, որն ամենից շատ էր հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ «30 տարի սկի որակ չկա, որ իր երեխաների համար ինքը չի պայքարել, բայց թոռերի համար պայքարելու է, 30 տարվա մեջ մի հատ երեխա բա չկրթվի՞։ Շատ խելացի, լավ երեխաներ կան։ Իմ թոռները 12, 11, 8 տարեկան են։ 3-րդ դասարանում երեխաներ կան, տառ չգիտեն գրել։ Օտար լեզվի ուսուցչուհին ոչինչ չի սովորեցնում երեխաներին, ինքն իրա հեռախոսի մեջ է մտած ամբողջ օրը։ Մեր եզդիերենի դասատուն էլ բան չի սովորեցնում, ինքն իր գործով, իր գյուղապետարանով։ Երեխաներին անտեսում է, շատ իզուր, որ ինքը դասատու է»։
«Իրեն երբ ձեռք է տալիս, գալիս է դասի, – ավելացնում է Սիլվան՝ միանալով եզդիերենի ուսուցչի մասին Սանամի բողոքին, – երբ ձեռք չի տալիս, չի գալիս, հետն էլ անիծում է, ախր, թող չանիծի երեխաներին»։
Եզդիերենի ուսուցիչը Ֆերիկի համայնքապետն է՝ Ռուստամ Հասանյանը։ Ֆերիկում եզդիերենը վերջին տասնամյակում է ներդրվել ուսումնական պլանում, սակայն մասնագիտացված վերապատրաստմամբ ուսուցիչների պակասի պատճառով առարկան դասավանդում են լեզուն տիրապետող անհատները, ովքեր հաճախ մանկավարժական կրթություն չունեն։
«Դասի գալուց էլ հսկայական տեքստեր է անգիր տալիս, – ասում է Սիլվան։ – Էս երեխան պատմության դասերը հասցնի սովորել, թե՞ էս անգիրները։ Շատ բարդ են էս տեքստերը։ Մեր խոսակցականի նման չեն։ Երեխան չի հասցնում մյուս դասերի հետ։ Գոնե մեկ օր տա կարդալ, հաջորդ օրը անգիր։ Պատմողական տեքստերն էլ է ախր անգիր տալիս»։
Սիլվան պատրաստվում էր դպրոց գնալ հենց այս առարկայի վերաբերյալ իր բողոքը նշելու և հատկապես պետք է նշեր, որ նախորդ օրը ուսուցիչը երեխային դասը չսովորելու համար անեծքներ է տվել։
«Ուրեմն չսովորողին անիծե՞ս, – ասում է Սիլվան ու ավելացնում, որ իր երեխաներից մեկը հեշտ է սովորում անգիրները, իսկ մյուսը ուղղակի չի կարողանում, բայց շատ տառապում է։ – Դու «սենց լինես», «քո հերն ու մերը սենց լինեն», «ազիզդ թաղվի», «մուրազդ փորդ մնա»․ սրանք ստանդարտ բոլոր երեխեքին է ասվում»։
«Բայց սուտ կլինի, որ ասենք՝ բողոքներ կան բոլորի դեմ, – ավելացնում է Սանամը։ – Լավ ուսուցիչներ էլ կան։ Օրինակ՝ երեխաները սիրով են խոսում Հայրապետյանի մասին, ով մի քանի առարկա է դասավանդում՝ հայրենագիտություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա, երաժշտություն»։
«Կարինե Միխայիլովնան, – ավելացնում է Սիլվան՝ խոսելով ռուսերենի ուսուցչի մասին։ – Նա թե՛ խիստ է և թե՛ մոր պես է վարվում երեխաների հետ, հոգատար է։ Լավին լավից բացի ոչ մի բան չես կարող ասել»։
«Բնագիտության ուսուցիչը, որ ջղայնանում ա, գրիչը բռնում ա, դուրս ա շպրտում, – միջամտում է երեխաներից մեկը։ – Սենց ձեռներով բռնում է ու ճըլըպ, գրիչն ընկնում է, վերցնում է, գոռում ու պատուհանից շպրտում է։
Սանամը բարկանում է երեխաների վրա․ «Մի հատ շուտ գնացեք ձեր գործին, չենք ասում, որ դուք ոգևորվեք, դա ձեզ չի վերաբերվում»։
Սիլվան նշում է, որ ուսուցիչն է առիթ տալիս երեխային, որ հարգանքով չվերաբերվի իրեն, ինքը չի հարգում երեխային, հետո էլ ափերից դուրս է գալիս․ «Մաթեմատիկայի ուսուցիչ ունենք՝ 50 տարվա ստաժով ծեր ուսուցիչ է, երեխաները չեն հարգում իրեն, նա էլ այնպես է խոսում երեխաների հետ, ոնց որ իրենց հալալ հորեղբոր տղան լինի։ Ձեռք են առնում ուսուցչին»։
Դպրոցում որպես հատուկ մանկավարժ աշխատած Զեմֆիրա Քալաշյանի վերաբերյալ տնօրենի կողմից հնչեցրած մեղադրանքները ծնողները ծիծաղելի են համարում։ «Լավ էր, որ գոնե մի կարգին դասատու եկավ, էս երեխեքի հետ լավ աշխատեց, – ասում է Սանամը, – ասենք՝ ինձ են սովորեցրել, բայց դուք հըլը մի հատ էս երեխեքին հարցրեք․ իրենց կարո՞ղ ես խաբել։ Ամոթ է, ամոթ, խանդում են էդ երեխուն։ Թող նրա պես ուսուցիչներ գային, մենք գոհ կլինեինք։
Իսկ ի՞նչ է փոխվել դպրոցում անցած տարվա բողոքից հետո։
Այս հարցին Սանամը պատասխանում է․ «Տարրականի ուսուցչուհին նոր է, լավն է, գիտելիքը լավ է փոխանցում, փոփոխություն զգացվում է։ Սինամը՝ թոռս, եկել է այսօր ինձ նոր դասն է պատմում․ տարին ունի 12 ամիս, տարվա մեջ 4 եղանակ կա, ուրեմն սովորեցրել են։ Ես էլ ուրախանում եմ, որ երեխան իր դասից ոգևորված է գալիս, բան է սովորում, իր սովորածից ուրախանում է»։
Սանամ տատն ափսոսանքով ասում է, որ ինքը մինչև 5-րդ դասարան է դպրոց գնացել, բայց այն ինչ սովորել է, երբեք չի մոռանա, քանի որ ուսուցիչները մեծ ձգտումով են դասավանդել։
«Դպրոցը պիտի ուժ տա երեխուն։ Մենք 10 երեխա ենք եղել։ Պապաս, մամաս իրենց գործով են զբաղված եղել, մեզանով չեն հետաքրքրվել, իրենց առօրյան են ստեղծել, մեզնից հասնում էր սովորել։ Ես հորս երեխեքին էի հետո պահում՝ մորս օգնում, բայց ինչ դպրոցում սովորել եմ, հիմա հարցնես, կասեմ քեզ։ Ծնողներս մեզ հետ զբաղվելու ժամանակ չունեին։ Ինչ սովորեցնում էին, ուսուցիչներն էին սովորեցնում։ Մեր կրթությունը որակ ուներ։ Երգի դասատու ունեինք, ես չէի սիրում էդ երգը, բայց ինքն այնքան հետևողական էր, որ հորս կանչեց, բողոքեց, որ ես իրա դասը չեմ ուզում սովորել, հայրս խոսեց վրաս, սկսեցի սովորել, և երբեք չեմ մոռանա սովորածս։ Հասկանո՞ւմ ես, երգը, որ կարող էի և չսովորել․․․Ա՛յ, հիմա կասեմ՝ դո-ռեմ-ֆա-սոլ-լյա-սի-դո և հակառակը՝ դո-սի-լյա-սոլ-ֆա-մի-ռե-դո։ Թոռներիս համար ուզում եմ, որ ձգտեն, սովորեն, ես ամեն ինչ կտամ դրա համար, բայց դպրոցը չի՛ սովորեցնում»։
Ծնողները նշում են, որ նախկինում երեխաներին հաճախ էին դասերից առիթ-անառիթ տուն ուղարկում։ «Երեխեքը 9-ին դպրոց էին գնում, մեկ էլ կտեսնես 10-ին հանել են, տուն ուղարկել, – ասում է Սանամը։ – Մի օր գնացի բողոքի, ասեցի՝ իմ երեխեքը դասի են եկել, դուք տուն եք ուղարկել․ էս ի՞նչ բան է։ Մենք երեխեքին շոր ենք առնում, կոշիկ ենք առնում, տանջվում ենք, որ դպրոց գան, սովորեն, դուք իմ երեխեքին տո՞ւն եք ուղարկում։ Տնօրենն ասաց՝ մի դասատու չի եկել։ Ուրեմն, ասացի, մի դասատուի համար դու ամբողջ դպրոցը տո՞ւն ես ուղարկում։ Դա անցած տարի էր, այս տարի, թու-թու-թու, ոնց որ թե լավ է»։
Հարցնում եմ՝ այսինքն՝ կարևո՞ր էր, որ բողոքեցիք։ «Հա՛, շա՜տ», – բացականչում է Սանամը։ Հարցնում եմ՝ իսկ նկատել եք, դպրոցում ծեծը որպես պատժամիջոց կիրառվո՞ւմ է։ «Իմ երեխեքին չեն ծեծել, – ասում է Սանամը, – ես չեմ կարող սուտ ասել»։
Սիլվան ասում է, որ հետևողական կլինի տղայի ականջի հարցով։ Նա նաև մատնանշում է մեկ այլ խնդրի՝ դասարանների երկհամակազմությունը, որը հատկապես սուր խնդիր է տարրական դասարաններում, քանի որ երեխաները դպրոց են գալիս հայերենին վարժ չտիրապետելով․«Մի երկու տարի է 2 դասարան միասին են դաս անում։ 1-ին և 2-րդ դասարանների համար, օրինակ, շատ դժվար է նույն դասարանում սովորելը։ Մեկը դեռ տառերը նոր է անցնում, մյուսը պիտի դասը կարդա։ Հիշողություն էլ չի մնում էս երեխեքի մոտ։ Մանկապարտեզ էլ չեն գնացել, կարգին հայերեն էլ չեն կարողանում խոսել՝ ամեն ինչ խառնվում է իրար»։
Հետաքրքրվեցինք՝ իսկ փոխնախարար Լ․ Առաքելյանի հետ ի՞նչ եք խոսել, ի՞նչ խոստացավ։ «Ես ասացի՝ եկե՞լ ես իմ գլխին լոլո ես կարդում, – ասում է Սանամը, – ծիծաղեց, գնաց»։ «Խոստացավ, որ ամեն ինչ կփոխվի, – ավելացնում է Սիլվան, – բայց ոչինչ էլ չի փոխվում»։
«Բայց չէ՞ որ դուք ասացիք, որ այլևս դպրոցից շուտ տուն չեն ուղարկում, դասերը նորմալ ընթանում են»։ «Միայն դա, – ասում է Սիլվան, – բայց շատ բան նույնն է»։
Հետաքրքրվեցինք՝ տեսչությունից ստուգումների համար եկե՞լ են։ Ծնողները հաստատեցին, որ, երեխաների պատմելով, դասերին սկսել են ստուգողներ գալ։ Ճիշտ է՝ ծնողների հետ չեն փորձում հանդիպել, բայց դպրոցում դասերին մասնակցում են։
«Մենք թշնամաբար չենք վերաբերվում դպրոցին, նախարարությանը, – ասում է Սանամը, – պարզապես, ո՞նց կարելի է․ դու 30 տարի գաս, խորոված սարքես դպրոցի բակում, քեֆ անես, մի հատ երեխա կարգին չդաստիարակես։ Դու բարձին ո՞նց ես գլուխդ դնում, քնում, ո՞նց ես էդ մեղքի տակից դուրս գալու»։
Սանամը գտնում է, որ հենց դպրոցի այս մակարդակն էլ որոշիչ դեր է խաղում մարդու հետագա կյանքի համար։ Նրա ասելով, այստեղ այնպիսի միջավայր չի ստեղծվում, որ երեխան նախ մի բան սովորի, հետո էլ ձգտի շարունակել ուսումը։ «Հիմքը չեն դնում, երեխաներին տուն են ուղարկում, իրենք զվարճանում։ Կհամեմատե՞ս առաջվա հետ ։Ես Ներքին Խաթունաղի աղջիկ եմ, հազար ողորմի իմ ուսուցիչներին, ես էս երեխեքի ստացածը իմ 5 տարիների կրթության հետ չեմ համեմատի»։
Նյութում ծնողներից մեկի ու երեխաների անունները փոփոխված են։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորիհի շրջանակում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնի» կողմից: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնը» և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները: