Նոյեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել համացանցի ռուսական սեգմենտի անվտանգ և կայուն գործարկման ապահովման մասին կամ, այսպես կոչված, սուվերեն Ռունեթի մասին օրենքի հիմնական մասը։
Փաստաթղթի համաձայն, ինտերնետ մատակարարները պարտավորվում են տեղադրել Ռոսկոմնադզորի տրամադրած սարքավորումները, որոնց միջոցով Ռունեթի անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում հնարավոր կլինի իրականացնել ցանցի կոնտրոնացած կառավարում։ Սարքավորումները նաև կարգելափակեն արգելված ռեսուրսները։
Օրենքի որոշ կետեր, օրինակ՝ ազգային դոմենային զոնայի և գաղտնագրական պաշտպանության կանոնադրությունները, ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարից։
«Թվային էկոնոմիկա» ազգային ծրագրի տվյալների համաձայն, օրենքի իրագործման ծախսերը կկազմեն ավելի քան 30մլրդ ռուբլի։ Որոշ ինտերնետ մատակարարներ նշում են, որ ամբողջ ընթացիկ տրաֆիկի վերլուծության նախագիծը «տիեզերական» գներ կարժենա։
Օրենքի քննադատները մտավախություն ունեն, որ ավտոնոմ ցանցը կընդլայնի ինտերնետում գրաքննության հնարավրությունները։ Երեկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որով քննադատում էր «սուվերեն Ռունեթը»։ «Այս օրենքն ապացուցում է, որ ռուսական իշխանությունները պատրաստ են քաղաքական վերահսկողություն սահմանել ամբողջ ցանցային ենթակառուցվածքի վրա, որպեսզի անհրաժեշտության դեպքում կանգնեցնել թվային տեղեկատվության հոսքը։ Նույնիսկ եթե նոր պահանջներն ամբողջությամբ չիրագործվեն, դրանք ցույց են տալիս, թե որքան մեծ է ռուսական համացանցի ազատությանը սպառնացող վտանգը»,֊ հայտնել է Քրիստիան Միրը՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի գործադիր տնօրենը։
«Սուվերեն Ռունեթի» մասին օրենքը նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր մայիսի 1-ին։ Հեղինակները ընդգծում էին, որ օրինագիծը մշակվել է «2018 թվականի սեպտեմբերին ընդունված ԱՄՆ֊ի կիբերանվտանգության ազգային մարտավարության ագրեսիվ բնույթը հաշվի առնելով»։
Գարնանը Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր էին՝ հանուն ինտերնետի ազատության։