հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Քննիչները ներել են «Լոռու առողջապահություն» հիմնադրամի ռեկետը

Քննիչները ներել են «Լոռու առողջապահություն» հիմնադրամի ռեկետը

2018 թվականի հուլիսի 10-ն  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել էր «Լոռու առողջապահություն» հիմնադրամին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2012-2018 թթ. գործունեության մասին: Հիմնադրամի ղեկավարությունը բավարարել էր գրասենյակի խնդրանքը միայն 2014-2017 թվականների ֆինանսական հաշվետվությունների մասով:

Հարկ է նշել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին զուգահեռ, 2018-ի հունիսին մարզպետ նշանակված Անդրեյ Ղուկասյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է, հայտարարեց, որ ուսումնասիրելու է բոլոր հիմնադրամների, այդ թվում՝ «Լոռու առողջապահություն» հիմնադրամի գործունեության արդյունավետությունն ու նպատակահարմարությունը: Նա կասկածներ ուներ, որ տարիներ շարունակ Լոռու նախկին ՀՀԿ-ական մարզային իշխանությունների կողմից ստեղծված և ղեկավարված «Լոռու առողջապահություն» հիմնադրամի  միջոցով հավաքագրված մեծ գումարները նպատակին չեն ծառայել: Հիշեցնենք՝ հիմնադրամի հիմնական ֆինանսական միջոցները գոյացել են առողջապահական ոլորտի աշխատակիցների այսպես կոչված՝ «կամավոր» հանգանակություններից:

2018 թվականի հուլիսի 19-ին Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Ֆ. Մ.-ը հաղորդում է ներկայացնում ոստիկանություն: Բուժաշխատողը  պնդում է, որ «Լոռու առողջապահություն» հիմնադրամին իրենց աշխատավարձերից ամեն ամիս 1 %-ի չափով գումարների փոխանցումը եղել է՝ առանց Սպիտակի բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների, այդ թվում և՝ իր գիտության կամ համաձայնության: Արդյունքում  2013-2018 թթ.-ին յուրացման եղանակով  իրենից հափշտակվել է 163.030 դրամ: Դեպքի առիթով 2018-ի հուլիսի 30-ին Սպիտակի ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով` (յուրացնելը կամ վատնելը […] նույն գործողությունը, որը կատարվել է՝  1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Հիմնադրամների գործունեության հետ կապված հայտարություններից հետո, բուժաշխատողներից շատերը սկսեցին խոստովանել, որ այդ վճարները եղել են պարտադրված: Իրենք չեն էլ պատկերացրել, որ կարող էին նաև չվճարել։

Մինչ իրավապահները քննում են սպիտակցի բուժաշխատողի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը՝ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայից խտրականության հիմքով աշխատանքից ազատված Ա. Ս.-ը դիմում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ իրավական աջակցության խնդրանքով: Բուժքրոջ մտահոգության առարկան դարձյալ աղմկահարույց 1 % պահումներն էին: Ըստ Ա. Ս․-ի՝ 2013-2019 թթ.  «Լոռու առողջապահություն» հիմնադրամին իր աշխատավարձից ուղղվել է ընդհանուր առմամբ 42.173 դրամ գումար անդամավճար: Վերոհիշյալ մտահոգության մասին Ա. Ս․-ը  2019 թվականի սեպտեմբերի 20-ին նամակով դիմել էր նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ցանկանալով մանրամասն տեղեկանալ՝ ինչ պատճառներով և իրավական ինչ հիմնավորմամբ են արվել այդ պահումները՝ պահանջելով նաև համապատասխան հիմնավորող փաստաթղթեր, եթե այդպիսիք կան: Պատասխան գրությամբ  մարզի ղեկավարը քաղաքացուն  տեղեկացրել էր, որ նյութեր են ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս անդամակցության պարտադիր բնույթ կրելու հանգամանքները քննելու նպատակով:

Մարզպետն իր նամակում պարզաբանել էր նաև, որ 2013 թվականին ընդհանուր ժողովում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի կոլեկտիվը, ենթադրվում է, որ այդ թվում նաև՝ Ա. Ս․-ը, ծանոթացել են նորաստեղծ հիմնադրամի գործունեությանը, իրենց ստորագրություններով վավերացված համապատասխան համաձայնագրերով հավանություն տվել սեփական աշխատավարձից 1 %-ի չափով կամավոր հիմունքներով անդամավճարներ վճարելուն:

2019 թվականի հոկտեմբերի 23-ին, դարձյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ, Ա. Ս․-ը նամակով դիմել էր Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանին՝ խնդրելով իր գրությունն ուղարկել վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական գործով իրեն տուժող ճանաչելու նպատակով, եթե իհարկե, «Լոռու առողջապահություն» հիմնադրամի վերաբերյալ  նյութերի հիման վրա ՀՀ դատախազությունում հարուցվի քրեական գործ: Իր՝ տուժող լինելը, Ա. Ս․-ը հիմնավորել էր հանգամանքով, որ 2013 թ. ապրիլից մինչև 2019 թվականի օգոստոսը, յուրաքանչյուր ամիս վերոնշյալ  հիմնադրամին իր աշխատավարձի 1 %-ը փոխանցելու արդյունքում իրեն պատճառվել է գույքային վնաս՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի` (դատավարության մասնակից չհանդիսացող ցանկացած անձսույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքումիրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվորքաղաքացիական պատասխանողնրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ):

Մարզի դատախազից քաղաքացին խնդրել էր նաև տեղեկություններ այն մասին՝ արդյոք հարուցվել է քրեական գործ, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա ինչ հիմքով, ինչ ընթացքում է այն, կան կասկածյալներ կամ մեղադրյաներ, թե՝ ոչ։

Վերադառնանք «Լոռու առողջապահություն» հիմնադրամին: Այն ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերին: Հիմնադիրը Լոռու մարզպետարանն է: Բավական ուշագրավ է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Այն նախագահել է Լոռու նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը: Կազմում եղել են փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի առողջապահության վարչության նախկին պետ Սամվել Լամբարյանը, ով վերջերս ազատվեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքի ղեկավարի պաշտոնից, «Վանաձոր» ԲԿ նախկին տնօրեն Վարդան Աբովյանը, մարզի հիվանդանոցների տնօրեններ՝ Ռոբերտ Չիլինգարյանը, Արսեն Մկրտչյանը, Գեորգի Իլոյանը, Ստեփան Մոսինյանը, Վալիկո Չալաբյանը, Վանաձորի թիվ 1, 3, 5 պոլիկլինիկաների նախկին տնօրեններ Սիլվա Նազարյանը, Նվարդ Քոչարյանը, Զեմֆիրա Մարգարյանը, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի նախկին տնօրեն Գայանե Քալանթարյանը, «Գուգարք» պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Սիմոնյանը, ատամնաբուժական հաստատությունների ղեկավարներ՝ մարզի գլխավոր ատամնաբույժ Վահրամ Նիկողոսյանը, Արման Կռոյանը և Գագիկ Քալանթարյանը: Հիմնադրամի տնօրենը եղել է Պարգև Թորոսյանը՝ «Վանաձոր» ԲԿ նախկին փոխտնօրենը, ում անունը նույնպես շրջանառվում էր կոռուպցիոն գործարքների հետ կապված:  2019-ի հունվարին՝ տնօրեն Վարդան Աբովյանի պաշտոնանկությունից հետո, Պարգև Թորոսյանը ևս ազատվեց աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: Միայն այն, որ հոգաբարձուների խորհրդի կազմում եղել են բուժհաստատությունների տնօրենները,  հիմք է տալիս ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ, հենց նրանց պարտադրանքով են Լոռու մարզի բուժոլորտի աշխատողներն իրենց աշխատավարձերի 1 %-ները փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին՝ որպես «կամավոր» անդամավճարներ՝ վախենալով հետագա հնարավոր ճնշումներից ու աշխատանքը կորցնելուց: Ուսումնասիրելով հիմնադրամի ծրագրային ուղղությունները, մեր աչքից չվրիպեց նաև այն, որ  2014-2017 թթ․ հաշվետվություններն այնքան են միմյանց կրկնում, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք նույնությամբ պատճենված են՝ միայն թվական տվյալների փոփոխմամբ:

2014-2017 թթ. ընթացքում, միայն բուժաշխատողների «կամավոր» անդամավճարներից հիմնադրամին են ուղղվել համապատասխանաբար՝ 18.485.441 դրամ (2014թ.), 21.028.236  դրամ (2015թ.), 23.258.008 դրամ (2016թ.), 22.743.111 դրամ (2017թ.) գումարներ: Հանրագումարի բերելով թվերը՝ ստացվում է, որ բուժաշխատողներից 4 տարվա ընթացքում գանձվել է 85.514.796 դրամ: Ինչ վերաբերում է ծրագրային գործողություններին, բոլոր 4 փաստաթղթերում, նույն 4 ուղղություններն են.

– առողջության հետ կապված օգնության տրամադրում բուժաշխատողներին և քաղաքացիներին,

– աջակցություն բուժհաստատություններին՝ բժշկական սարքավորումների և գույքի ձեռք բերման նպատակով,

– աջակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին,

– բուժաշխատողների համար միջոցառումների կազմակերպում։

Միայն 2017-ին է, որ հիմնադրամն աջակցել է զոհված և անհետ կորած զինվորների ընտանիքներին ու «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին, թե ինչ չափով՝ հաշվետվության մեջ չի նշվում: Սրան զուգահեռ՝ 2015-2017 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակել է 100.000-ական  դրամ:

Ներկայացված թվական տվյալներում ուշագրավ են նաև բուժաշխատողներին  և քաղաքացիներին առողջության հետ կապված օգնություն տրամադրելու և բուժաշխատողների միջոցառումների կազմակերպման  ծախսերը.

բուժաշխատողների համար միջոցառումների կազմակերպում՝

2014 թ. – 718.000 դրամ
2015 թ.-  632.000 դրամ
2016 թ.-  1.073.000 դրամ
2017 թ.- 4.740.000դրամ

առողջության հետ կապված օգնության տրամադրում բուժաշխատողներին և քաղաքացիներին՝

2014 թ.- 2.568.000 դրամ
2015 թ. -4.010.000 դրամ
2016 թ.- 8.560.000 դրամ
2017 թ.-10.650.000 դրամ

Ակնհայտ է, որ 2 դեպքում էլ դրանք աստիճանաբար ավելացել են՝ հարցականի տակ առնելով դրանց արդյունավետությունը. արդյո՞ք, իրականում այդքան գումար ծախսվել է, թե՞ ոչ, ի՞նչ չափանիշներով են ընտրվել այն բուժաշխատողները կամ քաղաքացիները, որոնց իբր թե օգնություն տրամադրելու նպատակով, ծախսվել են այդ գումարները, որքանո՞վ են տեղին եղել այդ ծախսերը, երբ միայն բուժաշխատողների աշխատավարձերի 1 %-ներից գոյացող հիմնադրամի բյուջեն կարելի էր ծառայեցնել շատ ավելի արդյունավետ ու շոշափելի նպատակների:

Թերահավատության տեղիք է տալիս նաև այն, որ առողջապահության զարգացմանն աջակցելու, սոցիալական, բարեգործական և այլ հանրօգուտ աշխատանքներ իրականացնելու նպատակով ստեղծված հիմնադրամը չունի պաշտոնական կայք, ինչը կասկածի տակ է դնում ֆինանսական միջոցների հաշվետու և թափանցիկ կառավարումը: Հաշվետվությունների ուսումնասիրություններում ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրեց տարօրինակ մի հանգամանք ևս: Մարզպետարանի կողմից «Լոռու առողջապահություն» հիմնադրամի բոլոր տարիների  աուդիտորական եզրակացությունների տեքստերը, բացի նրանից, որ բառացիորեն կրկնում են մեկը մյուսին, պատվիրվել են նույն՝ Վանաձորում գործող «Աուդիտ սերվիս» ընկերությանը, այն դեպքում, երբ դաշտում նման ծառայություններ մատուցող բազմաթիվ այլ կազմակերպություններ կան:

Իրականացնողն էլ բոլոր տարիներին եղել է ընկերության նույն աշխատողը՝ Ք. Ղ․-ը: Ավելին՝ պարզվել  է, որ այդ նույն աուդիտորական կազմակերպությանն է պատվիրվել նաև մյուս 2՝ «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների վերջին 5 տարիների աուդիտը՝ ամեն տարի այդ ծառայության դիմաց վճարելով շուրջ 400.000 դրամ: Որքան էլ տարօրինակ ու զավեշտալի է՝ ընկերության աշխատակիցը 1 նախադասություն- եզրակացությամբ հավաստել է, որ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին և վերջ։

Ի դեպ՝  հիմնադրամների մասով Լոռու մարզպետի հայտարությունից հետո, բուժաշխատողները դադարեցրել են իրենց աշխատավարձերի 1%-ները վճարել «Լոռու առողջապահություն» հիմնադրամին: Հարկ ենք համարում նշել, որ թեմայի շրջանակներում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր. «Սա ես համարում եմ պետական ռեկետ։ Իշխանության լծակները օգտագործելու միջոցով աշխատողների աշխատավարձերից համատարած, պարտադրված գանձում, գումարների հավաքում ինչ-ինչ նպատակների համար՝ հավելելով, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող նյութերը քննելու հարցում «քննչական մարմինները դանդաղկոտություն են ցուցաբերում»:

Արթուր Սաքունցի կարծիքով՝ եթե այժմ իրավական գնահատական չտրվի մարզային մակարդակով պետական ռեկետին, ապա սա ճանապարհ է բացում, որ նման գործողություններ կարող են կատարվել նաև նոր իշխանությունների օրոք։ «Ես այստեղ լուրջ հարցադրումներ ունեմ քննչական մարմիններին։ Պարոնայքպատշաճ չեք աշխատում», – ընդգծել էր Սաքունցը 2018 թվականի դեկտեմբերին՝ հարցազրույցներից մեկում։

Նշենք, որ իրավապահների դանդաղկոտության վերաբերյալ Արթուր Սաքունցի վերոգրյալ կարծիքին քրեական գործի քննությունը հսկող Լոռու մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հակադարձել էր՝ ասելով, որ գործը ծավալուն է, հարցաքննվել են մեծաթիվ պաշտոնյաներ, այդ թվում և՝ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ, Լոռու մարզպետարանի նախկին պաշտոնյաներ, կառավարիչներ, տնօրեններ, բուժաշխատողներ։

Պողոսյանի խոսքով՝ այն անձինք, ովքեր հարցաքննվել են, ասել են, որ այդ գումարները պարտադիր կարգով է բռնագանձվել։ Այսինքն՝ իրենք նույնիսկ տեղյակ չեն եղել այդ գումարների մասին:

Գալով Ա. Ս․-ի՝ Լոռու մարզի դատախազին ուղղված նամակին, նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի դատախազությունն արձագանքել էր քաղաքացուն՝ ներկայացնելով մի շարք պարզաբանումներ, որոնք առնչվում են նույնանման հանգամանքներում հայտնված Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Ֆ. Մ.-ի 2018-ի հաղորդման հիման վրա հուլիսի 30-ին հարուցված քրեական գործին: Գրության մեջ նշված էր, որ վերոհիշյալ հնարավոր չարաշահումների մասով քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են բուժհաստատությունների տնօրեններ, հաշվապահներ, գործին առնչված բազմաթիվ անձինք, հիմնադրամին հնարավոր պարտադրանքի կամ չտեղեկացվածության արդյունքում փոխանցումներ կատարած 200-ից ավելի աշխատակիցներ, նշանակվել փորձաքննություններ:

Որքան էլ տարօրինակ է՝ դատախազության պատասխան գրության մեջ նշված է, որ 200-ից ավելի հարցաքննված աշխատակիցներն իրենց ցուցմունքներում հավաստել են, որ հիմնադրամին անդամակցել են առանց պարտադրանքի, հետևաբար 1 % պահումներն էլ փոխանցվել են կամովին:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով գումար հափշտակելու կամ այլ չարաշահումներ թույլ տալու հանգամանքը չի հաստատվել, չեն գտնվել հավաստի ապացույցներ, ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, չի ընտրվել խափանման միջոց որևէ մեկի նկատմամբ, 1 տարի անց՝ 2019-ի հուլիսի 30-ին, որոշում է ընդունվել քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Ի մի բերելով վերոշարադրյալը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վրդովմունք է հայտնում քրեական գործը կարճելու և իրավապահ մարմինների դրսևորած անգործության կապակցությամբ: «Մենք արձանագրում ենք, որ քննչական մարմինը չի դրսևորել բավարար կամք և ջանքեր՝ վերոնշյալ գործը մանրամասնորեն ու հանգամանալից քննելու և բացահայտելու ուղղությամբ: Իրավապահների ուշադրությունից չէր կարող վրիպել կարևորագույն մի հանգամանք, որ Լոռու մարզպետի նշանակումից անմիջապես հետո, մարզի բուժաշխատողները դադարեցրել են «Լոռու առողջապահություն» հիմնադրամին իրենց աշխատավարձերից 1 % «կամովին» անդամավճարներ փոխանցելը: Սա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ մինչ այդ բոլորը պարտադրված են եղել այդ վճարների հարցում: Հակառակ պարագայում իշխանափոխությունից հետո նույնպես կշարունակեին բնականոն կերպով վճարումներ կատարելը։

Ինչ վերաբերում է 200-ից ավելի հարցաքննված բուժաշխատողներին, ովքեր, իրենց ցուցմունքներում հավաստել են, որ հիմնադրամին փոխանցված 1 %-ները եղել են իրենց կամքով, կասկածի տեղիք է տալիս այն առումով, որ կամ տվյալ հարցաքննված բուժաշխատողների վերադասները նախաքննության ընթացքում ճնշումներ են գործադրել իրենց ենթակաների վրա՝ նման ցուցմունքներ կորզելու հարցում, կամ առողջապահության ոլորտում իրապես «իրավիճակ չի փոխվել», – նշված է իրավապաշտպանների հայտարարությունում: