Home / Բանտ / Լիտվայի արդարադատության նախարարը գոհ է հայաստանյան բանտ այցից

Լիտվայի արդարադատության նախարարը գոհ է հայաստանյան բանտ այցից

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Այցի գլխավոր նպատակն էր ծանոթանալ ազատազրկված անձանց պահման պայմաններին, հիմնարկի առանձնահատկություններին և հնարավորություններին: Շրջայցի ընթացքում եղան ճաշարանում, ծանոթացան փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից ազատազրկված անձանց հատկացվող սննդի պատրաստման պայմաններին և ճաշացանկին։ Այնուհետև շրջեցին հիմնարկի բնակելի տարածքում, օտարերկրյա դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքում, եղան երկարատև տեսակցությունների՝ նոր վերանորոգվող սենյակներում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, պատվիրակության անդամներին առանձնապես հետաքրքրեցին ազատազրկված անձանց զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող միջոցառումների կազմակերպման ընթացքն ու հնարավորությունները: Այդ նպատակով եղան հիմնարկի համակարգչային սենյակում, գրադարանում, որտեղ, հայերենից բացի, կա նաև օտարալեզու գրականություն: Հյուրերին հատկապես տպավորեց խեցեգործության սենյակը՝ ազատազրկված անձանց ձեռքով պատրաստված բացառիկ, ուշագրավ աշխատանքներով:

«Այցելության ավարտին նախարար Էլվինաս Յանկևիչիուսն իր շնորհակալությունը հայտնեց ճանաչողական այցի շրջանակներում ընդունելության համար՝ նշելով, որ բարձր է գնահատում համագործակցության և փորձի փոխանակման նման հնարավորությունները», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։