Սովը տարերային աղետի կամ անբերության հետևանք չէր՝ բոլշևիստական ռեժիմի նպատակաուղղված քաղաքականության արդյունքն էր։ Պարենամթերքի բռնագրավում, գյուղերի ու մարզերի շրջափակում, սովի մատնված Ուկրաինայից հեռանալու անհնարինություն․ տոտալիտար համակարգն ուկրաինացիների համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ էր ստեղծել։ Խորհրդային իշխանությունները չէին էլ խոսում սովի մասին։ Ինչպես Երևանում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Ուկրաինայի և Հայաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, այդ իրադարձությունների հետ կապված փաստաթղթերի մեծ մասը Ռուսաստան է տարվել և թաքցվում է։
Ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության՝ Հոլոդոմորի հիշատակի օվան ընդառաջ, որը նշվում է նոյեմբերի վերջին շաբաթ օրը, Ուկրաինայի դեսպանատան և Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի հովանու ներքո Երևանում տեղի ունեցավ կոնֆերանս՝ ուկրաինական դիվանագետների ու տեղական հասարակական գործիչների մասնակցությամբ։ Խոսում էին 1932-1933 թվականներին Ուկրաինայում միլիոնավոր կյանքեր խլած սովամահությունից և Հոլոդոմորի ցեղասպանության ու Մեծ եղեռնի փոխադարձ ընդունումից։
«Հայաստանի համար Հոլոդոմորի ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտություն է, առանց որի մենք չենք կարող աշխարհից Հայոց ցեղասպանության ճանաչում ակնկալել։ Եվրոպական մտածողության հայերի համար հենց Ուկրաինան է իմպերիալիզմի և կոլոնիալիզմի դեմ պայքարի ուղենիշը», – հայտարարեց ռեժիսոր, Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը։
Ըստ Խզմալյանի, գաղութատիրական համակարգի գերնպատակը Հայաստանի հայազերծումն ու Ուկրաինայի ուկրաինացիազերծումն էր․
«Երբ հիմա Կրեմլում ասում են «չէ որ միայն ուկրաինացիներ չեն մահացել»… Հենց դա էր առաջադրանքը․ վերացնել ազգության գաղափարը։ Եվ եթե սպանում էին ռուսներին, ապա նրա համար, որ էլ իրենց ռուս չզգան։ Դրա համար էլ երբ հիմա Ձեր մասին լսում ենք «մենք մի ժողովուրդ ենք» բացականչությունները, դա երեսպաշտություն է․ եթե մի ժողովուրդ եք, ինչպես եք հերքում ձեր ժողովրդի մի մասի զանգվածային սպանությունը»։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Հոլոդոմորի ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման ակտ է, այլ նման երևույթի չկրկնման ապահովման խնդրի լուծում։
«Ես կարևորում եմ այսօրվա միջոցառումը, որն առաջին անգամ է հանրային վայրում իրականացվում։ Հիմա այն տեղի է ունենում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում, և դա նույնպես քաղաքական հարց է։ Սա նման պատմական իրադարձության հետ կապված Հայաստանի քաղաքականության մշակման գործընթացի սկիզբն է։
Ինձ համար ակնհայտ է, որ դա ուկրաինական ժողովրդի դեմ ուղղված կանխամտածված պետական ահաբեկչության ակտ էր, իրականացված պետության, պետության վերահսկողության տակ գտնվող պետաշխատողների կողմից, որով փորձում էին կոտրել ժողովրդի ոգին, դիմադրության կամքը, փորձում էին կայսերականությանը ենթակարկեցնել ուկրաինացի ժողովրդի դիմադրող սեգմենտին», – հայտարարեց փորձագետը։
Սովետական այլախոհ, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատմեց, որ Հոլոդոմորի մասին առաջին անգամ լսել է իր քաղաքական մոտիվներով ազատազրկման ժամանակ՝ բանտակից ուկրաինացիներից․ «20 տարեկան էի այդ ժամանակ»։
«Հոլոդոմորի ցեղասպանության ընդունման հակառակորդների հիմնական փաստարկն այն է, որ դա ոչ միայն Ուկրաինայում է տեղի ունեցել, և ոչ միայն ուկրաինացիներն են տուժել։ Ես հակափաստարկ ունեմ․ նման մտածողությամբ կարող ենք ժխտել Հոլոքոստը, ասելով, որ ոչ միայն հրեաներ են տուժել, այլ նաև գերմանացի հակաֆաշիստներ։ Բայց ախր դա հիմարություն է։
Ռուսները կարող էին ասել, ինչպես դա անում են բարեխիղճ ռուսները, որ այո, Հոլոդոմորի դեպքերն առաջին հերթին հակաուկրաինական բնույթ ունեին, բայց զոհեր եղել են նաև այլ շրջաններից։ Բայց իրենք այլ դիրքորոշում ունեն, որը, ցավոք, կարող է հիմք դառնալ նմանատիպ հանցագործության կրկնության համար», – հայտարարել է Հայրիկյանը։
Հոլոդոմորի մասին որպես միջազգային հանցագործություն հիշելն անհրաժեշտ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ նաև սեփական ապագայի նկատմամբ մարտավարական վերաբերմունքից ելնելով, հավելել է Հայրիկյանը։