Հայաստանում հրեական համայնքը չունի լուրջ խնդիրներ, եթե չհաշվենք «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի շուրջ ծավալվող վեճի պատճառով հրեական համայնքի գրասենյակային տարածքի անհասանելիությունը․ ասում է կազմակերպության ղեկավար Ռիմա Վարժապետյանը։ «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնի» մասնագետը հանդիպել էր տիկին Վարժապետյանի հետ՝ «Միասին հանուն որակյալ կրթության» ծրագրի շրջանակում քննարկելու Հայաստանում հրեաների կրթական խնդիրները։
– Տիկին Վարժապետյան, ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանում հրեական համայնքը մասնավորապես կապված երեխաների որակյալ կրթության հետ։
– Նախ, ավելի խորքից սկսենք։ Հայաստանում, փառք Աստծուն, երբեք հակասեմականություն տարածված չի եղել, քանի որ 100 տոկոս խառը ընտանիքներ են, և ոչ բոլոր հրեա մայրիկներն են իրենց զավակներին մեծացնում հրեականության ոգու մեջ։ Իմ ընտանիքի դեպքում էլ այդպես է․ երեխաներիս հայրը հայ է, և նրանք մեծացել են կատարյալ տոլերանտության մթնոլորտում։ Սակայն պետք է նշել, որ հրեա ազգին պատկանելը ծնունդով չի որոշում։ Նույնիսկ Թորայում է գրված է, որ հրեա լինելը միայն ծնունդով չէ․ հրեա է նա, ում ոգին է հրեայի։ Ի տարբերություն մյուս ազգերի հերա ազգությունը որոշվում է մորական կողմով։ Այստեղ ի՞նչն է կարևոր․ անձի ազգային ինքնորոշման դաստիարակումը։ Ավանդույթների, լեզվի՝ իվրիտի ու կրոնի վերածնունդը․ վերջինի համար լավ է, որ Հայաստանում կա սինագոգան, տարբեր մշակությային միջոցառումները նպաստում են երեխայի մեջ հրեայի ձևավորմանը։ Մենք ոչ մի կերպ չենք փորձում երեխաներին պոկել իրենց հայկական արմատներից։ Այս ամենն ընթանում է զուգահեռ։ Դպրոցում երեխաները շատ ծանրաբեռնված են և շատ դժվար է իրենց պարտադրել կիրակի օրով գնալ դպրոց, դա ինչ-որ տեղ ճիշտ չէ։ Հիմնականում այն ընտանիքներն են երեխաներին ուղարկում կիրակնօրյա դպրոց, ովքեր նպատակ ունեն հետագայում տեղափոխվել Իսրայել։ Ըստ հրեական ավանդույթի բոլոր հրեաները պետք է մի օր հավաքվեն իրենց հողի վրա՝ Իսրայելում։
Ըստ տիկին Վարժապետյանի՝ վերջին տարիներին Հայաստանում հրեաների թվաքանակը կրկնակի նվազել է, և կիրակնօրյա դպրոցներում մասնագետների պակաս չկա։ Բացի այդ, Հայաստանում գործող սինագոգան նույնպես նպաստում է մշակույթի ու լեզվի պահպանմանը։ Ըստ նրա՝ ռադիո կամ հեռուստահաղորդում ունենալու կարիք չկա, բայց ունեն թերթ՝ «Մագեն Դավիդ», որը թարգմանաբար նշանակում է Դավթի վահան։ Թերթը ռուսալեզու է, կազմակերպության կայքը ևս ռուսալեզու է, և տիկին Ռիման դա հարմար է գտնում։ Հրեական կազմակերպությունը ֆինանսավորում է ստանում Իսրայելից և տարբեր երկրների հրեական համայնքներից։ Դրամաշնորհ ստացած ծրագրերից Վարժապետյանն առանձնացնում է «Հոլոքոսթի դասեր» ծրագիրը, որի նպատակն էր հանդուրժողականության տարածումը։ Ըստ նրա՝ շատ հետաքրքիր սեմինարների շարք էր կազմակերպվել 5-6 տարի առաջ, այն նախատեսված էր հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար։
– Դասընթացի ընթացքում առաջին անգամ խոսվեց ուկրաինական ցեղասպանության՝ Հոլոդոմորի մասին, – ասում է տիկին Ռիման, – խոսեցինք նաև ասորական ցեղասպանության մասին։ Սկզբում հայ ուսուցիչները դժկամությամբ էին վերաբերվում Հոլոքոսթի թեմայի մասին զրույցին այն համատեքստում, որ Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ մենք պետք է խոսենք Հոլոքոսթի մասին, սակայն հետո սրահում համընդհանուր փոխըմբռման մթնոլորտ էր տիրում։
– Ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության մոտեցումը։ Ի՞նչ է փոխվել։ Փորձե՞լ են ձեզ հետ կապ հաստատել։
– Ցավոք, դեռևս ոչ։ Նախկինում կար նախագահին առընթեր համակարգող խորհուրդ, 11 ազգային փոքրամասնությունների համայնքներ էին ներկայացված այդ խորհրդում՝ յուրաքանչյուրը երկուական ներկայացուցչով։ Տրվում էին դրամաշնորհներ, անց էին կացվում ԱՓ փառատոններ, սակայն այս ամենը վերջացավ նախորդ կառավարության հետ։ Փառատոնները ամեն անգամ նույնն էին, մեզ արդեն հետաքրքիր չէր նույնիսկ ինքներս մեզ լսել ու նայել, դրա համար ամեն անգամ փորձում էինք ներկայացնել հայաստանյան բուհերում ու այլ ուսումնական հաստատություններում։ Սակայն այս ամեն ինչի համար մեթոդական մոտեցում է հարկավոր։ Օրինակ՝ Հոլոքոսթի մասին հայկական դասագրքերում ուղիղ 3 տող է ներկայացված․ ասվում է, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ 6 միլիոն հրեաների նկատմամբ իրականացվել է ցեղասանություն և վերջ։
Մայիսի 3-ին Վարչապետը որոշում է ընդունել Ազգային փոքրամասնությունների խորուրդ կազմելու վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ մեր կողմից բարձրացված հարցերին վերջապես ականջալուր կլինեն։ Ես հասկանում եմ, որ բացերն ու խնդիրները շատ են և դրանք հասցեագրման կարիք կա։ Ի դեպ, արդեն կա ԱՓ մասին օրենքի նախագիծ, կա որոշակի շարժ։
– Ինչպե՞ս եք աշխատում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Ի՞նչ հարցեր եք բարձրացրել նրանց առջև։
– Խնդիր ունենք ՄԻՊ-ին կից նախկին խորհրդի հետ կապված։ Նախկին խորհուրդը միավորել են սեռական փոքրամասնությունների խորհրդի հետ, որը որևէ ազգային փոքրամասնության խմբի համար ընդունելի մոտեցում չէ, և մենք փաստացիորեն դուրս ենք մնացել էդ խորհրդի աշխատանքներից, որովհետև հրաժարվում ենք համագործակցել այդ ֆորմատով։ Վերջերս տեղի ունեցած ԱԺ լսումների ժամանակ ես ելույթ ունեցա։ Նշեցի, որ ՀԿ-ների հարկման մեխանիզմը շատ անարդարացի է, քանի որ մենք բարեգործական միջոցներից ենք օգտվում։ Դրանք հավաքվում են տարբեր երկրներում իրականացվող մարդկանց հանգանակություններից․ մարդիկ նվիրաբերում են 3, 10 դոլար, և անընդունելի է այս գումարը 25 տոկոս հարկելը։
– Տիկին Վարժապետյան, ինչպես գիտենք, ԱՓ շահերը ԱԺ-ում ներկայացնում են 4 պատգամավորներ, դրանց թվում չկան ներկայացված հերաները։ Դա ձեզ չի՞ կաշկանդում։
– Մենք ոչնչով դեմ չենք գործող ԱԺ պատգամավորներին։ Միակ բանը, որ կուզեի ասել այն է, որ իրենք պետք է հաշվետու լինեն մեր առջև։ Օրենքն է այդպես պահանջում․ 4000-ից ավել համայնքի դեպքում է, որ ազգային փոքրամասնությունը կարող է ունենալ ներկայցուցիչ ԱԺ-ում։ Կուզեի, որ շփվեին մեզ հետ, հետաքրքրվեին մեր խնդիրներով։
– Պետությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք կրթության բարելավման առումով։
– Մեծ ակնկալիքներ չունեմ կառավարությունից։ Օրինակ՝ տարածք են հատկացրել՝ Ազգային փոքրաքմասնությունների կենտրոնի տարածքն է, որը Սարյան փողոցի վրա է, փոստի շենքում։ Մենք այնտեղ չենք գնում․ հարմար չէ։ Նախկինում 2 հարկ էր՝ 14-րդն ու 15-րդը, հիմա թողել են մեկը։ Մենք ունենք գրասենյակ, սակայն այդ գրասենյակի հասանելիությունն այս պահին խոչընդոտների է հանդիպել, մենք չենք կարողանում ազատորեն մուտք գործել մեր տարածք՝ Խուլերի կենտրոնի անդամների շրջանում ծագած վեճերի պատճառով։ Միակ բանը, որ խնդրում եմ՝ ապահովել մեր տարածքի հասանելիությունը։ Մեր գրասենյակը հանդիսանում է թե՛ կամուրջ Իսրայելի միջև և թե՛ մեր թերթի հրատարակման համար է կարևոր, թե մեր երեխաների կրթության համար։ Նախկինում ունեինք երեխաների երգչախումբ, պարային խումբ։ Այդ ամենը կապված է տարածքի ու ֆինանսավորման հետ։ Մյուս ԱՓ կազմակերպությունները ևս ունեն տարածքի խնդիր, օրինակ՝ ասորիները, ուկրանիացիները։ Նրանց խնդրել են ազատել տարածքը, քանի որ քաղաքապետարանը որոշել է այդ շենքը վաճառել։ Մեր գրասենյակն այս պահին ջուր ու էլեկտրաէներգիա չունի․ անջատել են։ Պետք է հասկանալ, որ սա պարզապես կազմակերպություն չէ, սա միջազգային հարաբերությունների ու կապերի հարթակ է։ Հայաստանում Իսրայելի դեսպանատուն էլ չկա․ ամեն ինչ մեր միջոցով է կատարվում։ Ես դեռ լռում եմ, աղմուկ չեմ բարձրացնում։ Նամակներ եմ գրել թե՛ Վարչապետին, թե՛ Արդարդատության նախարարին, թե՛ ՄԻՊ-ին, թե ոստիկանությանը։ Թող ինչքան ուզում են բողոքի ցույցեր անեն [«Խուլերի միավորումը»], բայց չխանգարեն մյուսներին աշխատել։ Պետություն կա, չէ՞, այստեղ։ Կարող են, չէ՞, մի անգամ բոլոր կողմերին հավաքել, խոսել հետներն ու հարցերը լուծել։ Մեր ամբողջ գրականությունը, համակարգիչներն, ամեն ինչ այնտեղ է, մեր ձեռքերն ասես կապված լինեն։ Մենք հույս ունենք, որ շուտով մեզ կհանդիպի վարչապետի ներկայացուցիչը։ Կարճ ասած, սպասում ենք պետության արագ ու օպերատիվ քայլերին։
Մեր զրույցից հետո Ռիմա Վարժապետյանը հայտնեց, որ Խուլերի միավորման շենքում ոստիկանության կողմից իրականացված գործողությունից հետո բաց է, և նրանք կարողանում են արդեն մուտք գործել իրենց գրասենյակի տարածքը (https://www.youtube.com/watch?v=0bsPm54jNV0)։
հեղինակներ՝ Մարիամ Չախոյան, Թեհմինե Ենոքյան
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորիհի շրջանակում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնի» կողմից: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնը» և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները: