Առկա տեղեկատվության հիման վրա Երևանի քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաների ձեռքբերումը չպետք է դիտարկվի որպես կոռուպցիա, քանի որ Երևանի քաղաքապետարանի որևէ պաշտոնատար անձ նյութական օգուտ դրա արդյունքում չի ստացել։ Այս մասին ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դեկտեմբերի 3-ին տարածած կարծիքում։
«Մասնավոր հատվածի կողմից հանրային կառույցին, մասնավորապես համայնքային մարմիններին նվիրատվություններն ու նվիրաբերությունները ընդունված պրակտիկա են և երբեմն խրախուսվում են որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եղանակ: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ այս գործընթացում չեն բացառվում կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են ներառել պարտադրանք՝ կատարելու նվիրաբերություններ, հնարավոր պայմանավորվածություններ՝ ընկերությանը արտոնություններ տրամադրելու կամ այդ առնչությամբ անօրինական որոշումներ ընդունելու առումով: Երևան քաղաքին աղբատար մեքենաների նվիրաբերության դրվագում նման ռիսկերի վերաբերյալ որևէ հրապարակային փաստ ներկա պահին ներկայացված չէ, թեև անշուշտ կասկած են հարուցում կատարված նվիրաբերությունների ժամանակահատվածը, որը համընկնում է օրինակ՝ փոխկապակցված անձանց շինթույլտվությունների ստացման ժամանակահատվածին:
Հարկ ենք համարում նշել, որ կոռուպցիոն ռիսկեր ծնող հիմնական գործոնը Երևանի քաղաքապետարանի կառավարման ոչ բավարար թափանցիկ և հաշվետվողական գործելակերպն է, ինչը շտկելու ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել շուտափույթ միջոցառումներ:
Մասնավորապես, վերհանված խնդիրների համատեքստում անհրաժեշտ է.
1. Երևանի քաղաքապետարանին և դրան կից համայնքային կազմակերպություններին տրամադրվող նվերներն անմիջապես գրանցել էլեկտրոնային հաշվառման հրապարակային գրանցամատյանում և հասանելի դարձնել հանրությանը:
2. Բոլոր քաղաքաշինական փաստաթղթերը, այդ թվում՝ հողահատկացման որոշումները, ճարտարապետահատակագծային առաջադրանքները, քանդման և շինարարության թույլտվությունների ամբողջական տեղակատվությունը տեղադրել Երևանի քաղաքապետարանի կայքում:
3. Երևան քաղաքի քաղաքաշինական գործընթացներում իրականացնել հանրային քննարկումներ, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով և ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N660 որոշմամբ: Միաժամանակ նախաձեռնել այս գործընթացների ներառականությանն ու առավել վաղ փուլում հանրային ներգրավման գործիքակազմի հզորացմանը միտված լրացուցիչ քայլեր։
4. Վերացնել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշումը, որը նախորդ կոռումպացված ռեժիմի կողմից հատուկ ստեղծվել է կոռուպցիոն գործարքները խթանելու նպատակով»: