Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, դեկտեմբերի 5-ին հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, պաշտոնը զբաղեցնելով 2005 թվականին, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան համայնքին պատճառել է 75.927.012 դրամի գույքային վնաս:
Սանթրոսյանը համայնքային սեփականություն հանդիսացող 2611.2 քմ մակերեսով բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների անունից, իբրև նշված շենքը վերանորոգելու բանավոր խնդրանքի պատրվակով, հայտարարել է այն շուկայականից անհամեմատ ցածր՝ տարեկան 1.317.000 դրամ մեկնարկային գնով 40 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու աճուրդ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:
Այնուհետև, համայնքի ղեկավարը, ի սկզբանե տեղյակ լինելով համայնքում գործող ՍՊ ընկերության կողմից նշված շինության վարձակալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող հիշատակված շինության կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին, հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` նույն մրցույթի անցկացման վերաբերյալ ակնհայտ կեղծ արձանագրություն, որի հիման վրա էլ Դիլիջան քաղաքում գտնվող հիշյալ շինությունը, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 դրամ գումարով և 40 տարի վարձակալության իրավունքով հանձնվել է Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի դստեր անվամբ աճուրդից շուրջ 30 օր առաջ հիմնադրած վերոհիշյալ ընկերությանը:
Նշված ընկերության կողմից պայմանագրով նախատեսված հիշյալ շենքի վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում համայնքի ղեկավարը չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ պայմաններով կնքված վարձակալության պայմանագիրը:
Այսինքն՝ Դիլիջան քաղաքում գտնվող նշված շինության վարձակալության՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնի սահմանմամբ մրցույթի անցկացման նպատակը հանդիսացել է շինության կապիտալ վերանորոգումը, մինչդեռ շուրջ 12 տարի այն չի ենթարկվել կապիտալ վերանորոգման, ծառայեցվել է անձնական շահերին, համայնքի բյուջեն տարիներ շարունակ զրկվել է դրամական մուտքերից. համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 90.117.812 դրամ գումարից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 14.190.800 դրամ, որի հետևանքով Դիլիջան համայնքին պատճառվել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը, հայտնում են քննչական կոմիտեից: