Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով խոսել է Ամանորի միջոցառումներին հատկացված գումարներից՝ մոտ 270մլն դրամ, ու ծախսերի նպատակահարմարությունից։
Վարչապետի խոսքով, պատշաճ կազմակերպված ամանորյա միջոցառումների շնորհիվ Երևանը գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար, իսկ Հայաստանի քաղաքացիները չեն ձգտի նոր տարին դիմավորել արտերկրում։
«Այն, ինչ արվելու է հրապարակում, նաև ամանորյա ավանդական ծախսերն անելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն կտա ուրախ ու բարձր մակարդակով նշել ամանորը Հանրապետության Հրապարակում։ Աշխատելու են սննդի օբյեկտներ, արագ սննդի կետեր։ Կարելի է երեխաների հետ գալ Երևանի 2750-ամյակի այգի, մեկ բրդուճով ու մեկ բաժակ գինով, գեղագիտական նոր միջավայրով շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով բոլորովին նոր միջավայր ստանալ իրենց հարազատների և ընկերների հետ ամանորը նշելիս։ Ամանորը մենք պատկերացնում ենք որպես տոն, երբ փոքր խմբերով՝ ընկերներով կամ ընտանիքներով, փակվում ենք տներում ու նշում։ Մենք ուզում ենք՝ Հայաստանում նոր տարին ավելի լայն նշելու հարթակ ստեղծվի՝ ի կատարումն մեր կողմից ստեղծված կարգախոսի, որ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»»,- ասել է Փաշինյանը։
Ամանորյա միջոցառումները Երևանում սկսվելու են դեկտեմբերի 21-ից՝ Տոնածառի լույսերի վառման արարողությամբ, և շարունակվելու են մինչև հունվարի 5-ը։