Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային կարող է մեղադրանք առաջադրվել իրանական փողերի լվացման հետ կապված։ Ընդդիմադիր «Ֆորմուլա TV»-ն այդ մասին խոսել է ամերիկացի վերլուծաբան Քրիստինա Պիշոուի հետ։
Պիշոուն պատմում է, որ Գախարիայի որպես Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար պաշտոնավարման ընթացքում Վրաստանում իրանական ներդրումների կտրուկ աճել է գրանցվել՝ մինչև 600 տոկոս։
«Ռուսաստանի և Իրանի համագործակցության մասին՝ հատկապես վերջին շրջանում, հայտնի է բոլորին։ Սիրիայի դեպքը ևս ակնհայտ է․ Ռուսաստանն ու Սիրիան համագործակցում են Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ: Wall Street ամսագրի և ԱՄՆ պետական պահեստի տվյալներով, Իրանի հեղափոխական ուժերը Վրաստանում ավելի քան 150 ընդհատակյա կազմակրպություն են ունեցել, որոնք Միացյալ նահանգներում ահաբեկչական են համարվում։ Այս կազմակերպություններն օգտագործվել են փողերի լվացման համար: Սա չի հստակեցնում, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են Իրանն ու Գախարիան, բայց մի շարք հարցերի տեղիք է տալիս»,- նշում է Պիշոուն:
Միացյալ Նահանգներում «Վրացական երազանքը» մեղադրվում է Իրանի և Ռուսաստանի օգտին հետախուզում իրականացնելու մեջ։ Գործը վերաբերում է Վրաստանում ձերբակալված Իրանի քաղաքացուն, ով կապեր ուներ սեպտեմբերի 11-ի պայթյունների հետ կապված ամերիկյան հետախուզության հետ։
Ալի Ռեզա Սուլեյման Փաքը ձերբակալվել էր 2018 թվականի փետրվարի 9-ին Թբիլիսիում։ Հետաքննության տվյալներով, Ալի Ռեզան մտադիր էր սպանել Թբիլիսիում գտնվող 37-ամյա Իրանի քաղաքացուն։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, խոսքը վարձու մարդասպանության մասին էր։ ԶԼՄ֊ների տվյալներով Ալի Ռեզան մինչև ձերբակալությունը Թբիլիսիում ապրել է մոտ մեկ տարի։ Քրեական գործը հարուցվել է «Հանցագործությաննախապատրաստություն․ կանխամտածված սպանություն» հոդվածով։
Հարկ է նշել, որ Ալի Ռեզան Միացյալ Նահանգներում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության «ոսկի վկաներից» է։ Հենց նա է ամերիկյան հետախուզությանը տեղեկություններ տրամադրել նախատեսվող ահաբեկչության մասին և ԱՄՆ֊ին օգնել ապացուցել Իրանի մասնակցության փաստը, ինչի արդյունքում Իրանը սեպտեմբերի 11-ի զոհերի ընտանիքներին 10 միլիարդ դոլար է փոխհատուցել։
Իրանը Ալի Ռեզա Սուլեյման Փաքի եղբորը բանտում էր պահում։ Ամերիկայի օգտին ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում խոստանում էին ազատ արձակել եղբորը, օգնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու գործում և 5մլն դոլար։ Առաջարկը մերժելուց հետո Ալի Ռեզայի եղբորն իրանական բանտում սպանում են։
Փաքի ձերբակալության ժամանակ Վրաստանի այժմյան վարչապետ Գեորգի Գախարիան զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Կարճ ժամանակ անց Վրաստան է ժամանում իրավաբան Քենեթ Թիմերմանը, ով արդեն 18 տարի զբաղվում էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով։ Նա անընդունելի է համարում Ալի Ռեզային ձերբակալելու՝ Վրաստանի իշխանությունների որոշումն ու պատրաստվում է պաշտպանել Ռեզայի իրավունքները։ Թիմերմանը կարծում է, որ Գեորգի Գախարիան, ով տվել է ձերբակալության հրամանը, կատարում էր իրանական և ռուսական հետախուզությունների պատվերը։