Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գործադիրը պատրաստ է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողությունը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վայրերի:
Նա նշեց, որ հունվարի 22-ի խորհրդակցության ավարտին տվել է կոնկրետ հանձնարարական այն մասին, որ մինչև սույն թվականի փետրվարի վեցը սուբսիդավորվող վարկերում և լիզինգային ծրագրերում մտցվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կստեղծեն սպանդանոցների կառուցման համար անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում տրանսպորտի ձեռքբերման լավագույն պայմանները։
«Կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ, և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք էդ սփռվածության ու հասանելիության խնդիրը կլուծեն», – նշել է Փաշինյանը, հավելելով, որ կառավարությունը մինչև փետրվարի 6-ը պատրաստ է ընդունել առաջարկություններ, թե կառավարությունն էլ ինչ գործիքներով կարող է աջակցել այս պրոցեսին։
Վերջում վարչապետն ավելացրել է․ «Եթե բողոքող հայրենակիցների համար այս առաջարկը ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք թյունինգ անել սուբսիդավորվող վարկերը և լիզինգային ծրագրերը, երկրորդը` մինչև հուլիսի 1-ը հետաձգել` բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևանի ռեստորանային, հանրային սննդի ցանցի, մնացած հատվածում թողնել նույն իրավիճակը` պայմանով, որ հուլիսի 1-ից հետո այդ թեմային չենք անդրադառնալու»: