Home / Առողջապահություն / Վայոց ձորում բրուցելոզ է, իսկ անասնաբույժները 50 հազար են ստանում

Վայոց ձորում բրուցելոզ է, իսկ անասնաբույժները 50 հազար են ստանում

Վայոց ձոր մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ գյուղում և Արենի խոշորացված համայնքի Գնիշիկ գյուղում անասունների բրուցելոզ էր տարածվել։ Կենդանիներին ոչնչացրել են, գյուղացիների մանր անասունների համար տվել են 10 000 դրամ։ Այս մասին ասաց Եղեգիսի համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, տեղեկատվությունը հաստատեց Վայոց Ձորի գյուղատտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։

Բրուցելոզի դեպքերում կառավարությունը փոխհատուցում չի տրամադրում, քանի որ այդ հիվանդությունը չկա փոխհատուցման ցուցակում գտնվող հիվանդությունների շարքում։ Պարբերաբար ստուգումներ կատարվում են, սակայն Գեղամ Մարգարյանը դա բավարար չհամարեց։ Վարչության նորանշանակ պետը ֆիքսեց ոլորտի խնդիրները․ անասնաբույժների 50 000 դրամ աշխատավարձը, անասանապահության վարման կուլտուրայի բացակայությունը, Գեղարքունիքի մարզում կենդանիների շուկայի բարձիթողի վիճակը։

«Գնում են, Գեղարքունիքի մարզից անասուն են բերում, որտեղ անկառավարելի վիճակ է,  և 1 ամիս առնվազն պետք է պահեն կառանտին ռեժիմում, ստուգեն կենդանու արյունը և նոր հետո  որևէ խնդիր չարձանագրելու պարագայում ընդհանուր օգտագործման հոտին թողնեն խառնվի։ Այս տեսակ խնդիրները լուրջ մոտեցում և գիտելիքներ են պահանջում, մեկի անգրագիտության պատճառով ողջ հոտը վարակվել է բրուցելոզով։ Քարագլուխ գյուղում անգամ գրանցվել է մարդու բրուցելոզով հիվանդության դեպք», – ասում է Գեղամ Մարգարյանը։