Home / Մեդիա / Ուր է ծորում Համաշխարհային բանկի օգնությունը

Ուր է ծորում Համաշխարհային բանկի օգնությունը

Երբ աղքատ երկիրը Համաշխարհային բանկից օգնություն է ստանում ճանապարհներ ու ջրատար կառուցելու կամ կոռուպցիայի դեմ պայքարի համար, գրեթե միշտ հրաշք է տեղի ունենում․ աղքատ երկրում շատ տարադրամ է հայտնվում։

Տնտեսագետների պնդմամբ, այն անմիջապես լցվում է օֆշոր։ Բոլոր տարբերակների վերլուծությունից հետո մասնագետները կանգ են առել ամենահավանականի վրա․ գործող իշխանությունները գողանում են օգնության մի մասը։ Աղքատ երկրները գողանում են միջինում 7,5%, ծայրահեղ աղքատները կրկնակի ավել՝ 15%։

Երեք տնտեսագետներ, այդ թվում՝ Համաշխարհային բանկի աշխատակից, անցյալ տարվա հետազոտության արդյունքները փոխանցել են բանկին՝ քննարկման ու հրատարակման համար։ Նոյեմբերին ամեն ինչ պատրաստ էր, բայց չէր հրապարակվում։

Այդ հետազոտական աշխատանքի մասին տեղեկությունը տարածվեց սկանդալային պայմաններում։ Արևմտյան ամսագրերից երկուսը, որոնցից մեկը Economist֊ն էր, այդ  աշխատանքը չհրապարակելու փաստը կապեց Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Փենի Գոլդբերգի հեռացման հետ, ում պաշտոնավարումը 1.5 տարի էլ չտևեց։

Economist-ը, իսկ ավելի ուշ նաև Financial Times-ը, չհրապարակված հետազոտության բովանդակությունը տեղավորեցին Համաշխարհային բանկի փոփոխությունների կոնտեքստում․ բանկի կառավարիչ է դարձել դրա երբեմնի քննադատը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցը։ Ամսագրերը կատարվածը դիտարկում են որպես անկախ փորձագիտությունը քաղաքական նպատակահարմարությանը ծառայեցնելու փորձ, ինչը խանգարում է ավելի արդյունավետ քաղաքականության մշակմանը։

Մամուլում բարձրացված աղմուկն իր ազդեցությունն ունեցավ։ Սկզբում փաստաթղթի մի հատվածը՝ «Արտասահմանյան օգնության յուրացումն էլիտաների կողմից։ Վկայություններ օֆշորային հաշիվներից» վերնագրով, «բանկի համաձայնությամբ» հրապարակեց հետազոտության հեղինակներից մեկը՝ Յորգեն Անդերսոնը։ Կարճ ժամանակ անց բանկն առանց աղմուկի հոդվածը հրապարակեց իր կայքում։

Բանկի ներկայացուցիչները պատմեցին, որ հոդվածի հրապարակումը ոչ թե արգելվել էր, այլ հետաձգվել՝ եզրակացությունների հիմնավորության հետ կապված կասկածների պատճառով։ Փենի Գոլդբերգն իր հեռանալը որևէ կերպ չբացատրեց։ Բլումբերգ գործակալությունը հաղորդում է, որ աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակում Բանկի կառավարիչ Դևիդ Մալփասը գրել է, որ Գոլդբերգը Յեյլի համալսարան է վերադառնում և շնորհակալություն է հայտնել նրան «բանկը գերագույն մակարդակի գիտական հետազոտություններով ապահովելու տարօրինակ ձգտման» համար։

Անդերսոնը կոլեգաների հետ մի քանի տարի առաջ ուսումնասիրում էր նավթի գնի բարձրացմանը զուգահեռ նավթային երկրներից դեպի օֆշորներ գումարների հոսքի ֆենոմենը։ Համաշխարհային բանկի տնտեսագետներից մեկը հետաքրքրվել էր սկանդինավյան գիտնականների աշխատանքով և առաջարկել համատեղ նմանատիպ հետազոտություն սկսել․ պարզել՝ արդյոք նմանատիպ իրավիճակ չի ստեղծվում միջազգային օգնությամբ ձեռք բերված գումարների հետ։

Նրանք ուսումնասիրել են համաշխարհային բանկի արտոնյալ վարկերից ու գրանտերից առանձնակի կախում ունեցող ավելի քան քսան երկրների տարադրամի փոխանակման հետ կապված տվյալներ։ Պարզվել է, որ զգալի ծավալով օգնություն ստանալու դեպքում՝ այսինքն ՀՆԱ-ի 1%-ից ավելի, երկրից գրեթե անմիջապես գումարի արտահոսք է սկսվում դեպի օֆշորներ։ Միջինում դա կազմում է ստացած ամբողջ գումարի 7,5%֊ը։ Հնարավոր է՝ գողանում են ավելի շատ։

«Այս թիվը գողացված գումարի հնարավոր չափի ներքին սահմանն է, քանի որ այստեղ հաշվարկվում է միայն արտասահմանյան բանկային հաշիվներին ուղարկված միջոցները և չի ներառում տեղում անշարժ գույքի կամ այլ գնումների վրա ծախսված գումարը»,- ասվում է հետազոտության մեջ։

Եթե օգնության ծավալը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 3 տոկոսը, ինչը բնութագրական է ծայրահեղ աղքատ երկրների համար՝ հաշվի առնելով այդ երկրների տնտեսության փոքր ծավալները, ապա դեպի օֆշորներ հոսքը կրկնապատկվում ու կազմում է տրամադրված օգնության 15%-ը։

«Գրեթե անսխալ կարելի է պնդել, որ տրամադրված օգնությունից դեպի օֆշորային հաշիվներ հոսքերից օգուտ շահողները տնտեսական էլիտայի ներկայացուցիչներն են։ Օգնությունը փողերի արտահոսքի վերածելու հստակ մեխանզմներն ավելի բարդ է պարզել, բայց ամենաակնհայտ ու ճշմարտանման տարբերակը դրանց յուրացումն է քաղաքական գործիչների ու պաշտոնյաների կողմից», – եզրակացնում են գիտնականները։

Նրանք հստակ բացատրում են, թե ինչու են բացառում կապիտալի արտահոսքի օրինական լինելը։

Նկարագրված արտահոսքերի ժամանակ գումարները հիմնականում տեղափոխվում են Ցյուրիխի, Լյուքսեմբուրգի, Սինգապուրի ու Կայմանյան կղզիների օֆշորներ։ Ոչ մի հոսք դեպի Լոնդոնի կամ Նյու Յորքի միջազգային ֆինանսական կենտրոններ։

Հետազոտությունն արվել 1 22 երկրների օրինակով․ Ղրղզստան, Հայաստան, Աֆղանստան, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Գանա, Գայանա, Գվինե Բիսաու, Զամբիա, Մավրիտանիա, Մդագասկար, Մոզամբիկ, Մալավի, Մալի, Նիգերիա, Ռուանդա, Սան Տոմե և Պրինսիպի, Սիերա Լեոնե, Տանզանիա, Ուգանդա, Էրիթրեա, Եթովպիա։

Այս երկրներն ընտրվել են, քանի որ տրամադրվող օգնության ծավալներն իրենց տնտեսության համեմատությամբ զգալի են, իսկ տեղական բանկային համակարգը զարգացած չէ կամ բացակայում է, ինչի արդյունքում հոսքերն լավ տեսանելի են։ Ավելի հարուստ երկրներում Համաշխարհային բանկի տված գումարը կաթիլ է ծովում, և գրեթե հնարավոր չէ որոշել, թե կոնկրետ ինչն է դեպի օֆշորներ արտահոսքում։

Հեղինակները նշում են, որ իրենց եզրակացությունները հաստատվում են նախորդ հետազոտությունների արդյունքներով։ Դարասկզբի մի շարք աշխատանքներում տնտեսագետները ցույց են տվել, որ չափազանց մեծ ծավալների արտաքին օգնությունը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում ու ինստիտուտների ոչնչացման պատճառ դառնում։ Իսկ արտաքին օգնությունից ամենամեծ կախվածությունն ունեցող երկրները, որպես կանոն, ամենակոռումպացվածներն են։

աղբյուրը՝ Բի֊Բի֊Սի ռուսական ծառայություն