Home / Առողջապահություն / Համավարակային վիճակը մնում է կայուն, բայց ծանր․ մահճակալային ֆոնդը կրկին կընդլայնվի

Համավարակային վիճակը մնում է կայուն, բայց ծանր․ մահճակալային ֆոնդը կրկին կընդլայնվի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ հաստատված է համարում, որ կորոնավիրուսը կարող է տարածվել նաև օդի միջոցով։ Սա այն է, ինչ մենք նախորդ շաբաթ արդեն հայտարարել էինք՝ հիմնվելով գիտական նոր տվյալների վրա։ Այս առումով է, որ հատկապես կարևորվում է դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում։ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաճարակը շարունակում է ծավալվել․ Հայաստանում վերջին մեկ օրում վարակվածության 526 նոր դեպք է գրանցվել։ 20 հոգի մահացել է, որոնցից 14-ը՝ կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 6 հոգի՝ «այլ հիվանդության պատճառով»։ Կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 535-ի, «այլ պատճառով» արձանագրված մահերի թիվը՝ 170-ի։

«Կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան նոր դեպքերի թիվը զրոյացնել կամ մոտեցնել զրոյի ։

Երեկ պարետը որոշում է ստորագրել, որով փոփոխություններ է մտցրել դիմակի կրման կաննոների մեջ։ Մի շարք հիվանդություններ ունեցող անձանց համար բացառություններ են սահմանվել։ Երեկվանից այս որոշումը լայն քննարկման առարկա է դարձել․ կան կարծիքներ, որ քաղաքացիները՝ օգտվելով այդ որոշումից, զանգվածաբար կխուսափեն դիմակներ կրելուց», – ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ դիմակի բացակայությունը կարող է հիմնավորվել բացառապես փաստաթղթերով, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը պետք է կիրառի սահմանված տուգանքները։ Բանավոր խոսքի վրա ոստիկանները հիմնվել չեն կարող։

Բաց տարածքներում որոշ հիվանդություններ ունեցողների համար դիմակ կրելու պարտադիր պահանջը երկվա պարետի որոշմամբ հանվել է։ Բացառությունը վերաբերում է միայն քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Փակ տարածքներում դիմակը շարունակում է պարտադիր մնալ բոլորի համար՝ առանց բացառությունների։

Փաշինյանն ընգծել է՝ վարչական միջոցների կիրառումը շարունակվելու է, անհրաժեշտության դեպքում ներդրվելու են նոր խստացումներ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց՝ իրավիճակը մնում է կայուն, բայց ծանր։

Բուժզննության կարիք ունեցող և տանը սպասող մարդիկ, ըստ նախարարի, մի քանի օր է չկան։ Մարդկանց թիվը, որոնց մոտ հաստատվել է covid-19 և որոնք պետք է տեղափոխվեն հիվանդանոց, փոքր է՝ առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ մոտ 13 հոգի։ Օրվա ընթացքում, ըստ նախարարի, այս թիվը տատանվում է մոտավորապես նույն շրջանակներում։

«Սա նշանակում է, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին բուժօգնությունը մատուցվում է։ Համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, մնում է լարված։ Մենք պետք է շարունակենք բոլոր ծավալված հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը և շարունակենք ծավալումը։ Դեռ նոր ծավալումներ լինելու են՝ մոտակա թե՛ շաբաթների, թե՛ ամիսների ընթացքում։ Եթե երկու բառով ասեմ՝ վիճակը մնում է կայուն, բայց ծանր։ Բացասական միտում չկա, բայց դրական միտում էլ չկա», ֊ ամփոփել է Թորոսյանը։

Հուլիսի վեցի ճեպազրույցում նախարարը նշել էր, որ  կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված մահճակալային ֆոնդը հասել է 2600 մահճակալի, որից 2300-ը՝ սովորական մահճակալներ են, մեծ մասամբ՝  (վարչապետի խոսքերով՝ 1488֊ը) հագեցած թթվածնային կենտրոնական մատակարարումով, և մոտավորապես 300-ը՝ վերակենդանացման մահճակալներ են։

Կառավարության այսօրվա նիստին խոսք գնաց մոտակա ծավալումների մասին։ Թորոսյանը, մանսավորապես, նշեց, որ մոտ օրերս վերջնական տեղի կունենա Մարտունու բժշկական կենտրոնի ծավալումը (Սպիտակի ԲԿ֊ն արդեն ամբողջությամբ ծավալված է, և ծավալված 120 մահճակալները գրեթե բոլորը զբաղված են։ Սա նոր ծավալումներից ամենամեծն էր։ Մարտունու ծավալումը, որը Սպիտակի հետ միաժամանակ էր սկսել, Թորոսյանի խոսքերով, տեխնիկական պատճառներով հետաձգվել է):

Կընդլայնվի նաև վերակենդանացման բաժանմունքների մահճակալային ֆոնդը։ Ըստ Թորոսյանի, նոր ծավալումներ կլինեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Էրեբունի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուն բժշկական կենտրոններում։

«Էրեբունու վերակենդանացման բաժանմունք երեկ անձամբ այցելել եմ։ Այն գրեթե պատրաստ է, և մեկ շաբաթից կծավալվի ամբողջությամբ։

Դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել այդ նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր վերակենդանացման բաժանմունք՝ մոտ 25 մահճակալանոց, և այս պահին գործող մոտ 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքը ամբողջությամբ տրամադրել կորոնավիրուսային հիվանդությանը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչի և Միքայելյան վիրաբուժության ինտիտուտի ծավալումը, հավանաբար, շատ արագ չի լինի, քանի որ լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում։ Թեև դրանք շատ ակտիվ են ընթանում, այդ բաժանմունքները զրոյից են ստեղծվում․ մեր նախնական թիրախային ժամկետները օգոստոսի կես֊մինչև սեպտեմբերն են։ Եթե ենթադրենք, և ակնկալվում է, որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում,  դեպքերի աշնանային աճ է լինելու, ապա դա շատ տեղին ծավալում է»։