Home / Բանակ / Երեք ու մի բան

Երեք ու մի բան

Փողն ու պարապությունը

«Ներողություն, որ լինելով ցածր արվեստների ներկայացուցիչ, տրակտատ եմ գրում»։

Կան մարդիք, որոնք չեն հոգնում։ Նրանք կարող են երկար աշխատել մի ոլորտում, որտեղ իրենց մոտ ստացվում է աշխատել, բայց դա մի բան է, որը նրանք չեն կարևորում, հնարավոր է նաև չեն սիրում, ու դա մի բան է, որտեղ նրանք փող են աշխատում։ Այսուհետ նմանատիպ աշխատանքը կանվանեմ Փեշակ։

Փեշակով զբաղվելը, կարծես, չի խլում նրանց մեջից ողջ ուժերրը ու չի հոգնացնում։ Ազատ ժամանակ գտնելով՝ այդ մարդիք կարողանում են զբաղվել իրենց գործով։ Այն գործով, որը համարում են կարևոր։ Եվ ես խոսում եմ հենց արվեստային գործունեության մասին։

Արվեստային գործունեությունը գերակա չսարքելով՝ այլ գործունեություններից պետք է առանձնացնեմ։ Առնվազն քանի որ արվեստային գործունեությունը կարող է ոչ այդքան առարկայական կամ պետքական թվալ։ Կամ քանի որ արվեստային գործունեություն ոչ մի պահ չես դադարում անել։ Ավելի առարկայան լինելու համար ասեմ, երբ քեզ չեն վճարում դու մեկ ա աշխատում ես։

Ինչևէ, կան արվեստագետներ, որոնք իրենց փեշակով զբաղվելուց հետո չեն հոգնում։ Ես նախանձում եմ այդ մարդկանց։ Ինչ֊որ կերպ այդ մարդիք կարողանում են վերացարկվել դրանից։

Ես հոգնում եմ երևի նրա համար, որ փեշակով զբաղվելու ընթացքում, անընդհատ հաղթահարում եմ դրանով չզբաղվելու ցանկությունս։ Չեմ կարողանում թուլանալ ու մոռանալ, որ դա իմ զբաղվելու բանը չի, արդյունքում՝ կրկնակի էներգիա եմ ծախսում դրա վրա։

Մյուս կողմից, երբ զբաղվում եմ նրանով ինչով ուզում եմ զբաղվել, չեմ հոգնում, անընդհատ ուզում եմ շարունակել։ Հասցնելով իմ ուզածին այնպիսի բավարարվածություն ու հաճույք եմ զգում, որ հազար հատ Դիլիջան արժի։

Երբ գործով եմ զբաղված հստակ տենսում եմ արածիս բոլոր թույլ տեղերը, ժամանակ եմ ծախսում, ինքնաքննադատություն եմ կիրառում, չեմ բավարավում մինչև չեմ հասցնում իմ այդ պահի հնարավորությունների սահմանին։
Երբ փեշակով եմ զբաղվում ուղակի համապատասխանեցնում եմ արածս որոշակի չափանիշների։
Երբ զբաղվում եմ գործով ու հաջողում եմ, հստակ տեսնում եմ դրա կարևորությունը, ազդեցությունները ու թե ինչ է դա փոխում հետագայում։
Երբ զբաղվում եմ փեշակով, ավարտելուց հետո արածս կարծես ցնդում է, դառնում է այլի հպարտությունը կամ անհաջողությունը։
Երբ գործով եմ զբաղվում, կողքից կարող եմ պարապ մարդ թվալ կամ անմեղսունակ։
Երբ փեշակով եմ զբաղվում, կողքից շատ լուրջ մարդու տպավորություն եմ թողնում։
Երբ գործով եմ զբաղվում, փող չեմ ստանում։
Երբ փեշակով եմ զբաղվում, փող եմ ստանում։
Երբ գործով եմ զբաղվում, դա քար է դնում հեղափոխության հիմքում։ Շատերի համար դա տեսանելի չի։ Իսկ ես անմեղսունակի դեմքով պարապ քարշ եմ գալիս մոտակայքում ու ժպտում։
Երբ փեշակով եմ զբաղվում, փող եմ ստանում։

Նեղացկոտությունն ու քաղաքականությունը

Սկզբից պարբերության այս անվանումը գրեցի մտքիս մեջ ունենալով հստակ մի բան։ Բայց հենց նստեցի գրելու հասկացա, որ չեմ ուզում խոսալ դրա մասին։ Այնուամենայնիվ անվանումը դուրս գալիս է, ու ես չգիտեմ ինչքանով կապ կունենա նրա հետ այն, ինչ ուզում եմ ասել հետո։

Հայաստանում կա մի զանգված մարդկանց, որոնց ես միշտ շատ եմ սիրել ու սիրում եմ։ Մինչև 2018 կար մի իշխանություն, որը բոլորն էլ համաձայն էին որ պետք էր փոխել։ Տարիներով աշխատելով այդ հարցի շուրջ՝ իշխանությունը փոխվեց։ Հիմա կարծես թե չկա պահանջ փոխելու այս նորը։ Եվ այդ բոլոր մարդկանց միջև, որոնց ես սիրում եմ, հանկարծ առաջացան շատ լուրջ տարաձայնություններ։ Հանկարծ դուրս եկավ այն, որ երբ Սերժին մեջտեղից հանում ես, քո ընկերների մեջ հայտնվում են այնպիսի գաղափարական հակասություններ, որ նրանք այլևս չեն կարող դիտվել, որպես բարիկադների մի կողմում գտնվող մարդիք։ Ինչքան էլ սա տխուր լինի՝ տրամաբանկան է։ Սա կարելի էր կանխատեսել և կանխատեսվում էր։

Միևնույն է այս բոլոր դիրքերը, մտածմունքները կարևոր են։ Կարևոր են նաև ծավալվող վիճաբանությունները։ Բայց էստեղ ես տեսնում եմ մի լուրջ խնդիր։ Այդ ջանքը ու գիտելիքները, որոնք իմ ընկերները ծախսում են իրար ցեխը մտցնելու համար, չեն վերածվում հոդվածների, հրապարակախոսականների, արվեստի գործերի, փաստագրված քննարկումների։ Ցավալին այն է, որ ես գիտեմ, որ վերը նշված բաները իմ ընկերները կարող են անել։

Այդ ամբողջ էներգիան, գիտելքիը և կենտրոնացումը կորում է ֆեյսբուքյան լավաշների մեջ, իրար չլսելու հնարավորության մեջ, լայքելու կամ չլայքելու տրամաբանության մեջ։ Ապատեղեկատվության, գովազդի, թրենդերի, կատուներով մեմերի տարածքում, ձեր քննադատական միտքը և խոսքը ի սկզբանե պարտված է։ Այդ տարածքի համար մենք ձանձրալի ենք։ Միգուցե դա կարևոր տարածք դառավ 2008-ից հետո ու մինչև 2018-ը։ Բայց ոչ հիմա։

Այնպես չէ, որ իմ ընկերները կիսվել են երկու ճամբարի, ճամբարների քանակը համարյա թե համապատասխանում է ընկերների քանակին։

Դու լևոնական ես։ Իսկ դու կոմունիստ, որը ազգայնական ա։ Դու բավականաչափ ձախ չես։ Իսկ դու չափից շատ ձախ ես։ Դու ձախ ես, որը նույնիսկ Կապիտալը չի կարդացել։ Իսկ դու լիբերալ ես։ Դու ասում ես, որ անարխիստ ես, բայց ՀԿ սեկտորում ես աշխատում։ Իսկ դու քո դիրքերը լղոզում ես։ Դու կապիտալիստ ես, քանի որ ոչ մեկս չենք կարող 2020-ին չլինել կապիտալիստ։ Իսկ դու կոմունիստ ես, որը իրականում Վազգեն Մանուկյանական ա։

Ինչ ել գրեք, Ֆեյսբուքում դա ընկալվում ա հենց այնպես, ինչպես ես վերը նկարագրեցի։
Ես չեմ ուզում այլևս կարդալ ձեր ստատուսները, ես ուզում եմ կարդալ ձեր հոդվածները։

Եվ հետո նաև կա մի բան, որը բոլորս գիտենք, բայց մոռանում ենք հաճախ։ Այն ժամանակ, երբ մենք ֆիքսված ենք լինում մեր տարբերությունների վրա, միշտ շահում է երրորդը։ Ավտորիտարը միշտ շեշտում է մեր տարբերությունները, որոնք մեզ անջատում են իրարից։ Եվ ինչ-որ պահից մենք սկսում ենք չտեսնել մեր նմանությունները, կամ չհիշել, որ այդ նմանությունները եղել են։

Ես հույս ունեմ որ իմ ընկերները իմ հետ կհամաձայնեն ու մի նմանություն կվերգտնեն իրար մեջ։ Դա մեր բոլորիս շատ կարևոր վիճաբանությունները ու դիրքային տարբերությունները հանելն է ֆեյսբուքյան հարթակից։ Վերածել այդ մտքերը մի բովանդակության, որին հնարավոր կլինի հղվել, որը հնարավոր չի լինի ջնջել։

Մեկ էլ տեսար, դրա արդյունքում Ֆեյդբուքյան ծեծուջարդերը վերածվեն ժամանակակից քաղաքական մտքի գեներացիայի, որի կարիքը մենք հիմա այդքան սուր զգում ենք։

Պետք է խաղաղություն լինի ԵՎ ՎԵՐՋ

Եթե հաշվենք 88-ից իմ կյանքի 32 տարին այս կամ այլ կերպ պատերզմական իրավիճակ է։ Անըդհատ լարվածություն, անընդհատ մահեր, անըդնհատ բովանդակության ստեղծում՝ մտքի մեջ ունենալով պատերազմի հանգամանքը ու դրանից ելնող գրաքննությունը կամ ինքնագրաքննությունը։

Եթե ինձ կարդում են իմ ընկերները կամ մարդիկ, որոնց ես ձայն եմ տվել, ու որոնք հիմա իշխանություն են՝ ես դիմում եմ ձեզ։

32 տարի անց ինձ արդեն ուշ է արտագաղթել։
32 տարի անց ես այլևս չեմ փոխվի ու կմնամ պատերազմը մտքումս։
32 տարի անց ինձ այլևս չի հետաքրքրում ով է մեղավորը։
32 տարի անց ինձ հետաքրքրում է միայն մեկ բան։ Ամեն մի տարին, որը կավելանա այդ 32-ին միայն վատացնելու է իրավիճակը։ Ամեն մի ավելացած տարին միայն խորացնելու է անելանելի իրավիճակները, որի մասին ես վերևում գրում էի։ Ամեն մի ավելացած տարի ստիպելու է ինձ մտածել, որ միգուցե այդքան ել ուշ չէ արտագաղթելը։
32 տարի անց, խաղաղության բացակայության ամեն մի լրացուցիչ տարի ես ավելի շատ եմ կորցնելու իրատեսականությունս այս հարցի շուրջ ու ծարավից մեռնող մարդու նման ծովի ջուրն եմ խմելու։

Պետք է խաղաղություն լինի ԵՎ ՎԵՐՋ։

Գոռ Ենգոյան
նկարիչ

18․07․2020