Home / Հայաստան / Մինչև ռուսական զորքերը տեղ հասնեն, Հարավային Կովկասի պատերազմն ավարտված կլինի

Մինչև ռուսական զորքերը տեղ հասնեն, Հարավային Կովկասի պատերազմն ավարտված կլինի

Կովկասյան թակարդ

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Մոսկվան հաջողությամբ օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ հաստատելու համար իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

Վերակառուցման (պերեստռոյկա) վերջերում Կրեմլում, երևի, որոշեցին․ չենք կարող կանգնեցնել խորհրդային հանրապետությունների անկախության շարժումները, բայց անկախության հետ միասին նրանք կստանան այնպիսի խնդիրներ, որ կփոշմանեն կայսրությունից դուրս գալու համար։ Վարձկաններն ու «կամավորները» հասան Մերձդնեստր և Աբխազիա՝ արագորեն փոխելով Գլխավոր հետախուզական վարչության համազգեստը կամուֆլյաժի, որ գնել էին այն ժամանակվա «վայենտորգում» (военторг, ռազմական հանդերձանքի սովետական խանութների ցանց – խմբ․)։ Իսկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար Արկադի Վոլսկուն՝ Յուրի Անդրոպովի (ՊԱԿ՝ КГБ, այնուհետև ԽՍՀՄ ղեկավար) նախկին օգնականին ու Եվգենի Պրիմակովի (ՌԴ նախկին վարչապետ, արտգործնախարար և Արտաքին հետախուզության ծառայության պետ – խմբ․) մոտ ընկերոջն ուղարկեցին։

Հարավային Կովկասում Վոլսկու խաղաղաշինական առաքելության մասին խոսում են մինչև հիմա։ Եվ միայն հազվադեպ՝ երախտագիտությամբ։ Մոսկվայում շարունակ կրկնում են, որ Հայաստանի անվտանգությունը կարող են երաշխավորել միայն Ռուսաստանի հետ ռազմական դաշնակից լինելը, ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ռուսական ՆԱՏՈ – խմբ․) անդամակցությունը և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Իրոք, Ադրբեջանի հետ միայնակ պատերազմել Հայաստանը չի կարող։ Հայաստանի ռազմական ներուժը լրջորեն զիջում է ադրբեջանականին, էլ չասած թուրքական զորքերի մասին, որոնք նախատեսված են իրավիճակի սրման դեպքում Բաքվին աջակցություն ցուցաբերելու համար։

Երևի Հայաստանին Ադրբեջանի կողմից սպասվող վտանգի մասին վերջնական համոզելու համար է Ռուսաստանն Ադրբեջանին ամենաժամանակակից զենքերով մատակարարում։ 2013–2018 թվականին Բաքուն 100 հատ Т-90 ժամանակակից տանկ է ստացել, 118 հատ БМП-3 հետևակի մարտական մեքենա, 230 հատ БТР-82А զրահափոխադրող, 166 հատ հրետանային համակարգ, այդ թվում՝ 18 հատ «Սմերչ», 24 միավոր «Սոլնցեպյոկ» ծանր հրազենային համակարգեր, 24 հատ Մի-35Մ հարվածային ուղղաթիռ և այլն։ Ռուսաստանից Ադրբեջան մատակարարման իրագործված պայմանագրերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ հինգ միլիարդ դոլար։ Մոսկվայում Հայաստանի մասին էլ չեն մոռացել։ Հայաստանին մատակարարվել են «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, Սու-30 բազմանշանակակետ կործանիչներ և այլն։ Եվ իհարկե, երբ բանը հասնում էր ռազմական բախումներին, ռուսական դիվանագիտությունը հաճույքով իր վրա էր վերցնում միջնորդի դերը։

Երկար ժամանակ «բաժանիր և տիրիր» մարտավարությունը քիչ թե շատ հաջող է աշխատել։ Բայց հուլիսի 12-ից, երբ հայ-ադրբեջանական ռազմական պայքարի նոր ռաունդը մեկնարկեց, մարտավարությունը սկսեց ձախողվել․ Մոսկվան հայտնվեց թակարդում, որն ինքն էր հյուսել և որին հետևում էր արդեն երկար տարիներ։ Երևի պատահական չէ, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հուլիսի 17-ին կայացած խորհրդակցության մասին հաղորդագրոթյան մեջ հատուկ ընդգծվում է կրակի դադարեցման «անհետաձգելի անհրաժեշտութունը»։

«Ծայրահեղ մտահոգություն» արտահայտությունը Կրեմլի մամուլի ծառայությունն օգտագործում է միայն հատուկ դեպքերում։ Բնականաբար, հարց է առաջանում․ հատկապես ի՞նչն է այդպես մտահոգել Կրեմլին։ Սկսենք նրանից, որ ներկայիս բախումները ոչ թե Լեռնային Ղարաբաղում են ընթանում, ինչպես սովորաբար է լինում, այլ մարտական գործողությունների հյուսիսային թատերաբեմում՝ Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին։ Այստեղով են անցնում խողովակաշարերը, որոնցով Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա է արտահանվում ադրբեջանական նավթն ու գազը, որն ապահովում է ադրբեջանական արտահանումներից ստացվող եկամտի մեծ մասը։ Այս խողովակաշարերը հայկական հրետանու հարվածի գոտում են։ Վտանգի տակ են Ադրբեջանի և Թուրքիայի կենսական շահերը։

Այս ամենի ֆոնին հասկանալի են դառնում ռազմական բախումների երկրորդ օրը՝ հուլիսի 13-ին, թուրքական պաշտոնատար անձանց կտրուկ հայտարությունները։ Նախագահ Էրդողանը դատապարտեց «եղբայրական Ադրբեջանի վրա կանխամտածված հարձակումը», իսկ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հավելեց․«Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, որն արդեն երկար տարիներ ագրեսիայի քաղաքականություն է վարում»։ «Մեծ պատերազմի» հոտ էր գալիս, Մոսկվան պատային վիճակում էր։ Կամայականությունների հույսին թողնել մարտավարական դաշնակցի՝ Հայաստանի ճակատագիրը, հնարավոր չէ։ Ռուս դիվանագետների հրադադարի կոչերն անհետևանք են մնում։ ՀԱՊԿ դաշնակիցների հույսին մնալու տարբերակ չկա։ Ե՛վ Բելառուսը, և՛ կենտրոնաասիական երկրները պարզ հասկացրել են, որ սա իրենց պատերազմը չէ, և որ Հարավային Կովկասի հակամարտությանը մասնակցել չեն պատրաստվում։ Թուրքիայի դեմ պատերազմի մեջ մտնելն, ակնհայտորեն, վտանգավոր է։

Ռուսական կառավարությունը որոշեց, ինչպես միշտ, ուժի դիրքից խոսել․ հուլիսի 17-ին հայտարարվեց Արևմտյան և Հարավային ռազմական շրջանների զորքերի և Ռազմաօդային ուժերի պատրաստության ստուգումների մասին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ճիշտ է, զանգահարեց իր ադրբեջանական կոլեգային և հավաստիացրեց, որ այս ստուգումն ընթացիկ հակամարտության հետ որևէ առնչություն չունի։ Բաքվում, հավանաբար, Շոյգուին չհավատացին, ինչը զարմանալի չէ․ ռազմական պատրաստության ստուգումից անմիջապես հետո հայտարարվեց հայ-ռուսական Հակաօդային պաշտտպանության համակարգերի զորավարժությունների մասին։ Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը «զենքի շառաչին» ամենևին այն չէր, ինչ սպասում էր Մոսկվան։ Հուլիսի 29-ին սկսվեցին թուրք-ադրբեջանական խոշորամասշտաբ զորավարժությունները՝ ռազմական ավիացիայի մասնակցությամբ։ Զորավարժությունների շրջանակներում թուրքական ստորաբաժանումները տեղափոխվեցին Ադրբեջանի տարածք։

Թակարդը, որում Ռուսաստանի Հարավային Կովկասում վարած քաղաքականության հետևանքով հայտնվեց Կրեմլը, կարող է փակվել։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունները հստակ ազդանշան են Մոսկվային, որ Բաքուն և Անկարան պատրաստ են ռազմական բախումներ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի հետ։ Եթե դա տեղի ունենա, հայկական բանակը, որն ինքնին վատը չէ, պարտության է դատապարտված։ Ռուսական 102-րդ ռազմաբազայից արդյունավետ ռազմական օգնություն սպասել պետք չէ։ Այդ ռազմական բազան ընդհամենը մոտոհրաձգային բրիգադ է՝ շուրջ 4000 հոգանոց, և ավիաէսկադրիլիա՝ 18 ռազմական ինքնաթիռներով։ Սա այն դեպքում, երբ թուրքական բանակի միայն 9-րդ կորպուսը, որը տեղակայված է Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին, ունի տանկային բրիգադ, վեց մեխանիզացված և չորս հետևակային բրիգադներ։ Գյումրի-Երևան ուղղությամբ կարող է հարվածային խումբ ստեղծվել՝ 40-50 հազար մարդկանցով, ովքեր շուրջ 370 տանկ և 700 հրանոթ ունեն, նաև՝ օգտվում են ճակատային ավիացիայի աջակցությունից։

Այլ կերպ ասած, մի քանի օրվա ընթացքում 102-րդ ռազմական բազան կոչնչացվի։ Իսկ Հայաստանին զորավիգ ուժեր Ռուսաստանը կարող է ուղարկել միայն շրջանցող ճանապարհով՝ Կասպից ծովով, իսկ հետո՝ Իրանի տարածքով։ Մինչև տեղ հասնեն, Հարավային Կովկասի պատերազմն ավարտված կլինի։ Հայաստանը և այնտեղ տեղակայված ռուսական բազան փրկելու համար Մոսկվային գործնականում մի բան կմնա․ սպառնալ միջուկային հարձակմամբ։

Հուսանք, իրադարձությունների զարգացման ամենավտանգավոր տարբերակից խուսափել կհաջողվի։ Սակայն հիմա արդեն պարզ է, որ Սիրայից ու Լիբանանի հետ մեկտեղ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության ևս մի օջախ է առաջացել։ Մոսկվան ստիպված է շեղել դիվանագիտական և ռազմական ռեսուրսներն այլ ուղղություններին։ Այստեղ, իհարկե, դրական պահեր էլ կան․ օրինակ, նվազում է Դոնբասում կամ Ղրիմի հյուսիսում ռազմական իրավիճակի սրման հավանականությունը։ Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի հարուցում։ Ընդ որում, հիշվում է մեմ դարձած բնութագիրը, որ [ՌԴ արտգործնախարար] Սերգեյ Լավրովն արել էր իր ենթակաների մտավոր կարողությունների մասին։ Սակայն, կարծես թե, այն ճիշտ է նաև ռուսական իսթեբլիշմենթի համար։

Յուրի Ֆյոդորով, ռազմաքաղական փորձագետ
աղբյուր՝ “Эхо Кавказа”