Այսօր՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում, ընդունվել են ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հետևանքների մեղմացմանը միտված նոր աջակցության ծրագրեր։
Վճարովի փորձաշրջան՝ Հայաստանում ապրող արցախցիների համար
Աջակցության միջոցառումներից մեկով նախատեսվում է մարդկանց հնարավորություն տալ մինչև 3 ամիս ժամկետով գործատուների մոտ անցնել աշխատանքային փորձի ձեռքբերման շրջան, որի դիմաց նրանք առանց հարկերի կվարձատրվեն 100 000 դրամի չափով: Աջակցություն կստանա նաև գործատուի մոտ փորձա-շրջանը կազմակերպող աշխատակիցը՝ 34 000 դրամի չափով:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնք փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, և այս պահին ժամանակավորապես Հայաստանում են», – կառավարությանը հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Միջոցառման շրջանակներում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։
Աջակցություն վիրավորներին
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ աջակցություն կտրամադրվի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին։ Հաշմանդամության կարգի հաստատմանը սպասող զինծառայողներն այս պահին ստանում են աջակցություն ամսական 100 000 դրամի չափով, որին, նոր որոշման համձայն, կավելացվի ամսական ևս 200 000 դրամ։ Աջակցությունը կտրամադրվի առավելագույնը վեց ամիս ժամկետով, հետագայում հաշմանդամության կարգ ստացածները կօգտվեն 1000 դրամների հիմնադրամից։
Ավելի վաղ ընդունված աջակցության միջոցառումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։