Առնվազն 27 երկիր, որոնցից որոշներն անդամակցում են ԵՄ-ին, արգելք են դնում Միացյալ Թագավորությունից եկող թռիչքների և ուղևորափոխադրումների վրա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Լոնդոնում և հարակից այլ տարածքներում մտնում են նոր՝ խստագույն սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ ընտանիքները չենք կարողանա հավաքվել և միասին տոնել Սուրբ Ծնունդը։
Պատճառը կորոնավիրուսի նոր`ավելի արագ տարածվող շտամն է, որը հայտնաբերվել է Անգլիայում սեպտեմբերի վերջին։
Ի՞նչ գիտենք նոր շտամի մասին և ինչու՞ է այն ավելի արագ տարածվում
Գիտնականները վիրուսի նոր տարբերակում հայտնաբերել գենետիկ 23 փոփոխություն։ Այս թիվն անսովոր կերպով մեծ է։ Փոփոխությունների մի մասը կապված է սպիտակուցների հետ, որը վիրուսն արտադրում է։
Ինչպես գիտենք՝ Կորոնավիրուսը ստացել է այդ անունը, քանի որ այն ունի փշաձև ելուստներ, որոնք վիրուսը նմանեցնում են թագի (corona – թագ): Հենց այս ելուստների վրա գտնվող սպիտակուցի միջոցով է վարակը կարողանում ներթափանցել մարդու օրգանիզմ։
Վիրուսի այս նոր շտամի ավելի մեծ վարակելիության մասին գիտնականների նախնական եզրակացությունն այն է, որ այս նոր մուտացիայի պատճառով փոփոխություններ են տեղի ունենում ելուստների սպիտակուցի մեջ, ինչն օգնում է վիրուսին ավելի հեշտ ներթափանցել մարդու բջիջների մեջ և կառչել դրանցից։ Այս փոփոխությունը, որը հայտնի է «N501Y» անվամբ, ըստ գիտնականների՝ կարող է վիրուսը 70%-ով ավելի վարակիչ դարձնել։
Այս դեպքում ծագում է երեք հարց․
- Արդյո՞ք վիրուսի այս նոր տարբերակն ավելի վարակիչ է, քան նախորդը,
- Արդյո՞ք այն մահացու լինելու կամ լուրջ հիվանդությունների հանգեցնելու ավելի մեծ հավանականություն ունի, քան նախորդը,
- Արդյո՞ք այն կարող է թուլացնել օրգանիզմի՝ այդ թվում՝ պատվաստանյութի միջոցով ստեղծված դիմադրողական մեխանիզմները։
Բրիտանական գիտական խորհրդատուների կողմից շաբաթ օրը այս հարցերին տրվեցին նախնական պատասխաններ․ «Այո», «Ոչ» և «Ոչ»։
Վարակի այս տարբերակը առաջին անգամ հայտնաբերվել է Քենթում և Լոնդոնում, համապատասխանաբար՝ սեպտեմբերի 20-ին և 21-ին։ նոյեմբերի կեսերին Լոնդոնում վարակվածների 28%-ի մոտ առկա էր վիրուսի նոր տարբերակը, իսկ դեկտեմբրի 9-ից՝ արդեն 62%-ի։
Բրիտանական կառավարության գլխավոր գիտական խորհրդական Փեթրիք Վելենսը նշել է, որ վիրուսի նոր տարբերակը գերակշռում է մյուսների նկատմամբ։
Խորհրդականը նաև նշել է, որ նոր տարբերակի պակաս վտանգավոր լինելու և պատվաստանյութի էֆեկտիվության վրա չազդելու մասին եզրակացությունները նախնական են։ Ըստ նրա՝ կան տեսական պատճառներ, որոնցով պայմանավորված՝ նոր տարբերակը կարող էր ազդել դիմադրողականության վրա, սակայն դրանց իսկության վերաբերյալ ապացույցներ չկան։
Ըստ դոկտոր Սանջանայի՝ ով աշխատում է Նյու Յորքի Գենոմային Կենտրոնում, «Առանձին մուտացիաները հիմնականում չեն փոփոխի պատվաստանյութի ազդեցությունը»։
Միացյալ Թագավորությունը, սակայն, միակ երկիրը չէ, որտեղ վարակի նոր տարբերակ է առաջ եկել։
Մեկ այլ նոր տարբերակ, այս անգամ՝ Հարավային Աֆրիկայում
Հարավային Աֆրիկայի առողջապահական համակարգի ներկայացուցիչները պնդում են, որ երկրում Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերում գերակշռում է վիրուսի նոր՝ «501.V2» անունով հայտնի մի տարբերակ։
Այս պահին երկրում հոսպիտալացված է Կորոնավիրուսով վարակված 8500 մարդ, ինչը գերազանցում է օգոստոսին գրանցված ռեկորդը․ այն ժամանակ հոսպիտալացված էր 8300 մարդ։
«Դեռ շատ վաղ է որևէ բան ասել, սակայն այս փուլում նախնական տվյալներից կարեի է եզրակացնել, որ այս պահին դոմինանտ վարակը երկրորդ ալիքում տարածվում է ավելի արագ, քան առաջինում», – նշում է կառավարության նախարարական խորհրդատվական կոմիտեի ղեկավար, պրոֆեսոր Սալիմ Աբդուլ Կարիմը։
Նույն կոմիտեի մեկ այլ անդամ նշել է․«Մենք տեսնում ենք, որ երկրորդ ալիքում վարակի ավելի վաղ և ավելի սուր տարածում, քան պատկերացնում էինք»։
Հարավաֆրկյան գիտնականներն ուսումնասիրում են Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հասկանալու համար, թե արդյոք դրանք էֆեկտիվ կլինեն վիրուսի նոր շտամի նկատմամբ, որն, իդեպ, տարբերվում է վերը նշված բրիտանական նոր տարբերակից։