Home / Բանակ / Հայաստանն ու Ադրբեջանը գանգատվում են իրարից ՄԻԵԴ-ում

Հայաստանն ու Ադրբեջանը գանգատվում են իրարից ՄԻԵԴ-ում

Հայաստանն՝ ընդդեմ Ադրբեջանի

Երեկ՝ փետրվարի 1-ին Հայաստանի կառավարությունն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կառավարությունը, մասնավորապես, պնդել է, որ Ադրբեջանը խախտել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Կիրակոսյանի հաղորդմամբ՝ գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ:

Բարձրացվել են նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։

«Այս գանգատը պետության անունից ընդդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է», – ընդգծել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:

«Ազատության» հետ զրույցում Կիրակոսյանն ընդգծել է, որ մարդկանց իրավունքների խախտման համար Կառավարությունը Ադրբեջանից ակնկալում է փոխհատուցում․ «Եվրոպական դատարան ներկայացված պահանջները վերաբերում են այդ [Ադրբեջանի կողմից թույլ տրված կոնվենցիոն] խախտումները ճանաչելուն և դրա համար հետագայում հատուցում ստանալուն»։

Ադրբեջանն՝ ընդդեմ Հայաստանի

Ավելի վաղ՝ հունվարի 15-ին, ՄԻԵԴ միջպետական գանգատ էր ներկայացրել նաև Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի։

Գանգատով Ադրբեջանը, մասնավորապես, պնդել է, որ Հայաստանը՝ «Լեռնային Ղարաբաղի շրջանի և հարակից 7 շրջանների օկուպացիայի» հետևանքով խախտել է Ադրբեջանի քաղաքացիների՝ կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, ազատ տեղաշարժի, դավանանքի ազատության և մի շարք այլ իրավունքներ: Գանգատում նշվել է նաև, որ «Հայաստանը որևէ միջոց չի ձեռնարկել՝ հետաքննելու համար կոնֆլիկտի հետևանքով անհետ կորած 3890 Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը։

Հայցի առարկա է դարձել նաև 44-օրյա պատերազմի ընթացքը․ Ադրբեջանը, մասնավորապես, պնդել է, որ «Հայաստանի ԶՈՒ-երը վերջին էսկալացիայի ընթացքում կասետային և ֆոսֆորային ռումբերով և բալիստիկ հրթիռներով ռմբահարել են ռազմական գործողությունների գոտուց հեռու գտնվող Ադրբեջանի քաղաքներն ու գյուղերը, ինչի հետևանքով զոհվել է 93 քաղաքացի, այդ թվում 12 երեխա, 423 մարդ վիրավորվել է, ամբողջությամբ ավերվել է 264 տուն»։