Home / Հայաստան / Կոսովոյում հաղթում է ընդդիմությունը

Կոսովոյում հաղթում է ընդդիմությունը

Կոսովոյում երեկ խորհրդարանական ընտրություններ էին։ Համաձայն էքզիթ փոլի արդյունքների՝ ձայների մեծ առավելությամբ (շուրջ 48%) հաղթել է երկրի ընդդիմադիր «Ինքնորոշում» կուսակցությունը։ Երկիրը տարիներ շարունակ ղեկավարած «Կոսովոյի ժողովրդավարական կուսակցությունը» ըստ էքզիթ փոլի ստացել է ձայների շուրջ 18%-ը, իսկ պահպանողական «Կոսովոյի ժողովրդավարական լիգան»՝ 13%-ը։

«Սա հանրաքվե էր ի օգուտ արդարության ու աշխատանքի և ընդդեմ պետության գրավման ու կոռուպցիայի», – նշել է սոցիալ-դեմոկրատական «Ինքնորոշման» առաջնորդ Ալբին Կուրտին։

Իշխող «Կոսովոյի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար Էնվեր Հոջայն ընդունել է իրենց պարտությունը։

«Արդյունքներով «Ինքնորոշումն» առաջինն է, սա հստակ ուղերձ է։ Եվ մենք, ԿԺԿ-ն, ընդունում ենք այն»,- նշել է գործիչը։

Հոջայը ստանձնել էր կուսակցության ղեկն այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Հաշիմ Տաչին և իր օգնական Կադրի Վեսելին ձերբակալվել էին Հաագայում՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։

ԿԺԿ-ն հիմնականում ղեկավարվում է 1998-1999 թվականների՝ Սերբիայի հետ պատերազմին մասնակցած գեներալների, հրամանատարների կողմից։

Երկրի վարչապետ, պահպանողական Ավդուլլա Հոտին էլ արդյունքների վերաբերյալ հայտնել է իր զարմանքը, բայց, այնուամենայնիվ, խոստացել ապահովել իշխանության խաղաղ փոխանցում։

Կուրտիի կուսակցության քարոզարշավի առանցքային կետերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն էր։ Ընդդիմադիր «Ինքնորոշումը» մեղադրում էր երկրի քաղաքական վերնախավին կոռուպցիայի, տնտեսության վատ ղեկավարման, բավականաչափ աշխատատեղեր չստեղծելու և աշխատավարձերի բարձրացում չապահովելու մեջ։

Կոսովոն, որի տնտեսությունն արդեն իսկ ամենաաղքատներից մեկն էր Եվրոպայում, էլ ավելի մեծ տնտեսական վնասներ է կրել համավարակից հետո, իսկ երկրի շուրջ 1․8 միլիոն բնակիչների պատվաստումները դեռ չեն էլ սկսվել։

Գործազուրկ է երկրի երիտասարդության ավելի քան 50%-ը, ինչը շատերի կարծիքով հանգեցրել է «ուղեղների արտահոսքի»։ Սա երիտասարդների շրջանում Կուրտիի պոպուլյարության պատճառներից մեկն է։

Խորհրդարանի 120 տեղերից 20-ը հատկացված են երկրի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ 10 տեղ հատկացված է սերբերին։

Քարոզարշավի ընթացքում մեծ անդրադարձ չի եղել գնալով ավելի լճացող բանակցություններին Սերբիայի հետ, որից իր անկախությունը Կոսովոն հռչակել էր 2008 թվականին։ Ակնկալվում է, որ 45-ամյա Կուրտին կոշտ դիրքորոշում կունենա բանակցություններում՝ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ համաձայնելով բանակցել միայն Կոսովոյի ինքնորոշման իրավունքի ընդունման պայմաններում։ Սա տարիներ շարունակ եղել է «Ինքնորոշման» քաղաքականության առանցքային կետերից մեկը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Կուրտին նաև նշել է, որ եթե Կոսովոյի ժողովուրդը ցանկանում է միավորվել Ալբանիայի հետ, ապա նա պետք ունենա այդ հարցով հանրաքվեի իրավունք։

Կոսովոն այսօր ճանաչված է բազմաթիվ արևմտյան պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, սակայն Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը և որոշ այլ երկրներ մինչ օրս հրաժարվում են ճանաչել երկրի անկախությունը։ 

Հատկանշական է, որ «Ինքնորոշման» ղեկավար Կուրտին չի կարող առաջադրվել որպես պատգամավոր։ Պատճառը դատարանի որոշումն է։ 2015 թվականին Կուրտին արցունքաբեր գազ էր բաց թողել խորհրդարանի նիստերի դահլիճում։

Չնայած պատգամավոր դառնալու արգելքին՝ վարչապետ ընտրվել Կուրտին կարող է։

Վերջին 18 ամսվա ընթացքում սա երկրորդ արտահերթ ընտրությունն է։ «Ինքնորոշումը» վերջին երկու ընտրություններում ևս ստացել էր ձայների մեծամասնությունը, բայց ԿԺԿ-ն կարողացել էր հասնել իշխանության՝ կոալիցիա ստեղծելով այլ ուժերի հետ։ Այս անգամ, հաշվի առնելով ձայների հարաբերակցությունը, դա դժվար թե ստացվի։