Հայաստանյան ընդդիմությանն աջակցող օլիգարխների կողմից վերահսկվող ձեռնարկություններում, ընկերություններում, հիմնադրամներում աշխատողներին ստիպում են հակակառավարական ցույցերի գնալ։ Տարբեր ձեռնարկությունների աշխատողներ շարունակաբար հայտնում են, որ իրենց պարտադրում են մասնակցել ակցիաներին, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում են ազատել աշխատանքից։ Ոստիկանությունն արդեն իսկ արձագանքել է այս հաղորդումներին։
Նման մի իրավիճակ էր ստեղծվել Երևանում գործող հիմնադրամներից մեկում, որ համակարգվում է սփյուռքահայերի կողմից և օգնություն տրամադրում 44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչությանը։
Աշխատողների շրջանում կան նաև ղարաբաղցի փախստականներ, ում առաջ ընտրություն էր դրվել․ կամ զրկվել աշխատանքից, կամ գնալ ցույցի։
Աշխատակիցների մեծ մասն, իհարկե, չի ընդդիմանա, նշում է Epress.am-ի զրուցակիցը։
Վերջինս հրաժարվել է ցույցի գնալ, քանի որ իրեն «չեն հետաքրքրում ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը». «Ես ուղղակի իմ գործն եմ անում։ Այդ ցույցերին մասնակցել չեմ ուզում։»
Որոշ ժամանակ անց մեր զրուցակցի նկատմամբ աշխատանքի վայրում վերաբերմունքը փոխվել է։ Ստուգումներն ավեի հաճախակի են դարձել։
«Ես, մեկ է, ինչպես աշխատում էի, այնպես էլ աշխատում եմ և վստահ եմ, որ ամեն ինչ մաքուր է։ Կպնելու բան չկա։ Տհաճ է ուղղակի»։
Երեկ ոստիկանությունը հիշեցրել է «քաղաքացիների իրավահավասարության խախտումների մասին»։
Իրավապահների հաղորդագրության մեջ նշված է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ որոշ գործատուներ իրենց աշխատողներին ստիպում են ցույցերի մասնակցել։
Ոստիկանությունը հիշեցրել է, որ Քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով («Քաղաքացիների իրավահավասարության խախտումներ») նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատաիկի չափով կամ 3 տարվա ազատազրկում։ Օրենքի այս խախտման համար նաև կարելի է մինչև 3 տարի ժամկետով զրկվել որոշ պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։
Ընդդիմությունն այդ ընթացքում շարունակում է մարդկանց կանչել իր ցույցերին։ Հավաքվածների քանակն, այնուամենայնիվ, չի գերազանցում մի քանի հազարը։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 2018-ի «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանությունից հեռացված նախկին պաշտոնյաները և նրանց հետ կոալիցիա կազմած այլ ուժեր որպես վարչապետի թեկնածու ընտրել են Հայաստանի առաջին վարչապետ և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին։
Պատերազմի արդյունքներից դժգոհ ընդդիմությունը հայտնել է, որ թեև իրենք «երբեք չեն հաշտվի» նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է, և նրանք չեն կարող այն փոխել և հրաժարվել դրանից, քանի որ դա կնշանակի պատերազմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև տարաձայնություններ ռուս խաղաղապահ ուժերի հետ։ Այնուամենայնիվ, ըստ իրենց, իրենք ավելի լավ բանակցող են, ուստի ավելի լավ կբանակցեն․ հստակ խոստումներ, այնուամենայնիվ, չկան։