Պատերազմից հետո Խծաբերդի ուղղությամբ գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները փետրվարի 28-ին հրատապ ասուլիս էին հրավիրել Շիրակի մարզպետարանի դահլիճում։ Նրանք քաղաքական բոլոր ուժերից պահանջում են զերծ մնալ գերիների հարցի շահարկումից և «իրենց երեխաներին քաղաքական դաշտ չդարձնել»։
Ծնողները, որոնք մինչ այս առհասարակ հրաժարվում էին լրագրողների հետ շփումներից, այս անգամ ևս՝ զգուշավորությունից ելնելով, «փակագծերը բացելուց» խուսափում էին։ Հարազատները չէին նշում նաև իրենց անունները։
Նրանք պնդում էին, որ գիտեն՝ ով ինչով է զբաղված․ «Մենք չենք ուզում փակագծեր բացել, չենք ուզում ներկայացնել, թե այդ պրոցեսի մեջ ով ներգրավվածություն ունի, ով ինչ-որ քայլ կկատարի: Մենք չենք պաշտպանում ոչ մի քաղաքական ուժի, չենք կանգնում ոչ մի քաղաքական ուժի կողքին։ Մենք իրենց հորդորում ենք՝ թող զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների, անհետ կորածների թեման շոշափելուց ու չխոչընդոտեն մնացած աշխատանքներին, որոնք կատարվում են, կատարվել են ու պիտի կատարվեն»:
Հարազատների կարծիքով՝ թեմայի քաղաքական շահարկումը խանգարում է գերիների վերադարձին․ «Իրենք խանգարեցին սաղ պրոցեսը։ Զրոյից բարձրացել էր, դարձել համարյա 70 պրոցենտ, իրենց դարձրեցին նորից զրո»:
Հարազատներին հատկապես բարկացրել էր նախկին աած-ական, այժմ ընդդիմադիր Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե իշխանության գալու դեպքում ինքը գերիների հարցը մի քանի օրում կլուծի։
«Եթե այսօր նման հնարավորության տեր անձնավորությունը չի համագործակցում այն պատկան մարմինների հետ, որոնք լիազորված են տղաների վերադարձի համար բանակցությունների կամ միջնորդությունների, մենք կմտածենք, որ դրա նպատակն ուրիշ է։ ․․․Մի՛ շահարկեք, մեզ շահարկում պետք չէ, մեզ պետք են հստակ քայլեր»։
Հարազատները վստահ են, որ ներքաղաքական պրոցեսները, քաղաքական գործիչների այս շահարկումները միայն խանգարում են տղաների վերադարձի գործին․ «Սթափվե՛ք, թողեք երեխեքի արյունը չորանա, թողեք երեխեքին բերենք, ամոթ է, իրոք ամոթ է․․․ Դրանից հետո գնացեք, սաղ աթոռներն էլ թող ձե՛զ լինի, ամեն ինչ թող ձե՛զ լինի»։
Գերեվարվածների ծնողները նշեցին, որ ստիպված էին ասուլիս հրավիրել։ Ասում էին՝ հնարավոր չէ այլևս լռել։ Սովորաբար հանրային խոսելուց իրենք հրաժարվում են․ ամեն օր հավաքվում են Շիրակի մարզպետարանում, փոխանակվում նորություններով, պարբերաբար՝ հանդիպում պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկվող թեմաները նախընտրում են պահել գաղտնի՝ Ադրբեջանում գնտվող իրենց երեխաներին չվնասելու համար։
Պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններին մինչ այժմ Հայաստան է վերադարձվել միայն 8-ը։ Ադրբեջանական կողմը նրանց վերադարձնել հրաժարվում է, ինչը պաշտոնական Երևանի կողմից որակվում է որպես սակարման փորձ։ Բանակցությունները շարունակվում են (ավելի մանրամասն՝ այստեղ)։