Լիբանանցի ցուցարարներն այրվող անվադողերով փակել են երկրի գլխավոր ճանապարհները, հայտնում է Al Jazeera-ն։ Շուրջ 7 օր շարունակվող ցույցերի հիմնական պահանջն է լուծում տալ արդեն երկրում 2019 թվականին ծագած տնտեսական ճգնաժամին, որն էլ ավելի է խորացել անցյալ տարվա օգոսոտոսին տեղի ունեցած պայթյունից հետո։
https://twitter.com/Joyce_Karam/status/1366787801749086208
Երկրի բնակչության կեսը՝ շուրջ 3 միլիոն մարդ, հասել է աղքատության շեմին։ Պայթյունի հետևանքով փակվել են բազմաթիվ աշխատատեղեր, կորել են շատ մարդկանց խնայողությունները։ Ազգային տարադրամի արժեզրկումը հասել է աննախադեպ մակարդակի․ 1 ԱՄՆ դոլարն արժե շուրջ 10 000 լիբանանյան ֆունտ։ Շատ լիբանանցիների համար սա համբերության բաժակի վերջին կաթիլն էր։
Այս պահին փակ են նաև մայրաքաղաք Բեյրութ տանող ճանապարհները, իսկ հենց քաղաքի ներսում կարճ ժամանակով փակվել էր նաև Կենտրոնական բանկ տանող ճանապարհը։
Ցուցարարներից մեկն ավելի վաղ փորձել էր ինքնահրկիզվել, սակայն քաղպաշտպանության ներկայացուցիչները կանխել էին ինքնասպանությունը։
«Մենք մի քանի անգամ զգուշացրել են, որ էսկալացիա է լինելու, քանի որ պետությունը ոչինչ չի անում»,- լրագրողների հետ զրույցում ասել է մեկ այլ ցուցարար։
Տնտեսական ճգնաժամից զատ, երկրում սկսվել է նաև քաղաքական ճգնաժամ։ Բեյրութի պայթյունից հետո վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը հրաժարական էր ներկայացրել։ Նրան փոխարինելու համար առաջադրվել էր Սաադ ալ-Հարիրին։ Սակայն երկրի նախագահ Միշել Աունի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով նրան չէին կարողացել վարչապետ նշանակել։
Շատերի կարծիքով՝ Լիբանանում ղեկավարության փոփոխությունն առաջին քայլը կարող է լինել ճգնաժամից դուրս գալու համար։ Այնուհետև անհրաժեշտ է լինելու միլիարդավոր դոլարների միջազգային օգնություն հայթայթել՝ երկիրը ոտքի հանելու համար։
Վարչապետի պաշտոնակատարը շաբաթ օրը սպառնացել էր հրաժարական տալ՝ ճնշում գործադրելով վարչապետի թեկնածու Հարիրիի նշանակումն արգելափակող ուժերի, այդ թվում՝ նախագահի վրա։
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Դիաբը մոտակա օրերս պետք է հանդիպի նախագահ Աունի հետ՝ քաղաքական և տնտեսական ճգնաժամերից դուրս գալու ելքի շուրջ համաձայնության գալու նպատակով։