Ղարաբաղի արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին մի նախագիծ, որով, ի թիվս այլի, առաջարկվում է որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահել պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին։
Արցախում գործող օրենսդրության համապատասխան՝ որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության աշխատակից համարվող կամ ոչ պակաս, քան հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին:
Նախատեսվող լրացումը նպատակ ունի որսորդական հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահել նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին, որոնք իրենց ամբողջ ծառայության ընթացքում՝ շուրջ երկու տարի, առնչվել են զենքի հետ, օգտագործել այն և գիտեն դրա հետ վարման կանոնները:
Հիմնավորումներում նշվում են նաև, որ պատերազմի և դրա արդյունքում կնքված եռակողմ հայտարարության հետևանքով Արցախի բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ, և «գտնվելով դեռևս չկարգավորված հակամարտության մեջ և պատերազմի ամենօրյա վտանգի ներքո»՝ անհրաժեշտ է, որ «քաղաքացիները ունենան ինքնապաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու հնարավորություն»:
Հեղինակներն վստահ են՝ գործող օրենքի պահանջները չեն համապատասխանում «հետպատերազմյան իրողություններին ու հանրային կարիքներին», նաև կարծում են, որ կառավարությունը պետք է իրավասու լինի «սահմանելու ոչ միայն հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, այլ նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը»:
Նախագծով առաջարկվում է նաև վերացնել զենքում տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ) կիրառելու պահանջը («հաշվի առնելով, որ այն գործնականում չի կիրառվում») և սահմանված երեքի փոխարեն քաղաքացիներին թույլատրել ձեռք բերել առավելագույնը հինգ միավոր որսորդական ակոսափող զենք:
Առաջարկվում է նաև սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիների համար զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնել ոչ միայն Արցախի ոստիկանությունում, այլ ոստիկանությունում կամ Արցախի կառավարության լիազորած կազմակերպություններում՝ ԱՀ ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, քանի որ զենքերը հիմնականում ձեռք են բերվում մասնավոր կազմակերպություններից, և նպատակահարմար է, որպեսզի այդ կազմակերպությունները ևս արտոնագրվեն՝ ստուգում իրականացնելու տվյալ զենքի հետ վարվելու կանոնների իմացության վերաբերյալ: