Լևոն Տեր-Պետրոսյանը մյուս նախկին նախագահների հետ դաշինք կազմելու իր մերժված փորձով կրկին ցույց տվեց, որ ժամանակակից ազգի ու պետականության մասին իր պատկերացումներում ավելի մոտ է երկրորդ և երրորդ նախագահներին, քան 2018-ի դեմոկրատական հեղափոխության արժեքներին։ Իր արժեքների և պատկերացումների դիրքից նայելու հետևանքով է, որ Տեր-Պետրոսյանին թվում է, թե Հայաստանը կործանման եզրին է։
Արման Գրիգորյան
Անձնավորված ընտրակեղծարարություն
Երեք նախկին նախագահներն էլ իրենց օգտին ընտրություններ են կեղծել, և սա նրանց ընդհանրություններից մեկն է։ 1996 և 1998 թվականների նախագահական ընտրությունների կեղծիքներն, օրինակ, այնքան ակնառու էին, որ ԵԱՀԿ դիտորդներն են անգամ արձանագրել դրանց՝ ԵԱՀԿ ստանդարտներին անհամապատասխանությունը1։ Ընտրություններ կեղծելը ցույց է տալիս, թե նախկին նախագահները ազգի ու պետականության վերաբերյալ ինչ պատկերացումներ ունեն։ Ակնհայտ է, որ նրանք իրենց օգտին արված կեղծիքը չեն համարել ազգի ու պետության համար խիստ վնասակար մի բան։ 2020-ի պատերազմում պարտությունից հետո, հավանաբար, նրանց մոտ արմատացել է նաև համոզմունքը, թե ազգը (գոնե երբեմն) ի վիճակի չէ ճիշտ կողմնորոշվել՝ իր առաջնորդներին ընտրելու հարցում։ Չէ՞ որ հենց ազգն է մեծ ոգևորությամբ ընտրել «ազգակործան պատուհաս» ու «կապիտուլյանտ» Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն, ըստ այս պատկերացման, կարևոր է ոչ այնքան այն, կեղծվում են ընտրությունները, թե չեն կեղծվում, այլ այն, թե ում օգտին են կեղծվում։ Անվանենք սա ընտրակեղծիքների անձնավորում։
Հիերարխիկ-էլիտիստական աշխարհայացք
Երեք նախկին նախագահների մյուս ընդհանրությունը սոցիալական աշխարհում ուժի մասին նրանց՝ ընդգծված հիերարխիկ պատկերացում է։ Տեր-Պետրոսյանի դեպքում սա լավ երևաց 2008-ի նրա քարոզարշավի ընթացքում։ Ի տարբերություն Փաշինյանի, որ 2018-ի քաղաքացիական անհնազանդությունը սկսեց մարզերում քայլելով ու հասարակ մարդկանց հետ խոսելով, Տեր-Պետրոսյանը 2008-ի իր քարոզարշավը մեկնարկեց զանազան կուսակցապետերի ու «հեղինակավոր» մարդկանց հետ հանդիպում-պայմանավորվածություններով ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին հղված ուղերձներով2։ 2008-ի հանրահավաքները կենտրոնացված էին մի տեղում և ամբողջությամբ վերահսկվում էին առաջին նախագահի ու նրա թիմակիցների կողմից (բացառությամբ մարտի 1-ի)՝ ի տարբերություն 2018-ի քաղաքացիական անհնազանդության, որում ապակենտրոնացված պայքարը առանցքային դեր ուներ։ 2008-ի հետընտրական զարգացումներում իշխանական բուրգը ճեղքելու Տեր-Պետրոսյանի ռազմավարության թիրախը ևս «էլիտան»3 էր՝ ՊՆ պաշտոնյաներից մինչև Սահմանադրական դատարանի անդամներ։ 2008-ի կենտրոնացված ցույցերի դերը «էլիտային» համոզելն էր (բարոյապես նրա վրա ազդելը), որ անցնեն ընդդիմության կողմը: Այսինքն՝ 2008-ին «էլիտային» մեծ կարևորություն էր տրված։ Ի տարբերություն 2008-ի՝ 2018-ի հեղափոխության ժամանակ «էլիտային» երրորդական նշանակություն էր տրված, և «Էլիտան» ստիպված էր ծառայի կարգավիճակում միանալ շարժմանը4։ Տեր-Պետրոսյանի՝ 2014-2015թթ նախաձեռնած «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը» ևս ենթադրում էր, որ առանց խոշոր բուրժուազիայի (ի դեմս Գագիկ Ծառուկյանի) զուտ դեմոկրատական հեղափոխություն (նման 2018-ինին) անհնար է։
Տեր-Պետրոսյանի այս հիերարխիկ-էլիտիստական պատկերացումները երևում են նաև նրա վերջին տեքստերում։ Դրանք, թեև բազմաշերտ են ու քննարկումներ են հրահրում, այնուամենայնիվ՝ հաճախ անհասկանալի են։ Իր թիմակիցներն ու համախոհները մասնավոր զրույցներում սա համարում են մանրակրկիտ հաշվարկված, բազմաքայլ, բարդ ու խելացի ռազմավարության շրջանակում այս կամ այն (աշխարհաքաղաքական կամ հայաստանյան) ուժային կենտրոններին ու շահային խմբերին ուղղված ուղերձներ, որ նախատեսված չեն հասարակ քաղաքացիների համար։ Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը 1998-ից սկսած ձախողվում է իր բոլոր «լավ հաշվարկված ու խելացի» քաղաքական նախաձեռնություններում։
Սոցիալական աշխարհի այսպիսի հիերարխիկ-էլիտիստական ու նույնիսկ՝ հակադեմոկրատական պատկերացումներում Տեր-Պետրոսյանի առաջին և բնական գաղափարակից ընկերները, հիրավի, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Քոչարյանն ու Սարգսյանը ընտրությունները կեղծում էին հենց «էլիտայի», փողի ու սպառնալիքների միջոցով։ Հասարակ հայաստանցիներն այս սխեմայում դարձել էին անուժ մի բան, երբ խոսքը վերաբերում է իշխանություն վերցնելուն ու պահելուն։ Քոչարյանին հիմա էլ է թվում, թե փողով ու Կրեմլի որոշ շրջանակների աջակցությամբ կարող է Հայաստանում իշխանության գալ։
Ղարաբաղականություն
Քոչարյանի ու Սարգսյանի հետ Տեր-Պետրոսյանին միավորում (իսկ Նիկոլ Փաշինյանից առանձնացնում) է նաև այն, որ երեքն էլ իշխանության են եկել ԼՂ հարցի հիման վրա։ Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցի հիմքով կամ պատրվակով 1998-ին նաև հեռացվել է իշխանությունից։ 2018-ի հեղափոխությամբ, սակայն, իշխանության լեգիտիմության աղբյուրը փոխվեց․ ԼՂ-ի հարցից առավել Հայաստանում իշխանություն ձևավորող-պահող հարցեր դարձան դեմոկրատական ազատություններին ու սոցիալական խնդիրներին վերաբերող օրակարգերը (ընտրություններ, կոռուպցիա և այլն)։ Անգամ 2020-ի պարտությունը չհանգեցրեց արագ իշխանափոխության․ ԼՂ հարցն այլևս չունի այն դերը քաղաքական համակարգում, ինչ ուներ մինչև հեղափոխությունը։
Բացի այն, որ Ղարաբաղի հարցը երեք նախկին նախագահների լեգիտիմության գլխավոր աղբյուրն է եղել, այն նաև առանցքային տեղ է զբաղեցրել ժամանակակից հայ ազգի, պետականության ու ինքնության մասին նրանց մոտեցումներում։ Խոսքը ամենևին ԼՂ բնակչության կյանքը, իրավունքներն ու ազատությունները ապահովելուն առաջնահերթություն տալու մասին չէ։ Հասարակ ղարաբաղցիների, ինչպես նաև՝ հայաստանցիների կյանքը, իրավունքներն ու բարեկեցությունը, ըստ այս մոտեցումների, կարելի էր զոհել՝ հանուն ավելի բարձր համարվող աբստրակտ արժեքների՝ ազգի ու պետականության, որում դե ֆակտո և (կամ) դե յուրե անկախ Ղարաբաղը առանքային կամ գլխավոր տարրն է։
Իհարկե, «ժամանակակից ազգ ու պետականություն» աբստրակտ հասկացությունների մեջ աբստրակտ «անկախ Ղարաբաղը» Տեր-Պետրոսյանի համար ավելի զուսպ դեր ուներ, քան Քոչարյանասարգսյանական հռչակված պատկերացումներում։ Թեև վերջիններս՝ հակառակ այդ հչակումների, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացքում բեկում արձանագրել չկարողացան, ու թեև Ղարաբաղի անկախության կամ ճանաչման հարցը հետզհետե փակուղու էր վերածվում, հանրային խոսքի մակարդակում այն շարունակում էր (անգամ հիմա է շարունակվում) շահարկվել՝ ազգայնական-մաքսիմալիստական լոզունգներով համեմված։ Տեր-Պետրոսյանն այս առումով, իհարկե, առանձնանում էր իր թափանցիկությամբ և հոռետես իրատեսականությամբ։ Այնուամենայնիվ՝ հոգեբանորեն նա հակված է ազգի ու ինքնության հարցում մեծ կարևորություն տալ 90-ականների հաղթանակին և հետևաբար նաև՝ Ղարաբաղին, քանի որ հենց ինքն է եղել հաղթանակած նախագահը։ Համապատասխանաբար՝ Նիկոլ Փաշինյանն էլ հոգեբանորեն հակված է նվազեցնել 2020-ի պարտության և հետևաբար նաև՝ Ղարաբաղի նշանակությունը հայկական պետականության մեջ, քանի որ հենց ինքն է եղել պարտված վարչապետը։
Ընտրակեղծիքներն անձնավորող, սոցիալական աշխարհի մասին հիերարխիկ-էլիտիստական պատկերացումներով ու Ղարաբաղը որպես հայկական պետականության ու ինքնության առանցք դիտարկող աշխարհայացքի դիրքերից Հայաստանի ապագան այսօր, իսկապես, կարող է աղետալի թվալ։ Ազատ ընտրություններն ու դեմոկրատական այլ ազատությունները առաջնային համարող, սոցիալական աշխարհի ու դրանում ուժի՝ առավել էգալիտար (հավասարական) պատկերացմամբ և անկախ Ղարաբաղը հայկական պետականության ու ինքնության առանցքը չհամարող աշխարհայացքի դիրքերից, սակայն, հայ ազգն ու պետությունը 2018-ի հեղափոխությամբ կարևոր քայլ է կատարել, որը 2020-ի պարտությամբ չի փոշիանում։ Ավելին, այս աշխարհայացքի տեսակետից պարտված Հայաստանը ավելի հեռանկարային երկիր է՝ իր քաղաքացիների իրավունքները, ազատությունները և օրենքի առաջ բոլորի հավասարությունը ապահովելու, ինչպես նաև՝ կյանքի իմաստավորման բազմազան մշակութային արժեքներ մատուցելու տեսակետից, քան հաղթած Ադրբեջանը, որն ավելի խորն է գլորվելու ավտորիտարիզմի անդունդը։
Հրայր Մանուկյան
Ծանոթագրություններ
[1] 1998-ի ԵԱՀԿ դիտորդների վերջնական զեկույցում նշված է․ «Մարտի 16-ին և 30-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները չեն համապատասխանում ԵԱՀԿ չափանիշներին, որոնք Հայաստանը պարտավորվել է ստանձնել Կոպենհագենի 1990թ. Փաստաթղթով: Հայաստանում անցկացվել են ընտրություններ, որոնք լուրջ թերություններով են բնութագրվել ինչպես 1995-ին, այնպես էլ 1996-ին: Այս ընտրությունները որոշ առումներով բարելավում ցույց տվեցին 1996-ի ընտրությունների համեմատ, բայց 1996-ի ընտրությունները պատշաճ չափանիշ չեն ընտրությունների գործընթացը գնահատելու համար` ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան»։
[2] Օրինակ՝ մոտ 10 տարի լռությունից հետո 2007-ի իր առաջին հրապարակային ելույթում Տեր-Պետրոսյանը ասում է․ «[Իշխանությունները շատ] հզոր են իրենց իրավապահ մարմիններով, իրենց հատկապես պետական ապարատով` նախագահից մինչեւ վարչապետ, մարզպետներ, թաղապետներ: Ես այս շարքում չեմ ընդգրկում այսպես կոչված օլիգարխներին: Մի խաբվեք, հրաժարվեք անգամ այս բառից, սա ե’ւ վիրավորական, ե’ւ սխալ տերմին է: Նրանք ձեռնարկատերեր են, դրանք գործարարներ են եւ դրանք այս իշխանության սյուները չեն, եթե կուզեք իմանալ: Գործարարները այս իշխանության զոհերն են»։
[3] Էլիտա բառը օգտագործում եմ՝ նկարագրելու համար բարձրաստիճան պաշտոնյաներին, ավանդաբար մտավորական համարվողներին ու ֆինանսական, ուժային և այլ լծակներ ունեցողներին։ Չակերտերը նրա համար են, որ ընդգծվի, որ այդ մարդկանց՝ առնվազն մի զգալի մասը սոցիալական իր դիրքին հասել է ոչ թե պրոֆեսիոնալիզմի ու իր ոլորտում լավագույնը լինելու շնորհիվ, այլ ընտանեկան կապերի, հովանավորչության, քրեական գործունեության, իշխանություններին կեղտոտ ծառայություններ մատուցելու ու խնդրահարույց այլ ձևերով։ Բոլոր նրանց, ովքեր դուրս են այս «էլիտայից», անվանում եմ հասարակ հայաստանցի։
[4] Որ 2018-ի հեղափոխության ժամանակ շարժմանը միացած Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանին ընտրած ՀՀԿ-ականները այլ ընտրություն պարզապես չունեին, մանրամասն վերլուծված ու հիմնավորված է քաղաքագետ Մանվել Սարգսյանի՝ 2018-ի հեղափոխության օրերին հրապարակված հոդվածներով ու հարցազրույցներով։ Օրինակ՝ 2018-ի մայիսի 3-ի հարցազրույցներից մեկում վերջինս ասում է․ «Ամենադժվարը հենց Հանրապետակններն են հասկանում։ Իրենց թվում է, թե ինչ-որ լծակներ, մանդատներ ունեն։ Ոչ միայն իրենք, մյուս կուսակցություններն էլ։ Ասենք՝ խոսում են՝ կտա թե չի տա ձայնը Գագիկ Ծառուկյանը, կամ, չգիտեմ, Դաշնակցությունը, կառաջադրեն, թե չեն առաջադրի։ Սա պրոցեսը բացարձակապես չհասկանալու հարցեր են․․․Հիմա եթե Ծառուկյանը, Դաշնակցությունը մի բառ ասեն Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդը քշելու է դրանց Հայաստանից, հասկացեք դա։ 50 կուսակցություններ էլ անցնեն շարժմանը, նրանք շարժման ծառաներ են, նրանք ոչ մի բան որոշող չեն»։ Տես նաև «Եթե Ծառուկյանն առաջադրվեց վարչապետի պաշտոնում, ժողովուրդը նրան կքշի Հայաստանից», «Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է և նա ժամանակին խելք ունեցավ Քադաֆիի կամ Չաուշեսկու ճակատագրին չարժանանալու համար»։