Ամերիկյան հետախուզությունը՝ Դանիայի գործընկերների աջակցությամբ, 2012-2014 թվականներին լրտեսել է Եվրոպայի մի շարք բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին երեկ հաղորդել է Դանիայի հանրային ռադիոն։
Ռադիոալիքը պնդում է, որ անցկացրել է մանրամասն հետաքննություն է իրականացրել՝ հարցաքննելով 9 «լավ տեղեկացված» աբյուրների, և պարզել, որ 2012-2014 թվականներին դանիական ռազմական հետախուզությունը ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը հասանելիություն է տրամադրել Կոպենհագենի մոտ գտնվող գաղտնի կայանին, որտեղից հնարավոր է մուտք ունենալ ինտերնետ-պրովայդերների մալուխներին։ Մերկելից բացի լրտեսվել են նաև Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի մի շարք այլ պետական գործիչներ, ինչպես նաև հենց Դանիայի արտաքին գործերի և ֆինանսների նախարարները։
Լուրի հրապարակումից հետո նյութը վերատպել էր Suddeutsche Zeitung-ը, Deutsche Welle-ն, BBC-ն և մի շարք այլ միջազգային պարբերականներ։
Դանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ մտադիր չէ մեկնաբանել ԶԼՄ-ների սպեկուլիացիաները։ Ամերիկացիները ևս առայժմ լուռ են։ Մերկելի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կանցլերն այս պատմության մասին առաջին անգամ կարդացել է Suddeutsche Zeitung-ում։
Ֆրանսիան և Շվեդիան բացատրություններ են պահանջում, առայժմ՝ միայն Դանիայից։
«Սա շատ լուրջ է։ Մենք պետք է ստուգենք այս փաստերը և, ճշմարիտ դուրս գալու դեպքում, դատապարտենք դրանք», – ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը։
Շվեդիայի պաշտպանության նախարար Պիտեր Հուլքվիստն էլ հայտարարել է, որ դանիացի քաղգործիչներից «ամբողջական տեղեկություններ է ակնկալում Շվեդիայի քաղաքացիների, ընկերությունների և շահերի վերաբերյալ»։
Հիշեցնենք՝ այն մասին, որ Սպիտակ տունը, ըստ ամենայնի, սիստեմատիկ կերպով լրտեսում է Մերկելին՝ խոսվում էր դեռ 2013 թվականին՝ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայտնի բացահայտումներից հետո։ Այդ ժամանակ Գերմանիայի կանցլերը զանգահարել էր գործող նախագահ Բարաք Օբամային, ով, ըստ պաշտոնական հաղորդագրության, հավատացրել էր Մերկելին, որ «ԱՄՆ-ն չի գաղտնալսել և չի գաղտնալսելու» Գերմանիայի առաջնորդի հեռախոսը։