Home / Առողջապահություն / 21 շաբաթականում ծնված 420-գրամանոց երեխան դուրս է գրվել․ Գինեսը գնահատել է դա

21 շաբաթականում ծնված 420-գրամանոց երեխան դուրս է գրվել․ Գինեսը գնահատել է դա

Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է աշխարհի ամենավաղ ծնված երեխան․ Կուրտիս Մինսը ծնվել է 21 շաբաթականում` 420 գրամ քաշով։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Անցած տարի հուլիսի 5-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում Միշել Բաթլերը հղիության 5-րդ ամսին՝ 21 շաբաթական և 1 օրեկան ժամկետում, ծննդաբերել է երկվորյակների։ 

Սովորաբար հղիությունը տևում է 38-40 շաբաթ, որոնցից յուրաքանչյուրը կենսական կարևորություն ունեն պտղի ապրողունակության համար։

Երկվորյակներից մեկը մահացել է։ Արհեստական շնչառության սարքի և ինտենսիվ թերապիայի շնորհիվ նրա եղբոր՝ Կուրտիսի կյանքը հաջողվել է փրկել։ Այս տարվա ապրիլի 6-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից։

Կուրտիսը հիվանդանոցում է անցկացրել 275 օր՝ մոտ 9 ամիս, որոնցից 3-ի ընթացքում դեռ չէր կարողանում շնչել առանց թոքերի արհեստական օդափոխության։ Նորածնի ողջ մնալու հավանականությունը գրեթե 1% էր կազմում։

Դուրս գրվելուց հետո Կուրտիսը դեռ որոշ ժամանակ հավելյալ թթվածնի և սնման խողովակի կարիք է ունեցել։ Թերապևտները սովորեցնում էին նրան ինքնուրույն շնչել և ուտելու համար օգտագործել սեփական բերանը։ Բժիշկները, ամեն դեպքում, նշում էին, որ նա արդեն լիովին առողջ է։

Կուրտիսի ներարգանդային կյանքը մեկ օր ավելի քիչ է տևել, քան նախորդ ռեկորդակիրինը՝ Ռիչարդ Հութչինսոնի, որը ծնվել էր նրանից ընդամենը մեկ ամիս առաջ։ Ռիչարդից առաջ ռեկորդը անձեռնմխելի է եղել շուրջ 34 տարի։ 

Ամեն տարի մոտ 15 միլիոն երեխա ծնվում է վաղաժամ՝ հղիության 37 շաբաթից շուտ, ինչի պատճառով նրանք բաց են թողնում վերջին ամիսների հասունացման շրջանը։ Սա ամբողջ աշխարհում հանդիսանում է նորածինների մահացության առաջատար պատճառը․ նրանցից մոտ 1 միլիոնը մահանում է։ Բժիշկները հիմնականում կարողանում են փրկել 8 և հաճախ՝ 7 ամսեկանում ծնված երեխաների կյանքը, 6 և առավել ևս 5 ամսեկանների ապրելու հավանականությունը ցածր է մնում անգամ այսօրվա պայմաններում։