Քաբուլում նախօրեին ռազմական շքերթ էր:
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով էին անցնում նախորդ կառավարությունից և ամերիկյան զորքերից Թալիբանին մնացած ամերիկյան М1117 զրահափոխադրիչները, որոնց օդում ուղեկցում էին ռուսական Ми-8/17 ուղղաթիռները։ ԲՏՌ-ների վրա նստած էին թալիբները՝ արդեն զինվորական համազգեստով։ Նախկին զինյալները ամերիկյան M4 գրոհային ինքնաձիգներ էին կրում։
Շքերթը, ըստ պաշտոնական մեկնաբանության, նվիրված էր 250 նոր զինվորներին, որոնք օրերս ավարտել են ռազմական պատրաստությունը։ Ըստ մամուլի, սակայն, այն ավելի շատ կոչված էր ցուցադրելու Թալիբանի՝ ապստամբական ուժից կանոնավոր բանակի փոխակերպումը։
Սրընթաց այս փոփոխություններին զուգահեռ Աֆղանստանը տնտեսական սուր ճգնաժամ է ապրում․ հումանիտար գործակալությունների տվյալներով՝ ձմռանը երկրում կարող է սով սկսվել։
Աֆղանստանի տնտեսությունը, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, մոտ է լիակատար կոլապսի․ Թալիբների իշխանության գալուց հետո կասեցվել են միջազգային աջակցության և վարկավորման ծրագրերը, դրսից փող գրեթե չի գալիս (միջազգային օգնությունները, ըստ Միջազգային բանկի, կազմում են Աֆղանստանի ՀՆԱ շուրջ 40 տոկոսը): Սրան է գումարվել քովիդ-համավարակը և սուր երաշտը, որը ոչնչացրել է ցանքի մեծ մասը։
«Բնակչության 95 տոկոսը չունի բավարար սնունդ։ Ձմռանը մոտ 23 միլիոն մարդու սով է սպառնում», – ասել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դևիդ Բիզլին։
Շքերին ցուցադրված ռազմական տեխնիկայի մեծ մասը նախորդ կառավարության օրոք պատկանում էր Աֆղանստանի բանակին, մյուս մասը՝ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորախմբին։ Թալիբները երկիրը գրավում էին ամերիկյան բանակի տարհանմանը զուգահեռ․ Աֆղանստանի կառավարության փախուստից հետո ամերիկացի զինվորականները ստիպված էին հապճեպորեն լքել երկիրը, որը դե ֆակտո արդեն կառավարվում էր թալիբների կողմից։ Զինամթերի մի զգալի մասը նրանք տարհանել չեն հասցրել կամ չեն կարողացել։
Խոսքը տասնյակ միլիարդների հասնող սպառազինության մասին է։
Պաշտոնական Վաշինգտոնի տվյալներով՝ 2002 թվականից ԱՄՆ Կոնգրեսը շուրջ 144․4 միլիարդ դոլար է հատկացրել Աֆղանստանին, որից 88․3 միլիարդը՝ Աֆղանստանի բանակին (սպառազինություն, սպասարկում, ռազմական կրություն): Աֆղանական բանակի սպառազինության մի մասը դուրս է հանվել հարևան երկրներ, ուր փախչում էին նախորդ բանակի ներկայացուցիչները։ Մնացածին տիրացել է Թալիբանը։
Թալիբների կառավարությունն այժմ խոստանում է, որ նախորդ բանակի ռազմական մասնագետները՝ օդաչուները, ինժեներները և այլն, աստիճանաբար կներգրավվեն նոր զինված ուժեր։ Ռազմական փորձաֆետները համոզված են, որ, օրինակ, ավիացիա պահելու ներուժ (մասնագետներ, պահեստամասեր, սարքավորումներ) թալիբները չունեն։
Թալիբների չճանաչված կառավարությունը առաջին անգամը չէ, որ ռազմական շքերթներ է անում։ Ավարի սպոնտան ցուցադրություններից բացի՝ կազմակերպված «շքերթ» է իրականացվել նաև նոյեմբերի 8-ին՝ Կանդագարում։