Երկար քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությունը որոշել է ընթացակարգերի պարզեցման միջոցով բեռնաթափել մաքսային կետերը հավելյալ արգելափակոցներից։ Նաև արտահանողների և ներմուծողների ռեյտինգավորում է սպասվում՝ իրենց վարքագծի, այդ թվում՝ վարկային վարքագծի համաձայն։
«Մաքսային կարգավորման մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցի քննարկմանը զեկուցողը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ տվյալ օրենքների նախագծերի փաթեթով պետսահմանում օպտիմալացվում է տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը և իրապես ներդրվում «մեկ պատուհանի» սկզբունքը (ազատ տնտեսական գոտում պարզեցված սկզբունքը)․
«Այս պահին 5 մարմին է ներկայացված պետական սահմանում՝ ԱԱԾ Սահմանապահ զորքեր, Մաքսային ծառայություն, ՍԱՏՄ, ոստիկանություն և տրանսպորտային գործառույթի մասով նաև նախատեսվել էր այլ տեսչական մարմնի ներկայությունը»։
Ըստ նրա՝ փոփոխություններից հետո սահմանային կետում կմնան Մաքսայինն ու ԱԱԾ Սահմանապահ զորքերը, որոնք սահմանային կետում հսկողությունը կիրականացնեն պետական մարմինների գործառույթների վերաբաշխումով։
«Մասնավորապես, մաքսային մարմինը կիրականացնի, բնականաբար, մաքսային գործառույթները և ՍԱՏՄ մասով՝ փաստաթղթային հսկողությունը, իսկ մնացած հսկողության դեպքում ՍԱՏՄ կողմից այդ հսկողությունը կիրականացվի արդեն ՀՀ պետական սահմանից ներս։
Բնականաբար, մյուս պետական մարմինների գործառույթները կրկին վերաբաշխվում են այս երկու պետական մարմինների միջև»։
Ո՞րն է այս ամենի նպատակը։ Բադասյանի խոսքով՝ սա արվում է, որպեսզի մեկ անձը փաստաթղթերի մեկ փաթեթը հանձնի մեկ պետական մարմնի և ստիպված չլինի պետական սահմանի անցակետն անցնելիս մոտենալ տարբեր պատուհաններին, նույն փաստաթղթերի փաթեթը կրկնակի հսկողության չենթարկվի․ դա կարող է իրականացվել մեկ մարմնի կողմից։
Նիստի օրակարգում երկու չզեկուցվող հարց է ընդունվել՝ կապված նախնական հայտարարագրման դեպքում մաքսատուրքի հետաձգման և ավտոմատացված բացթողման հետ։
«Թե՛ զեկուցվող, թե՛ չզեկուցվող հարցերի նպատակը հետևյալն է․ որպեսզի սահմանային կետի հատումը տնտեսվարողի կողմից իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում», – հավելել է ՊԵԿ նախագահը։
Ի՞նչ է փոխել նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը
Սահմանային կետ հասնելուն պես տնտեսվարողը սահմանային կետը հատում էր մի քանի ժամվա ընթացքում, որից հետո տարանցման հայտարարագրով հասնում տերմինալ, որտեղ և իրականացվում էին հետագա բոլոր գործողությունները։ Այսինքն՝ ներմուծման՝ ապրանքների բացթողման գործընթացը միջինում երկուսից երեք օր էր տևում։
«Հիմա մենք ունենք արդեն 13 սուբյեկտ, ովքեր օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից, և ունենք աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը։ Արդյունքում, 20 դեպքով արդեն գործընթացը տևում է 2-ից 3 ժամ՝ 2-3 օրվա փոխարեն։
Ռեկորդային ժամաքանակը բացթողման դեպքում կազմել է 32 րոպե։
Հիմա աշխատանքներ են տարվում այս համակարգը հնարավորինս լայնորեն կիրառելու ուղղությամբ, և երբ որ նաև զեկուցվող նախագծերի փաթեթը կմտնի ուժի մեջ՝ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո, և կունենանք էտալոնային մոդելով աշխատող սահմանային կետ, այս 2-3 ժամը կամ 32 րոպեն կրկին կկրճատվեն մի քանի անգամ», – տեղեկացրել է Բադասյանը։
Տերմինալներում հիշատակված 20 դեպքերի բերումով մի քանի օրվա ընթացքում ծախսերը կարող էին միջինում կազմել 25 հազարից մինչև 200 հազար դրամ, իսկ հիմա «2-3 ժամվա ընթացքում սահմանային կետից ապրանքը բաց է թողնվում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, շեշտեց, որ չնայած Հայաստանը արտահանումների և ներմուծումների մասով ազատ երկիր է, սակայն դա ամբողջ պատմությունը չէ․ «Որովհետև, մաքսային ընթացակարգերն ուսումնասիրելուց հետո տեսնում ենք, որ հատկապես օրինապահ ներմուծողների և արտահանողների համար կան բազմաթիվ խոչընդոտներ և բարդություններ։
Միևնույն ժամանակ մենք վերջին տարիներին էլ ականատես ենք լինում դեպքերի, երբ մաքսակետով բեռները կամ բեռնատարները անցնում են այնպես, կարծես, Հանրապետության Հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա, այսինքն՝ սահմանային հատման մաքսանենգ մեխանիզմներ են գործում, ինչի կապակցությամբ մի քանի քրեական գործ ունենք հարուցված։
Մեր մոտեցումը հետևյալն է, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորինս թեթևացնենք ընթացակարգերը օրինապահ, պարտաճանաչ արտահանողների և ներմուծողների համար»։
Արտահանողներին և ներմուծողներին ռեյտինգավորելը վարչապետն այսպես բացատրեց․ «Եթե մենք տեսնում ենք, որ մարդը, ընկերությունը պարտաճանաչ տուրքեր, հարկեր վճարող է, մենք ընդհանրապես կարող ենք նրանց համար կանաչ գոտիներ ստեղծել, որ իրենք գան, րոպեների ընթացքում, վայրկյանների ընթացքում անցնեն։
Եվ ընդհանրապես, հսկողական քաղաքականությունն իրականացնել ռիսկերի գնահատման վրա, այսինքն՝ եթե կա տարօրինակ պահվածք, գնալ այդ տարօրինակ պահվածքի հետևից և ոչ թե բոլորին անընդհատ ստուգենք, վերստուգենք»։