Եվրոն շարունակում է արժեզրկվել․ վերջին 20 տարիների մեջ առաջաին անգամ միջազգային շուկայում այն դոլարից էժան արժի։
Հուլիսի 13-ին եվրոն անկում ապրեց դոլարի հետ պարիտետի (համահավասարություն) համեմատ, այսինքն՝ արժեզրկվեց դոլարի նկատմամբ․ 1 եվրոն արժեր արդեն 0,9998 դոլար։ Պարիտետը հաստատվել էր նախօրեին՝ հուլիսի 12-ին՝ կրկին առաջին անգամ վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Դոլարի և եվրոյի փոխարժեքները հավասար են եղել մեկ էլ 2002 թվականին, երբ եվրոն մտավ կանխիկ շրջանառության մեջ։ Թողարկումից մինչև մեր օրեր եվրոպական արժույթը, անկախ փոխարժեքի տատանումներից, ստաբիլ ավելի թանկ արժեր, քան ամերիկյան դոլարը։
Արժեզրկումը մի քանի պատճառ (և բազմաթիվ հետևանքներ) ունի։ Meduza-ն առանձնացնում է դրանցից մի քանիսը՝ ուկրաինական պատերազմը, գլոբալ էներգետիկ ճգնաժամը և կենտրոնական բանկերի քաղաքականությունների տարբերությունը։
Էներգետիկ ճգնաժամ
Եվրոպան (առավելապես, իհարկե, Գերմանիան՝ եվրոպական տնտեսության առաջատարը) կախված է ռուսական էներգակիրներից․ ԵՄ ներմուծվող գազի 45 տոկոսն ապահովում է հենց Ռուսաստանը։ Գազի գների թանկացման և մատակարարումների կրճատման ֆոնին փորձագետները զգուշացնում են ռեցեսիայի հավանականության, այսինքն՝ եվրոպական տնտեսության անկնման մասին։
Նախօրեին Գերմանիան հաստատել է, որ օգոստոսի 1-ից հրաժարվելու է ռուսական ածուխից, իսկ դեկտեմբերի 31-ից՝ նաև ռուսական նավթից։ Որոշումը նախատեսված էր ԵՄ-ի կողմից ապրիլի սկզբին սահմանված պատժամիջոցներով, ըստ որոնց՝ ռուսական ածուխի ներմուծումն օգոստոսի 10-ից ամբողջությամբ արգելվում է։ Մայիսին համաձայնեցված փաթեթի համաձայն, ռուսական գազի նկատամամբ սահմանված մասնակի էմբարգոն ուժի մեջ է մնում տարվա վերջին։ ԵՄ երկների մի մասը շարունակելու են ռուսական նավթի ներմուծումը, Գերմանիան՝ ոչ։
Դաշնային գործակալության (Bundesnetzagentur, BNetzA) ղեկավարը հաստատել է՝ «բոլորովին իրատեսական է», որ սպառողները, որոնք այժմ գազի դիմաց տարեկան 1500 եվրո են վճարում, եկող տարի ստիպված կլինեն վճարել 4500 և ավելի եվրո. «Բորսաներում գազի գները որոշ դեպքերում աճել են մոտ 7 անգամ։ Սա սպառողներին միանգամից չէ հասնում և ոչ ամբողջական ծավալով, բայց ինչ-որ պահի սրա համար պետք է լինելու վճարել»։
Այլընտրանքները կարող են լուծել էներգետիկ կոլապսի խնդիրը, բայց չեն կարող զսպել հսկայական գնաճն ու դեֆիցիտի հարցը։
Միացյալ Նահանգները, որի վրա ճգնաժամը համեմատաբար ավելի քիչ է ազդում, դեռևս կարողանում է խուսափել ռեցեսիայից․ ստեղծված պայմաններում ներդրողների համար դոլարն ավելի գրավիչ է, քան եվրոն։ դառնում է եվրոյին առավել գրավիչ այլընտրանքը։
Կարգավորման քաղաքականություն
Դոլարի նկատմամբ եվրոյի արժեզրկման պատճառներից է նաև Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) և ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կարգավորման քաղաքականությունների տարբերությունը։ Ամերիկյանն արդեն իսկ տարեկան 1․5-1․75 տոկոսով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ սա 1994-ից հետո ռեկորդային ցուցանիշ է։ Տոկոսադրույքի բարձրացումը, ինչպես հայտնի է, զսպում է բանկերի կողմից բիզնեսի վարկավորման և մեծացնում բանկերում պահվող ֆինանսական միջոցների ծավալները, ինչը օգնում է դադաղեցնել գնաճը․ այսպես է պետական կարգավորիչը պայքարում ինֆլյացիայի դեմ։
Եվրոպական ԿԲ-ն մինչև վերջ փորձում էր խուսափել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից․ վարկային ռեսուրսները հասանելիությունը բիզնեսի համար մնում էր նույն մակարդակին, նախատեսվում էր, որ դա կօգնի աշխուժացնել տնտեսությունը քովիդյան լճացումից հետո։ Բայց արդեն մոտակա նիստին՝ հուլիսի 21-ին, եվրոպական կարգավորիչը նախատեսում է բարձրացնել տոկոսադրույքը՝ զսպելու համար սրընթաց աճող գնաճն ու արժույթի անկումը։
Համեմատության համար․ 2017-ից հետո հայկական ԿԲ-ն հիմնականում նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոսից հասցնելով 4․25-ի, ինչը հսկայական, բայց հայկական տնտեսության համար ոչ վատ ցուցանիշ էր։ 2020-ի դեկտեմբերից հետո ամեն ինչ փոխվեց․ գլխավոր դրամատունը 9 անգամ բարձրացրել է տոկոսադրույքը, վերջինն անգամ՝ մարտի 15-ին՝ հասցնելով այն 9, 25 տոկոսի: Չնայած միջազգային գնաճային միջավայրի, վերաֆինանսավորման տոկոսադրույքը առաջիկայում չի փոխվի՝ խոստացել էր ՀՀ ԿԲ ղեկավարը՝ պայմանավորելով նման որոշումը Հայաստան մտնող ֆինանսական հոսքերի աճով և դրամի զգալի արժևորմամբ։
Եվրագոտում ինֆլյացիան դեռ կաճի
Դոլարն ու եվրոն միջազգային պահուստների և ֆինանսական օպերացիաների համար առանցքային արժույթներ են։ Եվրոյի արժեզրկումն այլ երկրների վրա կարող է և՛ բացասական, և՛ դրական ազդեցություններ ունենալ։ Եվրագոտում այն կհանգեցնի ինֆլյացիայի աճի, որն առանց այն էլ ռեկորդային է (8.1 տոկոս մայիսին)։
Natixis-ի՝ Եվրոպայում միկրոտնտեսական հետազոտությունների բաժնի ղեկավար Դիրք Շումերի գնահատմամբ, երբ եվրոյի կուսրսը 10 տոկոսի անկում է ապրում դոլարի նկատմամ, դա եվրագոտում հավելյալ 0․2 տոկոսային կետի գնաճ է ապահովում եկող տարվա համար։
Որոշ փորձագետների կարծիքով՝ եթե Ռուսաստանը կրճատի դեպի Եվրոպա գազի մատակարարումները, եվրոյի փոխարժեքը կարող է ընկել ընդհուպ մինչև 0․90 դոլարի։