Նիդերլանդների Հարլեմ քաղաքի իշխանությունները ընդունել են հասարակական բոլոր վայրերում մսամթերքի գովազդը արգելելու մասին որոշում։ Նման արգելք աշխարհում առաջին անգամ է ընդունվում։
Տեղի «կանաչները» համարում են, որ մսամթերքի գովազդի դեմ պայքարը կարող է օգնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում։ Արգելքը ուժի մեջ է մտնելու 2024 թվականից։
Որոշումը կայացվել է ելնելով այն դատողությունից, որ արդյունաբերական մասշտաբների անասնաբուծության պատճառով զգալի չափով ջերմոցային գազեր են արտանետվում (օրինակ՝ մեթան)։ ՄԱԿ-ի մասնագետների հաշվարկներով, գերբազմացված նախիրները աշխարհում ջերմոցային գազերի 14%-ի պատճառն են, ընդ որում դրանց հիմնական աղբյուրը կովերն են։
Նիդերլանդների մյուս քաղաքներից Ամստերդամը, Հաագան և Լեյդենը նույնպես պայքարում են կլիմայի փոփոխությունների դեմ գովազդներ արգելելով, օրինակ՝ ավիաչվերթների, ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների և վառելիքի հանքարդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների գովազդները։
Մսամթերքի գովազդն արգելող նախագիծը Հարլեմի քաղաքային խորհրդում առաջ է քաշել GroenLinks կանաչ ձախական կուսակցությունը։ Քաղաքային խորհրդում նրանց ներկայացուցիչը տեղի Trouw օրաթերթին ասել է․ «Միսը նույնպես ահռելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Չի կարելի մարդկանց բացատրել, որ մեզ մոտ կլիմայական ճգնաժամ է, միաժամանակ՝ կոչ անելով գնել ապրանքներ, որոնք այդ ճգնաժամի պատճառներից են»։
Մսի արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունները դժգոհ են ընդունված որոշումից։ Վերջերս նրանք երկրում «Նիդերլանդները մսի երկիր է» անվանումով գովազդային արշավ էին սկսել, որի նպատակն է հասարակությանը միս ուտելու կոչ անել, քանի որ դա և՛ համեղ է, և՛ արդյունավետ տնտեսության համար։ Նրանք համարում են, որ իշխանությունները «չափերն անցնում են, թելադրելով մարդկանց ինչ անել»։
Որոշումից դժգոհ է նաև Հարլեմի քաղաքային խորհրդի ընդդիմությունը․ BVNL աջ կուսակցությունը հայտարարում է, որ որոշումը արդյունաբերական ազատության անթույլատրելի սահմանափակում է, հավելելով, որ քաղաքական մոտիվներով գովազդ արգելելը գրեթե բռնատիրություն է։
Առևտրական կազմակերպությունները կարող են քաղաքային խորհրդին դատի տալ, մեղադրելով նրանց խոսքի ազատությունը խախտելու մեջ, ինչը կարող է հանգեցնել բավականին հետաքրքիր դատաքննությունների՝ նշում է Գրոնինգենյան համալսարանի իրավագիտության պրոֆեսորներ Հերման Բրյորինգը։
Վիճակագրության համաձայն, Նիդերլանդներում միս ուտում է բնակչության 95%-ը, կեսից ավելին՝ ոչ ամեն օր։