Home / Ազգային ժողով / Հայաստանցիներին ծառայեցնելու նոր ձև են մտածել․ «Հայրենյաց պաշտպան»

Հայաստանցիներին ծառայեցնելու նոր ձև են մտածել․ «Հայրենյաց պաշտպան»

Պաշտպանության նախարարությունը պարտադիր զինծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու նոր ծրագիր է առաջարկում։ Կոչվում է  «Հայրենյաց պաշտպան»։ Այն փոխարինելու է գալիս ՊՆ-ի հեղինակած նախորդ՝ «Ես եմ» ծրագրին, որը անցած 5 տարիների ընթացքում փաստացի տապալվեց։

«Հայրենյաց պաշտպան» անվանումը կրող ծրագիրը, ըստ նախարար Սուրեն Պապիկյանի, «նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի»։

Պայմանները հետևյալն են․

— վերջում՝ 5 միլիոն դրամ

Ինչպես «Ես եմ»-ի դեպքում, այնպես էլ այս պարագայում՝ պայմանագրի ժամկետը լրանալուն պես կամ առողջական խնդիրների հիմքով վաղաժամ զորացրվելու դեպքում ծրագրին մասնակցած զինծառայողները կստանան 5 միլիոն դրամի չափով միանվագ պատվովճար։

— աշխատավարձը՝ մինչև 400 հազար դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացմամբ, «Հայրենյաց պաշտպան»-ին դիմած ժամկետայինները (կես տարի ծառայելուց հետո) հնարավորություն կստանան անցնել պայմանագրային զինծառայության (5 տարի ժամկետով), այսինքն՝ կկարողնան «ծառայել և աշխատավարձ ստանալ» այնպես, ինչպես դա անում են մյուս պայմանագրայինները։

Ինչպես և մյուս պայմանագրայինները, նրանք «կմտնեն ատեստավորման հիմա գործարկվող կանոնի մեջ, այսինքն՝ մինչև ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրույթներով, իսկ ատեստավորումից հետո՝ արդեն կրկնապատկված դրույթներով»։

Թե ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը՝ վարչապետը չի մանրամասնում։ Նախագծի հիմնավորման մեջ որպես առավելագույն ամսական աշխատավարձ հիշատակվում է 400 հազար դրամը, նվազագույն աշխատավարձի չափը, սակայն, չի նշվում։

ՊՆ-ի նոր մոտեցման համաձայն, ժամկետային այս պայմանագրայինների աշխատավարձային ֆոնդը (դրա առնվազն մի մասը) կգոյանա վաղաժամ զորացրված զինծառայողների վճարներից։

Աղքատները կծառայեն 5 տարի, հարուստները՝ 4․5 ամիս

«Հայրենյաց պաշտպանի» ներդրմանը զուգահեռ պաշտպանության նախարարությունը ևս մեկ համակարգ է առաջարկում, որը ներկայացնում է որպես «շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն ինստիտուտ»։

տե՛ս ՊՆ-ն առաջարկում է 60 000 դոլարով վաղաժամկետ ազատվել բանակից

Ըստ էության, սա բանակից օրինական ազատվելու մի հնարավորություն է, որը հասանելի է բացառապես հարուստների համար։

ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայության ուսումնական փուլը (~4.5 ամիս) լրանալուց հետո՝ պետբյուջե 24 մլն դրամ (մոտավորապես 60 հազար դոլար) վճարելու պայմանով, պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն ներդնել:

Հիմնավորումը մոտավորապես հետևյալն է՝ հարուստների վճարած այս գումարի շնորհիվ պետությունը կկարողանա ամսական մինչև 400 հազար դրամ աշխատավարձ վճարել աղքատներին, որոնք՝ դիմելով «Հայրենյաց պաշտպան» ծրագրին, կհամաձայնեն 2 տարի պարտադիր զինծառայությունը փոխարինել 5 տարի պայմանագրային ծառայությամբ։ 

տե՛ս Աղքատությունը չնկատող ՊՆ-ի նախագիծը պետք է հանվի

Փոշմանել չկա

Եթե ժամկետայինը դիմում է «Հայրենյաց պաշտպան» ծրագրին և անցնում (վճարովի) պայմանագրային ծառայության, ընթացքում՝ որոշում հրաժարվել դրանից, ապա ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվում, և զինվորականը շարունակում է պարտադիր ծառայության չծառայած մասը։

Ի՞նչ է սա նշանակում։ Օրինակ, եթե կես տարի ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը դիմում է «Հայերյաց պաշտապան» ծրագրին, պայմանագիր ստորագրել և այդ նոր կարգավիճակով ծառայում ևս 2 տարի, հետո՝ փոշմանում և հրաժարվում ծրագրից, համարվում է, որ նա պարտադիր զինծառայության իր ժամկետը չի լրացրել և պարտավոր է ևս 1․5 տարի ծառայել՝ արդեն անվճար և որպես սովորական, պարտադիր ժամկետային զինծառայող։

Կառավարությունը համաձայն է, ԱԺ-ն դեռ կքննարկի

Այսօրվա նիստին Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին և ուղարկել այն խորհրդարան՝ դրա քննարկումը համարելով անհետաձգելի։ 

«Պատիվ ունեմ»-ը կմնա, «Ես եմ»-ը կավարտվի

«Հայրենյաց պաշտպանը» կփոխարինի «Ես եմ»՝ պաշտպանության նախարարության նախորդ համանման ծրագրին։ 

Սերժ Սարգսյանի օրոք՝ «ազգ-բանակ» հայտնի հայեցակարգի շրջանակներում, այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկու ծրագիր էր առաջարկել։ 

Առաջինը կոչվում էր «Պատիվ ունեմ» և զուգորդվում էր տարկետման իրավունքի փաստացի վերացման հետ։ «Պատիվ ունեմ»-ի տակ ստորագրած երիտասարդները տարկետում էին ստանում՝ բակալավրիատը ավարտելուց հետո պարտավորվելով ծառայել 2-ի փոխարեն 3 տարի։ Մյուսները բանակ էին գնում համալսարան ընդունվելուց անմիջապես հետո կամ նախքան ընդունվելը։

Երկրորդ ծրագիրը կոչվում էր «Ես եմ» և առաջարկում էր ժամկետային-պայմանագրային ծառայության տարօրինակ մի մոդել։ Ծրագրի մասնակիցները 2-ի փոխարեն ծառայում էին 3 տարի՝ 1+1+2 ձևափաչով (ամիսը 1 շաբաթ՝ տանը, 1 շաբաթ՝ զորամասում, 2 շաբաթ՝ առաջնագծում): ՊՆ-ն երկարաձգված այս ծառայության դիմաց նրանց առաջարկում էր ամսական 35-ից 45 հազար «դրամական բավարարում», իսկ եռամյա ծառայությունն ավարտելուց հետո՝ 5 միլիոն դրամի չափով պատվովճար։

Ծրագրի ներդրումից շուրջ 5 տարի անց պաշտանության նախարարությունը խոստովանում է՝ «համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակը չբավարարեց, աստիճանաբար նվազեց, իսկ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում»։ «Հայրենյաց պաշտպանի» ներդմամբ դրա գործունեությունը կդադարեցվի։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ»-ին, ՊՆ Սուրեն Պապիկյանը չի բացառում, որ հետագայում այն ևս կվերանայվի. «Համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, պարոն վարչապետ, որ կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու հետ կապված։ Բազմաթիվ խնդիրներ, որոնք նաև մեր իրավապահ գործընկերների ուշադրության կենտրոնում պիտի լինեն: Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռևս չենք համարում»:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս կառավարությունը մասնակիորեն «վերականգնել է» տարկետման իրավունքը․ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ֆակուլտետների որոշ ուսանողներ այսուհետ տարկետման հնարավորություն կստանան, իսկ հումանիտարները՝ ոչ։

տե՛ս Տարկետումը հումանիտարների համար չէ