«Շենգավիթ» բժշկական կենտրոնում վերջերս կատարվել են խխունջի իմպլանտի (կոխլեար իմպլանտ) երկու վիրահատություններ, որոնց արդյունքում, ըստ Առողջապահության նախարարության հայտարարության, լսողության խնդիրներով տառապող ևս երկու անձինք այժմ կկարողանան լսել՝ առանց ավելորդ լարվելու կամ դիմացինի շարժումներին հետևելու։
Հայաստանում խխունջի (ներքին ականջի լսողական ֆունկցիան իրականացնող օրգան) իմպլանտացիայի վիրահատությունները կատարվում են 2004 թվականից՝ երբ մեկնարկվել էր UCLA համալսարանի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագիրը։ Առաջին վիրահատությունները կատարվել են «Էրեբունի» կլինիկայում։
Վերջին չորս տարիներին Հայաստանում պետական աջակցությամբ կատարվել է 1-4,5 տարեկան 51 երեխաների խխունջի իմպլանտացիայի վիրահատություն։ Պետությունը փոխհատուցել է վիրահատության և մեկ տարվա վերականգնողական բուժման ծախսերը:
Նախարարության հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում գործում են լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաների սքրինինգային ծրագրեր, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն։ Այս ծրագրերը թույլ են տալիս լսողական խնդիրները վաղ հայտնաբերելու շնորհիվ ավելի արդյունավետ բուժում կազմակերպել։
կատարված վիրահատությունների մասին
Խխունջի իմպլանտը լսողությունը բարելավող էլեկտրական սարքավորում է, որը բաղկացած է արտաքին և ներքին սարքավորումներից։ Իմպլանտի արտաքին մասում ձայնի պրոցեսորն է և գլխի վրա տեղադրվող սարքը (headpiece), իսկ ներքինում՝ մաշկի տակ տեղադրվող հատվածը և խխունջի մեջ տեղադրվող էլեկտրոդների խումբը։
Իմպլանտը տեղադրում են նրանց, ում այլևս չեն օգնում լսողական սարքերը, օրինակ՝ ներքին ականջի վնասման պատճառով։
Ի տարբերություն լսողական սարքերի, որոնք ուժեղացնում են ձայնային ալիքը, կոխլեար իմպլանտները թույլ են տալիս ձայնային ազդակը փոխանցել լսողական նյարդին՝ շրջանցելով ականջի վնասված հատվածները։
Կոխլեար իմպլանտի վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման տակ։ Վիրաբույժը ականջի ետևում փոքր կտրվածք է անում, որտեղ՝ մաշկի տակ անցկացվում է իմպլանտի ներքին մասը, իսկ էլեկտրոդները անցկացվում են ներքին ականջ` խխունջի մեջ։
Դրանից հետո ստուգում են սարքի աշխատանքը և կտրվածքը կարում լուծվող կարերով, որոնց վիրահատությունից հետո հեռացնելու անհրաժեշտություն չկա։ Ամեն ականջի վիրահատությունը տևում է մոտ 2-3 ժամ:
Հաջողված վիրահատութունից մոտ 3-4 շաբաթ անց իմպլանտին կցվում է ձայնային պրոցեսորը՝ որը տեղադրվում է ականջի ետևում և սարքն ակտիվացվում է։
Ակտիվացված սարքի պրոցեսորը ընկալում է արտաքին աշխարհից եկաղ ձայնային ազդակները, ուղարկելով դրանք մաշկի տակ տեղադրված հատվածին, որը ընկալում է ազդակները և փոխանցում դրանք խխունջի միջի էլեկտրոդների խմբին։ Էլեկտրոդները գրգռում են լսողական նյարդը՝ փոխանցելով ազդակներն ուղեղին, որը վերլուծում է դրանք որպես ձայն։
Այնուամենայնիվ իմպլանտացիայից հետո մինչև տեսանելի արդյունքները որոշակի ժամանակ և աշխատանք է պահանջվում․ ըստ Mayo Clinic-ի, մարդկանց մեծամասնության մոտ այդ ժամանակահատվածը կազմում է 3-6 ամիս։