Home / Դատարան / Նոբելյան մրցանակակրին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման 

Նոբելյան մրցանակակրին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման 

Մինսկի դատարանը Խաղաղության նոբելյան մրցանակակիր և «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ալես Բելյացկիին 10 տարվա ազատազրկման է դատապարտել խիստ ռեժիմի գաղութում։ 

Ազատազրկման են դատապարտել նաև «Վեսնա»-ի նրա գործընկերներ Վալենտին Ստեֆանովիչին՝ 9 տարով, Վլադիմիր Լաբկովիչին՝ 7 տարով և Դմիտրի Սոլովյովին՝ 8 տարով, գրում է «Ազատության» բելառուսական ծառայությունը։ 

Նրանց բոլորին մեղավոր են ճանաչել կանխիկ գումարի մաքսանենգության և 2020 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ցույցերը ֆինանսավորելու մեջ։ «Ֆինանսավորում» է համարվել մասնավորապես տուգանքների, փաստաբանների աշխատանքի վճարումը, ինչպես նաև ցույցերի ժամանակ ձերբակալված և մեկուսարաններում գտնվող անձնանց ապահովումը սնունդով։

Բելյացկին, Ստեֆանովիչը և Լաբկովիչը ձերբակալվել են 2021 թվականի հունիսին․ սկզբում նրանց մեղադրում էին իբրև հարկերը վճարելուց խուսափելու մեջ, այնուհետև այդ գործը դադարեցվեց, և ձերբակալված իրավապաշտպաններին նոր մեղադրանք առաջադրեցին։ 

Այս անգամ իշխանությունները պնդեցին, որ 2016-ից 2021-ի ընթացքում իրավապաշտպանները Լիտվայից Բելառուս են փոխադրել առնվազն 201 հազար եվրո ու 54 հազար դոլար և ֆինանսավորել Բելառուսի 2020-2021 թվականների ցույցերը։ 

Իրավապաշտպանները մեղադրանքները չեն ընդունել և հայտարարել են, որ իրենց հետապնդումը քաղաքական բնույթ ունի։

Ալես Բելյացկին Նոբելյան խաղաղության մրցանակի է արժանացել անցյալ տարի՝ ձերբակալման մեջ գտնվելու ընթացքում։ Նրա հետ միասին մրցանակակիր էին դարձել ռուսական «Մեմորիալ» և ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունները։ 

Բելյացկիի փոխարեն մրցանակը ստացել է նրա կինը, ով Օսլոյում տեղի ունեցած իր ելույթում ասել է․ «Բանտում միայն Ալեսը չի, որ նստած է՝ այնտեղ հազարավոր բելառուսներ են, տասնյակ հազարավոր բռնաճնշվածներ, որոնց նստեցրել են քաղաքական դիրքորոշման համար։ Հարյուր հազարավորներ ստիպված են փախչել երկրից միայն այն պատճառով, որ ուզում են ժողովրդավարական պետությունում ապրել։ Բելառուսում, ցավոք, տարիներով պատերազմ է գնում սեփական ժողովրդի, լեզվի, պատմության և ժողովրդավարական արժեքների դեմ»։

«Վեսնան» բելառուսական խոշորագույն իրավապաշտպան կազմակերպություն է, որը զբաղվում է 2020-ին երկրի նախագահական ընտրություններին և դրանց հաջորդող լայնածաված ցույցերի ժամանակ ուժայինների կողմից կատարված իրավախախտումները փաստագրելով, ինչպես նաև ձերբակալված և խոշտանգված ցուցարարներին օգնություն տրամադրելով։ Կազմակերպությունը հետևում է Բելառուսում մինչև այսօր շարունակվող քաղաքական գործընթացներին, որոնք այս կամ այն կերպ առընչվում են 2020 թվականի հետ։

«Վեսնայի» հիմնադիր Ալես Բելյացկին Բելառուսում իր հասարակական և իրավապաշտպանական գործունեության տարիների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 20 անգամ։ 2011 թվականին Բելյացկիին դատապարտել էին խիստ ռեժիմի գաղութում 4․5 տարվա ազատազրկման՝ հարկերը վճարելուց խուսափելու մեղադրանքով։ 2011-ի սեպտեմբերի 5-ին Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց ակցիա էր անցակցվել՝ ի աջակցություն բանտարկված իրավապաշտպանի։