Իմ աչքերը բաց են
DOXA-ի լրագրող Ալլա Գուտնիկովայի վերջին խոսքը դատարանում (հրապարակվում է հեղինակի խնդրանքով)
թարգմանությունը՝ Դան Դոլյանի
– Ես չեմ խոսելու դատական գործի, խուզարկության, հարցաքննման, հատորների և դատերի մասին։ Դա ձանձրալի է և անիմաստ։ Վերջերս ես գնում եմ հոգնածության և վրդովմունքի դպրոց։ Բայց դեռ մինչև կալանավորումը ես հասցրեցի գրանցվել իրականից կարևոր բաների մասին խոսելու դպրոց1։
Ես կուզեի խոսել փիլիսոփայության և գրականության մասին։ Բենիամինի, Դերիդայի, Կաֆկայի, Արենդտի, Զոնթագի, Բարտի, Ֆուկոյի, Ագամբենի մասին, Օդրի Լորդի և Բելլա Հուքսի մասին։ Տիմոֆեյեվայի, Տլոստանովայի և Ռախմանինովայի մասին։
Ես կուզեի խոսել պոեզիայի մասին։ Դրա մասին, թե ինչպես կարդալ ժամանակակից պոեզիան2։ Գրոնասի, Դաշեվսկու և Բռոդսկու մասին։
Բայց հիմա ժամանակը և տեղը չէ։ Ես կթաքցնեմ իմ փոքր քնքուշ խոսքերը լեզվիս ծայրին, կոկորդիս խորքում, փորիս և սրտիս միջև3։ Եվ կասեմ միայն մի փոքր։
Ես հաճախ զգում եմ ինձ ձկնիկ, թռչնակ, դպրոցական, երեխա։ Բայց վերջերս զարմանքով իմացա, որ Բրոդսկուն էլ են դատել 23 տարեկանում։ Եվ, քանի որ, ինձ էլ են դասել մարդ տեսակին4, ես կասեմ այսպես․
Կաբալայում կա մի հասկացություն տիկուն օլամ՝ աշխարհի ուղղում։ Ես տեսնում եմ, որ աշխարհը կատարյալ չէ։ Ես հավատում եմ, որ, ինչպես գրում էր Իեգուդա Ամիխայը՝ աշխարհը ստեղծված էր գեղեցիկ, դրա համար, որ լինի լավ, և հանդարտության համար, ինչպես նստարանը այգում (նստարանը այգում, այլ ոչ թե նստարանը դատարանում)։ Ես հավատում եմ, որ աշխարհը ստեղծված է քնքշության, հույսի, սիրո, համերաշխության, կրքերի, երջանկության համար։
Բայց աշխարհում սարսափելի, անտանելի շատ է բռնությունը։ Իսկ ես չեմ ուզում բռնություն։ Ոչ մի ձևով։ Ոչ դպրոցական աղջկա ներքնազգեստում ուսուցչի ձեռքերի և ոչ էլ կնոջ և երեխաների մարմինների վրա հարբած հոր բռունցքների ձևով։ Եթե ես որոշեի թվարկել ամբողջ բռնությունը, որը կա շրջակայում, ինձ չէր հերիքի ոչ օր, ոչ շաբաթ, ոչ տարի։ Որպեսզի տեսնել բռնությունը շրջակայում հերիք է միայն բացել աչքերը։ Իմ աչքերը բաց են։ Ես տեսնում եմ բռնություն, և ես չեմ ուզում բռնություն։ Ինչքան ավելի մեծ է բռնությունը, այնքան ավելի քիչ եմ ես այն ուզում։ Եվ ամենից շատը ես չեմ ուզում ամենամեծ և անենավախենալի բռնությունը։
Ես շատ եմ սիրում սովորել։ Այստեղից ես խոսելու եմ ուրիշների ձայներով։
——————–
1Հղում Եկատերինա Սոկոլովայի բանաստեղծությանը։
2Հղում Գրիգրի Դաշեվսկու 2012 թվականի հոդվածին «Ինչպես կարդալ ժամանակակից պոեզիա»։
3Մեջբերում ժամանակակից ռուս բանաստեղծ Միխայիլ Գրոնասի բանաստեղծությունից։
4Հղում Իոսիֆ Բրոդսկու պատասխանին 1964 թվականի դատից, ինչպես վերծանված է Ֆրիդա Վիդգորովայի կողմից՝ «Դատավոր՝ Եվ ո՞վ է ձեզ բանաստեղծ ճանաչել։ Ո՞վ է ձեզ դասել բանաստեղծների շարքին։ Բրոդսկի՝ Ոչ ոք։ Եվ ո՞վ է ինձ դասել մարդ տեսակի շարքին։
Դպրոցում պատմության դասերին ես ուսումնասիրում էի արտահայտություններ՝ «Դուք խաչում էք ազատությունը, բայց մարդու հոգին չգիտի կապանք»5 և «Մեր և ձեր ազատության համար»6։
Ավագ դպրոցում ես կարդում էի Աննա Ախմատովայի «Ռեքվիեմը», Եվգենիա Գինզբուրգի «Կտրուկ երթուղին», Բուլատ Օկուջավայի «Լուծարված թատրոնը», Անատոլի Ռիբակովի «Արբատի զավակները»։ Օկուջավայի մոտ ամենից շատը սիրում էի բանաստեղծությունը՝
Խիղճ, ազնվություն և արժանապատվություն
Ահա այն, մեր սրբազան բանակը։
Մեկնիր նրան քո ափերը։
Նրա համար վախենալու չէ գնալ և կրակի մեջ։
Երեսը նրա բարձր է և զարմանալի։
Նվիրիր նրան քո կարճ կյանքը՝
Գուցե և չես դառնա դու հաղթող,
Բայց կմահանաս որպես մարդ։
ՄԳԻՄՈ-յում ես սովորում էի ֆրանսերեն և իմացա մի տող Էդիտ Պիաֆից՝ «Ça ne pouvait pas durer toujours»։ Եվ Մարկ Ռոբենից՝ «Ça ne peut pas durer comme ça»։
Տասնինը տարեկանում ես գնացել էի Մայդանեկ և Տրեբլինկա և իմացել ոնց յոթը լեզվով ասել «Այլևս երբեք»՝ never again, jamais plus, nie wieder, לא עוד, nigdy więcej, קיינמאל מער։
Ես ուսումնասիրում էի հրեա իմաստուններին և ամենից շատը սիրեցի երկու իմաստություն։ Ռաբի Գիլելը ասում էր՝ «Եթե ես ինձ համար չեմ, ապա ով է ինձ համար։ Եթե ես միայն ինձ համար եմ, ապա ինչի՞ համար եմ ես։ Եթե ոչ հինա, ապա ե՞րբ»։ Իսկ Ռաբի Նախմանը ասում էր՝ «Ամբողջ աշխարհը նեղ կամուրջ է, և կարևորը ընդհանրապես չվախենալն է»։
Հետո ես ընդունվեցի մշակութաբանության դպրոց և սովորեցի ևս մի քանի կարևոր դաս։ Առաջինը՝ բառերը ունեն նշանակություն։ Երկրորդը՝ պետք է անվանել բաները իրենց անուններով։ Եվ վերջապես՝ sapere aude, այսինքն՝ ունեցիր խիզախություն օգտվել սեփական խելքով։
Ծիծաղելի և անհեթեթ է, որ մեր դատական գործը կապված է դպրոցականների հետ։ Ես երեխաներին անգլերենով դասավանդում էի հումանիտար գիտություններ, աշխատում էի դայակ, երազում էի «Ուսուցիչ Ռուսաստանի համար» ծրագրով գնայի փոքր քաղաք երկու տարով սերմանելու բանականը, բարին, հավերժը։ Բայց Ռուսաստանը՝ պետական մեղադրիչ Տրյակինի բերանով՝ համարում է, որ ես ներգրավել եմ անչափահասներին կյանքի համար վտանգավոր գործողությունների մեջ։ Եթե ինձ մոտ երբևե լինեն երեխաներ (իսկ նրանք կլինեն, քանի որ, ես հիշում եմ գլխավոր պատվիրանը), ես կկախեմ իրենց պատի վրա Հուդայի կառավարիչ Պոնտեցի Պիղատոսի դիմանկարը, որպեսզի երեխաները մաքրասեր մեծանան։ Կառավարիչ Պոնտեցի Պիղատոսը կանգնած լվանում է ձեռները՝ ահա թե ինչպիսին է լինելու այդ դիմանկարը։ Այո, եթե մտածել և չլինել անտարբեր այժմ վտանգավոր է կյանքի համար, ապա ես չգիտեմ ինչ ասեմ մեղադրանքների էության մասին։ Ես լվանում եմ ձեռքերը7։
——————–
51976 թվականի, օգոստոսի 3-ին Պետրոպավլովսկի ամրոցի պատին երկու սովետական արվեստագետ՝ Յուլի Ռիբակովի և Օլեգ Վոլկովի կողմից գրված լոզունգ։
6Ավանդական լեհական կարգախոս, որը գրված էր պաստառներից մեկի վրա 1968 թվականի Չեխոսլովակիա սովետական ներխուժման դեմ Կարմիր Հրապարակում ցույցի ժամանակ։
7Այս հատվածը ձևափոխված մեջբերում է Վենեդիկտ Երոֆեյեվի «Մոսկվա-Պետուշկիից»։
Եվ հիմա ճշմարտության պահն է։ Կարդալիության ժամն է։
Եվ ես, եվ իմ ընկերները և ընկերուհիները մեզ տեղ չենք գտնում սարսափից և ցավից, բայց երբ ես իջնում եմ մետրո, ես չեմ տեսնում լացակումած դեմքեր։ Ես չեմ տեսնում լացակումած դեմքեր։
Ոչ մի հատը իմ սիրած գրքերից, ոչ մանկական և ոչ մեծահասակ, չէր սովորեցնում անտարբերություն, անսրտություն, վախկոտություն։ Ոչ մի տեղ ինձ չեն սովորեցրել նախադասություններ․
մենք փոքր մարդիկ ենք
ես պարզ մարդ եմ
ամեն-ինչ այդքան միանշանակ չէ
ոչ ոքին չի կարելի հավատալ
ես այս ամենով հետաքրքրված չեմ
ես հեռու եմ քաղաքականությունից
ինձ դա չի վերաբերվում
ինձանից ոչ մի բան կախված չէ
իրավասու օրգանները կորոշեն
ինչ ես կարող էի մենակ անել
Ընդ հակառակը, ես գիտեմ և սիրում եմ այլ բառեր։
Ջոն Դոնը Հեմինգուեյի միջոցով ասում է՝
Ոչ մի մարդ մեկուսացած, ինքն իր համար ապրող կղզի չէ։ Յուրաքանչյուր մարդ մի կտորն է Մայրցամաքի, մի մասն ամբողջ ցամաքի։ Եթե ծովը քշի֊ տանի մերձափնյա ժայռը, Եվրոպան կփոքրանա, ինչպես կփոքրանար եթե տաներ մի հրվանդան, տաներ քո ընկերների կամ քո սեփական կալվածքը։ Յուրաքանչյուր մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ մեջ ամբողջ մարդկությունն է։ Եվ դրա համար էլ երբեք մի՛ հարցրու, թե ում մահն է գուժում զանգը։ Քո՛ մահն է գուժում։
Մահմուդ Դարվիշը ասում է՝
Երբ նախաճաշ ես պատրաստում, մտածիր ուրիշների մասին
(մի մոռացիր կերակրել աղունիկներին)։
Երբ պատերազմներ ես վարում, մտածիր ուրիշների մասին
(մի մոռացիր նրանց, ով խաղաղություն է ման գալիս)։
Երբ վճարում ես ջրի հաշիվները, մտածիր ուրիշների մասին
(նրանց, ում սնում են ամպերը)։
Երբ տուն ես վերադառնում, քեզ մոտ, մտածիր ուրիշների մասին
(մի մոռացիր ճամբարներում մարդկանց մասին)։
Երբ քնում ես և հաշվում աստղեր, մտածիր ուրիշների մասին
(նրանց, ով քնելու տեղ չունի)։
Երբ քո խոսքերը արտահայտում ես մետաֆորայով, մտածիր ուրիշների մասին
(ձայնի իրավունքը կորցրածների)։
Երբ մտածում ես նրանց մասին, ով հեռու է, մտածիր քեզ մասին
(ասա՝ ահ, եթե ես լինեի ընդամենը մոմ մթության մեջ)
Գենադի Գոլովատին ասում է՝
Կույրերը չեն կարող նայել զայրույթով,
Համրերը չեն կարող գոռալ կատաղությամբ,
Անթևերը չեն կարող բռնել զենք,
Անոտքերը չեն կարող քայլել առաջ։
Բայց համրերը կարող են նայել զայրույթով,
Բայց կույրերը կարող են գոռալ կատաղությամբ,
Բայց անոտքերը կարող են բռնել զենք,
Բայց անթևերը կարող են քայլել առաջ։
Ոմանց, ես գիտեմ, վախենալու է։ Նրանք ընտրում են լռություն։
Բայց Օդրի Լորդը ասում է՝
Your silence will not protect you.
Մոսկվայի մետրոյում ասում են՝
Ուղևորներին արգելված է գտնվել գնացքում, որը գնում է փակուղի։
Իսկ պետերբուրգյան «Ակվարիումը» ավելացնում է՝
Այս գնացքը այրվում է։
Լաո Ցզին Տարկովսկու միջոցով ասում է՝
Կարևորը, որ նրանք հավատան իրենց մեջ և դառնան անօգնական ինչպես երեխան։ Քանի որ, թույլությունը մեծ է, իսկ ուժը չնչին։ Երբ մարդը ծնվում է, նա թույլ է և ճկուն, իսկ երբ մահանում՝ ինքը պինդ է և կոշտ։ Երբ ծառը աճում է, այն նուրբ է և ճկուն, իսկ երբ այն չոր է և կոպիտ՝ այն մահանում է։ Կոշտությունը և ուժը՝ մահվան ուղեկիցներն են։ Թուլությունը և ճկունությունը դրսևորում են գոյության թարմությունը։ Այդ պատճառով, այն ինչ պնդացել է չի հաղթի։
Հիշեք, որ վախը ուտում է հոգին։ Հիշեք Կաֆկայի կերպարի մասին, որը տեսավ, ինչպես բանտի բակում կախաղան են դնում, սխալմամբ մտածեց, որ այն նախատեսված է իր համար, գիշերը փախչեց իր խուցից և կախեց իրեն։
Եղեք երեխաների նման։ Մի վախեցեք հարցնել (ձեզ և ուրիշներին), թե ինչն է լավը և ինչն է վատը։ Մի վախեցեք ասել, որ թագավորը մերկ է։ Մի վախեցեք գոռալ, լաց լինել։ Կրկնեք (ձեզ և ուրիշներին)՝ 2+2=4։ Սևը՝ սև է։ Սպիտակը՝ սպիտակ։ Ես մարդ եմ, ես ուժեղ եմ և խիզախ։ Մենք ուժեղ ենք և խիզախ։
Ազատությունը պրոցես է, որի ընթացքում դուք զարգացնում էք ստրկությանը անհասանելի լինելու սովորություն։